«Մեր ժողովուրդը, կարծում եմ, առաջին անգամ իմաստավորեց իր ընտրության քաղաքական նշանակությունը։ Ժողովուրդն առաջին անգամ ընկալեց՝ ինչպիսի մեծ նշանակություն ունի իր ապագայի եւ զարգացման համար բուն ընտրության ինստիտուտը»։
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԺ նախագահ, «Ազգ», 7 ապրիլի
Խոսրով Հարությունյանը, ասում են, ընտրությունների ժամանակ դերվիշի շորերով շրջել է ժողովրդի մեջ եւ պատահածին հարց ուղղել. «Դու առաջին անգա՞մ ես իմաստավորում քո ընտրության քաղաքական նշանակությունը»։ Դրական պատասխան ստանալով՝ նա համապատասխան նշում էր անում իր բլոկնոտում, ներքուստ վրդովվելով, որ իրեն պատգամավոր ընտրելիս ժողովուրդը չէր իմաստավորում այդ ընտրության քաղաքական նշանակությունը: Նմանապես բոլորին մեկ առ մեկ Խոսրով Հարությունյանը հարցրել է. «Առաջին անգա՞մ ես ընկալում, թե ինչպիսի մեծ նշանակություն ունի քո ապագայի եւ զարգացման համար բուն ընտրության ինստիտուտը»։ Եվ Խոսրով Հարությունյանին բոլորը ասել են. «Հա՜»։ Ասել են. «Հա՜»։
ԶԳԱՑՄՈՒՆՔ ԵՎ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
«Պատահական չէր, որ այն հարցին, թե ում եք ընտրելու, մարդիկ ասում էին՝ ընտրելու եմ նրան, ում վստահում եմ։ Այսինքն, ընտրությունը ոչ թե անձնավորված եւ զգացմունքային, այլ խիստ բանական բնույթ էր կրում»։
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԺ նախագահ, «Ազգ», 7 ապրիլի
Ոչ թե անցյալ ընտրությունների նման, երբ բանականության նշույլ իսկ չկար մարդկանց մեջ, եւ ընտրությունը խիստ անձնավորված էր։ Անցյալ այդ ընտրությունների ժամանակ, եթե հիշում եք, մարդիկ վեր էին կենում եւ ընտրում նրան, ում բացարձակապես չէին վստահում։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