Հայաստանյան շների շան կյանքը
1993-94 թթ. Վրաստանում շները կատաղեցին, այսինքն՝ բռնկվեց կատաղության համաճարակ։ Կատաղության բացիլը Հայաստան չթափանցելու դեմ պայքարի մեզ հայտնի միակ ու բավական դաժան միջոցը հատուկ ջոկատների տղաների անվարժ կրակոցներն էին. փողոցներում գիշերային ժամերին տարածվող փողոցային շների կաղկանձն ու ցավի ոռնոցները վկայում էին, որ նրանք վիրավոր են։ Իսկ առավոտյան արդեն կամ տեսնում էինք արյունաքամ ու երկու-երեք թաթի վրա ցատկոտող շներին, կամ էլ՝ մինչեւ առավոտ չէին դիմանում. հենց փողոցում էլ սատկում էին՝ ի տես բոլորի։
Նման սադիստական դրսեւորումներին վերջ տալու ու նաեւ շներից սկիզբ առնող համաճարակներից խուսափելու նպատակով «ԵրՄիք» սանիտարաանասնաբուժական ծառայությունը օրերս նամակ է ուղարկել Բրիջիտ Բարդոյին։
Շների օգուտներն ու վնասները
Կարդացեք նաև
Էխինակոկ հիվանդությունն առավել տարածված է ընտանի կենդանիների շրջանում։ Նրանց մորթելուց հետո էխինակոկոզով վարակված ներքին օրգանները նետվում են հենց շուկաների հարակից տարածքներ։ Դրանցով էլ սնվում են թափառող շները։ Բացիլները նրանց օրգանիզմում բազմանում են, իսկ արտաթորանքի հետ, որը հիմնականում հողի վրա են անում, անցնում են հողին։ Իսկ դա հողով խաղացող երեխաների համար վարակի աղբյուր է։ Թափառող շները նպաստում են նաեւ ամեն կարգի ճիճուների տարածմանն ու բազմացմանը։ Թե ինչ կլինի հետո, եթե Բրիջիտն օգնի։Նամակը, որն արդեն ուղարկվել է Բրիջիտ Բարդոյին, ոչ թե նյութական օժանդակության խնդրանք է (չնայած սկզբունքորեն դեմ էլ չեն ֆինանսական օգնության), այլ նրա փորձի ու խորհուրդների ակնկալիք։
Ըստ «ԵրՄիք»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանի՝ «Բրիջիտը երկար տարիներ զբաղվում է այս գործով։ Ու մենք նոր օրենքներ մտածելու, հեծանիվ հայտնագործելու կարիք, փաստորեն, չենք ունենա»։ Իսկ ահա թե ինչ կարվի համապատասխան իրավական դաշտ ու նյութական բազա ունենալու դեպքում, նախ՝ կհավաքվեն բոլոր թափառող շները, իսկ այն շները, որոնք տեր ունեն, կստանան անձնագրեր, նրանց տվյալները կմուտքագրվեն կոմպյուտեր։ Սա շան տերերին կպարտավորեցնի, որպեսզի ժամանակին կատարեն անհրաժեշտ սրսկումները, շներին զբոսանքի տանեն միայն սահմանված տեղեր։ Իսկ այն մարդիկ, ովքեր հետագայում իրենց շներին կվռնդեն փողոց, կենթարկվեն պատասխանատվության։
Շներին համարակալելու մեր մեթոդներն էլ սադիստական էին. ասեղներով ծակում էին նրա մարմինը, ապա թանաքով համարակալում։ Եվրոպայում ընդունված են ավելի հումանիստական մեթոդներ, որոնք կարող ենք ընդօրինակել։ Ինչ վերաբերում է անտեր շներին, ապա նրանց կենտրոնացնելու են մի տեղ։ Նախ՝ չպետք է թողնել, որ նրանք բազմանան։ Մեզ մոտ ընդունված է այդ նպատակով բացել էգերի որովայնը, այնտեղ ինչ-ինչ գործողություններ անել ու դարձյալ կարել։ Արուներին, ինչպես ասում են՝ «կրտում են»։ Բացի այն, որ այս վիրահատությունը թանկ է, նաեւ բավական ցավոտ է։ Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ընդունել է բազմացումը կանխելու շատ ավելի պարզ ու համարյա անցավ մեթոդ. կենդանիների մաշկի տակ մի փոքրիկ սարք են տեղադրում, եւ նա հինգ տարի ձագ չի ունենում (ի դեպ, այս մեթոդը կիրառվում է նաեւ մեր կենդանաբանական այգում)։
