Լրահոս
Օրվա լրահոսը

Էս նյութը ԻՄ մասին է

Ապրիլ 09,1998 00:00
Paruyr Hayrikyan

Պարույր Հայրիկյանի երեկ հրավիրած ասուլիսի նպատակը ընտրությունների վերաբերյալ ԻՄ «ընթացիկ ղեկավարության» գնահատական-եզրակացությունը ներկայացնելն էր։ Հիմնական հարցը թերեւս ամենակարեւորն այն հարցի պատասխանն էր, թե արդյոք ԻՄ-ն այս ընտրություններն «ազատ եւ արդար» կգնահատի՞։ Ներկայացված բավական ծավալուն եզրակացության մեջ այս առնչությամբ, ըստ էության, էականը հետեւյալ հատվածն էր. «Այս նախագահական ընտրությունները կարելի է առաջընթաց համարել հայկական ժողովրդավարության պատմության մեջ, սակայն այն, ցավոք, ուղեկցվեց բացասական դրսեւորումներով։

Ինչպես նշված էր տեքստում՝ «արձանագրելով մեր հաղթանակը, մենք բերկրաթմբիրի (ինչ էլ բառ են գտել։ Ի դեպ, Հայրիկյանը հետո եւս մի նման բառ ասաց՝ «աթոռակիր»- Ա. Ի.) մեջ չենք ընկնում»։ ԻՄ-ը նաեւ արձանագրել էր. «Ահազանգերը եւ խախտումների տպավորությունները շատ ավելին են, քան գործնականում առկա հայտարարությունները եւ բողոք-դիմումները։ Այնուամենայնիվ, մենք իրավունք չունենք բացառելու նաեւ ընդհանուր ահաբեկչական մթնոլորտի վերաբերյալ հավաստիացումները, որի հետեւանքով երբեմն չեն ուզում բողոքել»։

Հայտերի հարցեր

Հայտարարության մեջ առկա մի պնդում, որ «մենք հայտ չենք ներկայացրել եւ չենք ներկայացնելու գործադիր մարմնում որեւէ պաշտոն զբաղեցնելու խնդրով», քանի դեռ չի լուծվել ԱԺ-ի՝ ներկայացուցչական դարձնելու հարցը, թերեւս իմաստազրկում էր այս օրերին նորաձեւ ու հրատապ գուշակությունը, թե ինչ պաշտոն կստանա Հայրիկյանը, եւ ընդհանրապես՝ աջակիցներից որ մեկին որտեղ կտեղավորեն։ Այնուամենայնիվ, ասուլիսում նման անդրադարձներ էլ եղան։

«Լրաբերի» թղթակցի հարցին ի պատասխան, թե. «Ձեզ առաջարկվե՞լ է լինել ավագ խորհրդական՝ պետաիրավական բարեփոխումների հարցերով», Հայրիկյանը բացահայտեց, թե ընդունել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի այդ առաջարկը։ Ի դեպ, այլ հայտերի մասին. «Բայց ինչո՞ւ եք Դուք ինձ Աստված համարում եւ պահանջում, որ ես անսխալական լինեմ։ Ես այդպիսի հայտ չեմ ներկայացրել»,- մի հարցի ի պատասխան նկատեց Պարույր Հայրիկյանը։

«Առավոտի» պատվիրված հարցը

ԻՄ գրասենյակի աշխատակիցներից մեկը (այս կուսակցությունը միշտ պնդում է, թե իրենք գաղտնիությունն ուղղակի բացառում են, ուստիեւ, կարծում եմ, նորմալ կընդունեն այս բացահայտումը) գրավոր ինձ փոխանցեց մի հարց, խնդրելով այն հրապարակավ ուղղել պրն Հայրիկյանին. «Երեկ Արամ Աբրահամյանը «Մամուլի ակումբ» հաղորդաշարով ջահերով երթի մասին վատ արտահայտվեց, այն «ֆաշիստական» դրսեւորում համարեց։ Ինչո՞վ կբացատրեք նման բացասական ընկալումը»։ Քանի որ խնդիրը մեր խմբագրին էր վերաբերում՝ ինձ էլ հետաքրքրեց, թե այս առնչությամբ ի՞նչ ասելիք ունի ԻՄ նախագահը, ուստիեւ առաջին անգամ սիրով հանձն առա ուրիշի հարցը հնչեցնելու քիչ պատվավոր գործը, ճիշտ է, որոշակի վերաշարադրանքով։ Եվ այսպես, «Առավոտի» այն հարցին ի պատասխան, թե քրիստոնեավար այս կազմակերպությունն ինչո՞ւ տուրք տվեց կրակապաշտական մի դրսեւորման, կազմակերպիչը դառնալով ջահերով երթի, որն անմիջապես զուգահեռվեց ֆաշիստական Գերմանիայի տարիների հետ, Պարույր Հայրիկյանը մասնավորապես Մատթեոսի Ավետարանից մեջբերեց, ապացուցելու համար, որ «խավարի դեմ լույս վառելը հակաքրիստոնեական մոտեցում չէ»։

