Լրահոս
Օրվա լրահոսը

Հետադարձ պարզաբանումներ

Ապրիլ 09,1998 00:00
xaxtum

Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբը չի կարող ապացուցել իր իսկ գրանցած «խախտումները»

Ապրիլի 1-ին տպագրել էինք «Ծանր տեղամասեր, ըստ մեկ շտաբի» հրապարակումը, որում ներկայացրել էինք Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբից մեզ տրամադրած խախտումներից մի քանիսը։

Հիշեցնեմ, որ հրապարակումը ապրիլմեկյան կատակ չէր, եւ նյութը գրվել էր ամենայն լրջությամբ։ Նշված խախտումները մեզ էր տրամադրել Դեմիրճյանի շտաբի աշխատակից ոմն Ստյոպա, այն բանից հետո, երբ շտաբի մամուլի հարցերի պատասխանատու Արմեն Վալեսյանը ինձ ծանոթացրեց նրա հետ։ Հրապարակման մեջ արտահայտել էինք այն միտքը, որ, հավանաբար, Դեմիրճյանի շտաբն այնքան էլ մեծ ջանքեր չի գործադրել առավել լուրջ խախտումներ հայտնաբերելու համար, քանզի մեզ տրամադրածները հենց առաջին հայացքից որոշ կասկած էին հարուցում։ Մեզ տրամադրած խախտումների ցուցակում երկու դեպքից բացի, մնացած բոլոր դեպքերում խախտումների մասին ահազանգերն անանուն էին, գրված էր միայն մեկ բառ՝ ընտրող։

Վերջերս խմբագրություն էր զանգահարել մի կին, որը խիստ վրդովված էր, քանի որ, նրա կարծիքով, վերոհիշյալ հրապարակման մեջ նշված խախտումները չէին համապատասխանում իրականությանը։ Տիկնոջը հայտնեցինք, որ խախտումները մեզ է տրամադրել նախագահի թեկնածուի շտաբը, եւ նա կարող է իր դժգոհությունն ու ասելիքը հայտնել այնտեղ։ Տիկին Արմինե Վարդանյանը դիմել է Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբ՝ պարզելու, թե ինչո՞ւ է անարդարացի չարաշահվել իր ամուսնու՝ Խաչատուր Բախշյանի անունը։ Առաջին այցելության ժամանակ՝ ապրիլի երեքին, տիկին Վարդանյանին պատասխանել են, թե մի թղթի վրա գրված ինֆորմացիա է եղել, կճշտեն եւ տիկնոջը կպատասխանեն։ Երկրորդ այցելության ժամանակ պարոն Միրոյանը պատասխանել է, թե իրենք ոչ մի մատյան չունեն, եւ երեւի լրագրողը զանգելով է տեղեկություն վերցրել, եւ թե նա (լրագրողը) պարտավոր էր նախքան խախտումները հրապարակելը՝ տեղում պարզել իսկությունը։

Հայտնում ենք հարգարժան Միրոյանին եւ մյուսներին, որ մեր առաջին հրապարակման մեջ ամենայն մանրամասնությամբ նշել էինք ինֆորմացիայի աղբյուրը եւ հարկ ենք համարում հիշեցնել, որ նախագահական ընտրությունները չափազանց պատասխանատու քաղաքական գործընթաց են եւ ցանկացած խախտում արձանագրելիս՝ թեկնածուներից որեւէ մեկի շտաբը պարտավոր էր նախ ինքը ճշտել տեղեկատվության իսկությունը։ Չճշտված տեղեկատվություն հաղորդելը չափազանց արատավոր քայլ է, մանավանդ, երբ այդ տեղեկատվությունից բարոյապես տուժում են մարդիկ։ Ի վերջո, տիկնոջը փորձել են համոզել, որ եթե տվյալ տեղամասի վստահված անձանցից գրություն բերվի, թե նման բան չի եղել, շտաբը հերքում կտպագրի։ Սակայն սա դեռ բոլորը չէ։

Նույն հրապարակման առիթով խմբագրություն այցելեց նաեւ քաղաքացի Գեւորգ Հարությունյանը տիկնոջ հետ եւ հայտնեց, որ իրենք նույնպես դժգոհություն ունեն վերոհիշյալ, այսպես կոչված՝ խախտումների վերաբերյալ։ Եվ այդ դժգոհությամբ եղել են նախընտրական շտաբում։ Խնդիրն այն է, որ շտաբի մեզ տրամադրած «խախտումներից» մեկն էլ այն էր, որ իբրեւ թե 11/2 տեղամասում «ՎԱԶ 21-06» սպիտակ գույնի ավտոմեքենան՝ «01-09» պետհամարանիշով, շրջում էր Շենգավիթի շրջանում եւ խուլիգանությամբ էր զբաղվում։ Մեքենայի տերը՝ քաղաքացի Գ. Հարությունյանը, իր դժգոհությունն է հայտնել շտաբին՝ իր անունն անարդարացի անվանարկելու համար։ Շտաբում նրան պատասխանել են, որ իբրեւ թե ահազանգ է եղել, սակայն իրենք անուններ չեն ուզում տալ։

Այսպիսի խառնաշփոթ, որի հետեւանքով ՀՀ երկու քաղաքացի ստիպված են պայքարել իրենց վերագրված «խախտումներից» ձերբազատվելու համար։ Հաճախ մենք մոռանում ենք, որ գործ ունենք մարդու հետ, եւ կեղծ տեղեկատվությամբ կարող ենք վիրավորել նրան։ Կարծում եմ, Դեմիրճյանի շտաբն նախընտրական վազքի մեջ բոլորովին մոռացել էր Մարդու մասին։ Իսկ ամենակարեւորն այն է, որ վերոհիշյալ քաղաքացիները ընտրությունների օրերին եղել են Ռոբերտ Քոչարյանի վստահված անձինք։ Հնարավոր է, որ նրանց անունների չարաշահումը հենց այս պատճառով էր։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930