Հաջորդ քայլը կենդանիներին տեսակավորելն է։ «Պարտադիր չէ, որ փրկարար ջոկատն ունենա միայն ազնվացեղ շներ, քանի որ այդ շներն աշխատում են արտակարգ պայմաններում, հնարավոր է մի քանի օր կերակրվելու հնարավորություն չունենան։ Նման դեպքերի համար հրաշալի կարող են ծառայել նաեւ թափառող որոշ շներ։ Վերջիններս մի յուրատեսակ կյանքի դպրոց են անցել. սովոր են հոգալ իրենց մասին։ Այս նպատակով կօգտագործվեն լավ հոտառություն ունեցող շներ»,- ասում է պարոն Կարապետյանը։ Կան թափառող շներ, որոնք պիտանի են հրշեջ ծառայության համար։ Հարկավոր է սովորեցնել միայն չվախենալ կրակից ու վերջ։ Նույնը՝ նաեւ թմրանյութեր որոնելու հարցում։ Այն շները, որոնք թույլ, հիվանդ ու, ըստ էության, ոչ պիտանի դուրս կգան, կուղարկվեն լաբորատորիա՝ փորձերի, կամ էլ՝ «կքնեցվեն»։
Մենք հայ, դու՝ ֆրանսիացի, փորձի, մեզ հասկացի
Հենց 1993-94 թվականներին էլ, երբ Վրաստանում գրանցվեց կատաղության համաճարակը, նրանք դիմեցին Բրիջիտ Բարդոյին եւ ստացան անհրաժեշտ խորհուրդներ եւ օգնություն։ Երբ մեզ մոտ փողոցային շների սպանդը հասավ իր «պիկին», ու այդ լուրն էլ իր հերթին հասավ Բարդոյի ականջին, նա ինքն անձամբ դիմեց ՀՀ կառավարությանը, խնդրելով կասեցնել այդ վայրագությունը, նաեւ խոստանալով համապատասխան աջակցություն։ Բայց մենք մեզ հատուկ պաթոսով ու տաքարյունությամբ մերժեցինք նրա խնդրանքը։ Դժվար է ասել, նա այս նամակին կպատասխանի՞, թե՞ ոչ։ Կարծում եմ, հանուն մեզ, նա չի պատասխանի։ Բայց, այ, հանուն շների՝ գուցե։
Կենդանիների վարսավիրանոցները հեչ էլ ճոխություն չեն
Աշխարհի քաղաքակիրթ անկյուններում վաղուց արդեն գործում են կենդանիների հյուրանոցներ, ճաշարաններ, հարդարանքի սրահներ։ Ցավոք, այդ անկյուններից եւ ոչ մեկում չենք, ուստի մեր շներն էլ, ինչպես մենք, ստիպված են լինել հնարավորինս ժուժկալ ու սակավապետ։ Սակայն դարձյալ մեջբերելով պարոն Կարապետյանին, ասեմ, որ նման կուլտուրան պարզապես անհրաժեշտ է ներմուծել նաեւ Հայաստան։ Նրանք, ովքեր ի վիճակի կլինեն վճարել նման ծառայությունների համար՝ կվճարեն, ովքեր հնարավորություն չեն ունենա՝ կօգտվեն որոշ արտոնություններից ու զեղչերից։
Ո՛չ՝ սխալ ամուսնություններին
«Մայրաքաղաքում այսօր գործում են մի քանի ակումբներ, որոնք զբաղվում են շների ցուցահանդեսներ կազմակերպելով, շներին վարժեցնելով։ Պետական հոգածության պակասը ստիպում է այս ակումբներին աշխատել առանձին-առանձին, սեփական եկամուտների ու հովանավորների հաշվին։ Ցանկալի կլիներ, եթե նման ակումբները միավորվեին ու համատեղ ջանքերով վերահսկեին, որ այս կամ այն թանկարժեք ու հազվագյուտ տեսակի կենդանիները (մասնավորապես՝ շները) չվերանային, կամ սխալ խաչասերումների պատճառով չկորցնեին իրենց առանձնահատկությունները, թե չէ»։
Մի խոսքով, ինչպես Սերգեյ Կարապետյանն է սիրում ասել՝ մարդկանց պետք է պաշտպանել շներից, իսկ շներին՝ մարդկանցից։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