Պարույր Հայրիկյանն այնուամենայնիվ առանձին անդրադարձավ նաեւ «Առավոտի» խմբագրին. «Իմ կողմից հարգված եւ, կարծում եմ, ապագայում խոստումնալից՝ չնայած այժմ ՀՀՇ-ական Արամ Աբրահամյանը, բնականաբար, նշելով իր կոմունիստական դաստիարակությունը՝ պիտի ջահերով երթի մեջ տեսներ միայն ֆաշիստական վտանգ։ Մինչդեռ, եթե ունենար նաեւ ազգային դաստիարակություն (իսկ ես հուսով եմ, որ մեր օգնությամբ ինքը կստանա նաեւ ազգային դաստիարակություն)՝ կհիշեր, որ առաջին մեծ ազգային միջոցառումը եղել է ջահերով՝ ընդդեմ բոլշեւիկյան խավարի (խոսքը 1970-ին Ազգային միացյալ կուսակցության կողմից կազմակերպված երթի մասին է- Ա. Ի.)։ Ինչո՞ւ է Արամ Աբրահամյանը ՀՀՇ-ական, որովհետեւ ես քաղաքական հարցերում լավ հիշողություն ունեմ. ինքը հայտարարել է. «Երբ ՀՀՇ-ն դառնա ընդդիմություն՝ ես կդառնամ ՀՀՇ-ական»։ ՀՀՇ-ն հիմա ընդդիմություն է, ուրեմն Արամ Աբրահամյանը ՀՀՇ-ական է եւ գնահատականներ տալիս (ինչ կա որ, ինչ վատ է ՀՀՇ-ական դառնալը) նա պետք է ասի, որ ՀՀՇ-ական է դարձել եւ արդեն նո՛ր որակով պայքարի մեր կյանքի բացասական դրսեւորումների դեմ»։

«Առավոտի» սեփական հարցը

Պարույր Հայրիկյանը միշտ շատ է կարեւորել միջազգային հասարակայնության տեսակետը մեր երկրում առկա իրողությունների վերաբերյալ, հենց թեկուզ այն նկատառումով, որ բացասական գնահատականները կարող են անդրադառնալ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հարցի վրա։ Այժմ ինչպե՞ս է վերաբերվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության հայտարարություններին, որոնցից երկրորդն ու ավելի մեղմն անգամ բազմաթիվ դիտողություններ է պարունակում։ «Ինչ վերաբերում է դիտորդների կարծիքին՝ ինձ երբեք թույլ չեմ տա ասել. «Ձեր գործը չի, մեզ ժողովրդավարություն մի սովորեցրեք»։

Այսպիսի անպատասխանատու հայտարարություններ եղան, ցավոք սրտի, երկու կողմից՝ ե՛ւ նախորդ իշխանությունների հետնորդների, ե՛ւ այսօր Ռոբերտ Քոչարյանի շահերը իբրեւ թե պաշտպանող քաղաքական գործիչների կողմից։ Իր պատասխանում պրն Հայրիկյանն անտեսեց այն, որ համահունչ արտահայտություններ արել էր նաեւ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։ «Եվրոպան կարո՛ղ է մեզ ինչ-որ բան սովորեցնել ու պիտի շնորհակալություն հայտնենք։ Եթե Եվրոպայում կան ուժեր, որ քաղաքական հետին նկատառումներ ունեն՝ դա էլ պիտի բացահայտենք։ Բայց աշխարհի առողջ կարծիքին հակադրվելը մեզ լավ հանգրվանի չի հասցնի»,- այնուամենայնիվ Հայրիկյանի դիրքորոշումը միանշանակ էր. «եթե մենք նույնպես համոզվենք, որ եղած բացասական դրսեւորումները ոչ միայն որակ են կազմում, այլ նաեւ քանակ, ապա Ռոբերտ Քոչարյանին կոչ կանենք այդ սխալն ուղղել ավելի արմատական քայլերով»։ Չհստակեցրեց։ Սակայն ասված էր, որ ԻՄ ընդհանրական գնահատականն ընտրական ամբողջ գործընթացի վերաբերյալ կներկայացվի մայիսին կայանալիք համագումարում՝ հանձնաժողովներում աշխատած աիմականներից ստացված զեկուցագրերն ուսումնասիրելուց հետո։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ․Գ․ «ՀՀՇ-ականն», իհարկե, սարսափելի հայհոյանք է եւ տվյալ դեպքում նաեւ՝ սուտ, սակայն «Հայաստանի լավագույն քաղաքական գործչի» համար նման մանր վրիպումները ներելի են։ Իսկ ընդհանրապես համոզված ենք, որ ժամանակակից լրագրությունը եւ կուսակցական պատկանելությունը (կամ, նույնիսկ՝ քաղաքական նախասիրությունները) խիստ հակասող երեւույթներ են։ «Առավոտը», մասնավորապես, ԻՄ-ի, ՀՀՇ-ի, դաշնակցության, կոմունիստների եւ մնացածների հանդեպ չունի ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական վերաբերմունք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930