Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոկա-կոլան» ազնիվ է խաղում, բայց ամենազոր չէ

Ապրիլ 09,1998 00:00
cola

Հանրահայտ «Կոկա-կոլա» ընկերության հերթական գովազդային ձեռնարկը մեզ նոր անակնկալներ է խոստանում՝ Ֆրանսիա -98 ֆուտբոլի աշխարհի առաջնության 10 ուղեգիր, 50 հեռուստացույց, 500 ֆուտբոլի գնդակ եւ այլն։ Իրակա՞ն են արդյոք այդ շահումները։ Անձամբ ես, մի քանի անգամ առիթ եմ ունեցել հենց փողոցում շահել մեկ շիշ անվճար կոկա-կոլա եւ իսկույն էլ վաճառողի կողմից գրողի ծոցն ուղարկվել։ Ի՞նչ երաշխիք, որ նույն տեղը չեմ ուղարկվի ավելի արժեքավոր բան շահելու դեպքում։ Եվ վերջապես, ինչպիսի՞ ավարտ ունեցավ «Հեղձուցիչ ամառ -97» ձեռնարկը, կամ որեւէ մեկն իր ընկերոջ հետ ճամփորդե՞ց Արիզոնայով՝ ֆանտայի խցանի տակ հայտնաբերելով օդապարիկի բաղձալի պատկերը։

«Կոկա-կոլա Բոթլերս Արմենիա» ընկերությունում (որի դռներից պարբերաբար դուրս էին գալիս շահած գնդակները թեւերի տակ դրած երիտասարդներ) ինձ ցույց տվեցին բոլոր այն մատյանները, որտեղ գրանցվում են խոշոր շահումների (սառնարան, հեռուստացույց եւ այլն) տերերի անձնագրային տվյալները, հեռախոսահամարները եւ այն, թե ո՞ր խանութից է գնվել շահումով շիշը։ Բանն այն է, որ ընկերությունում մի քանի հոգի գիտեն, թե մոտավորապես ո՞ր շրջաններն են ուղարկվելու շահումով շշերը։ Ընկերության վաճառքի ղեկավար պրն Յորղոս Ջենջերասն իր դարակից հանեց երկու շիշ կոկա-կոլա, որոնք հեռուստացույց էին շահելու, բայց, ավաղ, չասաց, թե դրանք երբ եւ որ խանութներն են ուղարկվելու։

Ինչ վերաբերում է նախորդ գովազդային ձեռնարկներին, ապա ավտոմեքենան, օրինակ, շահել էր Ավանի բնակիչ 63-ամյա Ռազմիկ Գրիգորյանը, 50 սառնարաններից 48-ը գտել էին իրենց տերերին, եւ այլն։ Իսկ Արիզոնայով ոչ ոք այդպես էլ չէր ճամփորդել։ Ինչո՞ւ։ Ըստ պարոն Ջենջերասի, շահումներ եղել էին (երկու հոգի շահել էին), բայց ԱՄՆ դեսպանատունը նրանց այդպես էլ մուտքի արտոնագիր չէր տվել՝ պատճառաբանելով, թե նրանք մինչ այդ մի քանի անգամ ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու խնդրանքով դիմել եւ մերժվել էին։ Արդյունքում չկայացած ճամփորդները համարժեք դրամական փոխհատուցում էին ստացել, ինչը ֆիրմայի համար, փաստորեն, նյութական վնաս էր, որովհետեւ միեւնույն է՝ ֆիրման շահողների կեցության ծախսերն Արիզոնայում արդեն վճարել էր։ Վաճառքի տնօրենի խոսքերով, հենց սա է պատճառը, որ «Աշխարհի առաջնություն -98» գովազդային ձեռնարկի պաշտոնական կանոններում արձանագրված է. «Եթե գովազդողը որոշի, որ հնարավորություն չունի այս շահումը տրամադրելու, ապա նա պարտավոր է տալ մեկ այլ նվեր՝ հավասար արժեքի»։

Ի դեպ, տեղեկացնենք, որ գովազդային այս ձեռնարկները «Կոկա-կոլա» ընկերությունն իրականացնում է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի շատ երկրներում, բայց Հայաստանինը միակ դեպքն է, երբ դեսպանատունը մերժել է «վիզա» տալ։ Ըստ մարկեթինգի պատասխանատու Նարինե Բադանյանի, «նման մի դեպք էլ Ադրբեջանում է եղել»։ Այնուհանդերձ, պրն Ջենջերասը պնդում է, թե Ֆրանսիայի դեսպանատան հետ նման պրոբլեմներ չկան, քանի որ որպես կանոն, «հայերն ուզում են Ամերիկա գնալ»։ Գովազդային ձեռնարկի պաշտոնական կանոններում նշված է, թե որեւէ շահումի պահանջի իսկության վերաբերյալ վեճի դեպքում գովազդողի (ընկերության) որոշումը վերջնական է, ինչը, մեր պատկերացումներով, մեղմ ասած՝ տարօրինակ է, քանի որ ընկերությունը կարող է եւ անկողմնակալ չլինել։ Եվ, այնուամենայնիվ, ըստ պարոն Ջենջերասի, դա այդպես չէ, քանի որ նախ, բոլոր ծախսերը վճարում է ոչ թե «Կոկա-կոլա Բոթլերս Արմենիա» ընկերությունը, այլ կենտրոնական գրասենյակը, որը գտնվում է ԱՄՆ-ում, եւ երկրորդ՝ ընկերության աշխատողներն իրենք իրավունք չունեն մասնակցել խաղարկությանը։

Այսպես, մի քանի օր առաջ ընկերություն էր եկել մի կին եւ պահանջում էր անցյալ տարի շահած սառնարանը։ Ընկերությունը բոլոր իրավունքներն ուներ չտալ շահումը (դրա ներկայացման վերջին ժամկետը 1997 թ, դեկտեմբերի 31-ն էր), բայց տվեց։ Ընկերության ղեկավարների խոսքերով, իրենք միայն ուրախ կլինեն, եթե բոլոր շահումները գտնեն իրենց տերերին, քանի որ դա ֆիրմայի պատիվն է։ Ինչ վերաբերում է այն բանին, որ որոշ դեպքերում վաճառողները հրաժարվում են շահած խցանի դիմաց մեկ շիշ անվճար կոկա-կոլա տալ, ապա ֆիրմայի ղեկավարները հակված են դա բացատրել «հայկական բնավորությամբ»։

Նույն բացատրությանն արժանացավ նաեւ այն փաստը, որ անցյալ տարվա համեմատ գործարանն արտադրանքի գինը բարձրացրել է 8 դրամով, բայց փողոցներում գները բարձրացել են 20-30 դրամով։ Մենք, իհարկե, չենք կարծում, թե բանը «հայկական բնավորությունն» է։ Պարզապես «Կոկա-կոլան» Հայաստանում առայժմ մոնոպոլիստ է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930