Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ նախաձեռնություն, թերի իրականացում

Ապրիլ 09,1998 00:00
film

Կարծիք կա, թե լրագրողներն են պատճառն այն բանի, որ որեւէ վայրում հայտնվելուն պես, ցանկացած միջոցառում վերածվում է ասուլիսի։ Այս անգամ ճիշտ հակառակն էր։ ՀՀՇ վարչության շենքում երեկ լրագրողները հրավիրված էին ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյանի նախաձեռնությամբ ղարաբաղյան շարժման տասնամյակին նվիրված ֆիլմի առաջին ներկայացմանը։ Այս ֆիլմն էլ, ճիշտ է փոքրիկ, բայց լեգենդ ունեցավ. հայտնի էր, որ ի սկզբանե ֆիլմը պետք է պատրաստեր «Նաիրի» կինոթատրոնի տնօրեն Սամվել Սարիբեկյանը, որն այդ ծանր աշխատանքը փոխանցեց «Նաիրիի» աշխատակից, ռեժիսոր Վալերի Մելքոնյանին։ Իսկ դեռեւս կես ամիս առաջ, երբ Մշակույթի նախարարությունում էի գտնվում, ականատես եղա այն բանին, որ փոխնախարար Արամ Մանուկյանն էր սկսել զբաղվել ֆիլմով։ Զբաղվել, այսինքն՝ դիտում էր (եւ որոշ դիտողություններ անում) «Հայֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական ֆիլմերի տնօրեն Արմինե Հարությունյանի կատարած աշխատանքը (մոնտաժ, տարբեր օպերատորների նկարահանած կադրերի տեղադրում, երաժշտական ձեւավորում եւ այլն)։

«Տասնամյակ» էր կոչվում «ֆիլմը» որի մասին ավելի ճիշտ կլիներ ասել «մեծ քլիպ». դասական երաժշտություն (Կարմիլա Բուրանա եւ այլն), կցկտուր կադրեր այդ տարիների իրադարձություններից։ Ֆիլմի հեղինակը եւ պրոդյուսերն էր Արամ Մանուկյանը, տնօրենը՝ Արմինե Հարությունյանը։ Ֆիլմում օգտագործվել էին օպերատորներ Գագիկ Սիմոնյանի (հատկապես Շուշիի ազատագրման դեպքերը), Գուրգեն Գադաչիկի, Լեւոն Մկրտչյանի նկարահանած բավականին լավ տեսանյութերը։ Արամ Մանուկյանը նշեց, որ 120 ժամ ֆիլմ են դիտել այդ 15 րոպեանոց ֆիլմը ստեղծելու համար։ Ֆիլմում ցուցադրվում էին ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքները, ելույթները, ղարաբաղյան շարժման առաջին գործիչներին, 1990թ. Հռչակագիրը (Ա. Մանուկյանի ընթերցմամբ), 1990թ. կայարանի դեպքերը, ՀՀ առաջին նախագահի ընտրվելը, Ղարաբաղի շքերթը, Ռոբերտ Քոչարյանի կնունքի (որի կնքահայրն, ի դեպ, Բաբկեն Արարքցյանն էր եւ ֆիլմում, իհարկե, այդ մասին չէր նշվում) եւ երդման արարողությունը, 1998թ. հրաժարականները եւ ԱԺ-ից պատգամավորների հեռանալու հանդիսավոր ցուցադրումը։

Ֆիլմի վերջում ՀՀ նախագահի աթոռը թափուր է մնում (ըստ հեղինակի մտահղացման)։ Արամ Մանուկյանը լրագրողների «վրա» ծավալուն մի ելույթ ունեցավ, որն էլ պատճառ հանդիսացավ շնորհանդեսի՝ ասուլիսի կամ սեմինար-պարապմունքի վերածվելուն։ Ելույթի սկզբում պրն Մանուկյանը պատմում էր, թե ինչպես մի շարք քաղաքական գործիչներ (շատ ձայն հավաքելու համար) եւ լրագրողներ աղավաղում էին մեր այս 10 տարվա պատմությունը, աղբ էին լցնում նախագահի եւ ՀՀՇ-ի վրա։

-Եվ մեր իսկ ներկայությամբ, մեր իսկ պատմության մասնակիցը լինելու փաստով անգամ փորձվում էր անցած տարիների հաջողությունները վերագրել միայն ժողովրդին, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ վարչախմբին վերագրել բոլոր այն անհաջողությունները, որ ունեցել է մեր երկիրը։ Ձեզ հանդիպելու իմ խնդիրը նաեւ այն էր՝ ասել, որ դրա իրավունքը չկա։ Սա ժուռնալիստի եւ յուրաքանչյուր քաղաքական գործչի պարտքն է։ Ինչո՞ւ մենք (ՀՀՇ-ն) անցած 40-50 օրերի ընթացքում որեւէ արձագանք չենք տվել։ Ոչ մի թերթ, լրատվական այլ միջոց չի մնացել, որ իմ ասած աղբը չլցներ անցած տարիների վրա։ Մենք՝ ՀՀՇ-ն, նպատակային լռել ենք, որեւէ լարում չլինելու համար, որպեսզի ընտրություններն անցնեն խաղաղ, հանգիստ, ազատ մրցակցություն լինի։ (Սակայն պրն Մանուկյանը ընտրությունների օրերին մեր թերթում հայտնել է իր կարծիքը 12 թեկնածուների եւ նորընտիր նախագահի մասին- Ս.Ս.)։ Փառք Աստծու, ընտրություններն անցան խաղաղ, որեւէ ցնցում Հայաստանում չեղավ։ Շնորհավորում ենք նոր նախագահին, վաղը կլինի թագադրություն, հաջողություն նրան մեր երկրի գործերում, բայց մնացածի վերաբերյալ մենք արդեն անհանգստության աղմուկ ենք բարձրացնելու։ Ոչ մեկս իրավունք չունենք պատմությունը յուրովի մեկնաբանելու։

Պրն Մանուկյանը անբարոյական է համարում այն պատմության խեղված մեկնաբանումը, որին մենք ներկա եւ մասնակիցն ենք, իսկ 100-200 տարի առաջվա անցյալի մեկնությունը՝ թույլատրելի։ Նա նշեց, որ կողմնակիցը կլինի ցանկացած արդար պատժի, ով էլ լինի անցյալում գործած սխալների «տերը»՝ «լինի պատգամավոր, նախարար, ցանկացած ատյանի եւ ռանգի մարդ»։ Հենց այդ օրը պրն Մանուկյանը հարմար գտավ պատմել իր երեք տարի մղած եւ անհաջողության մատնված պայքարներից մեկի մասին. «Կոմունիստներին հաղթելուց հետո նախկին Եռագույնը՝ կարմիր, կապույտ, կարմիրը ոչ այրել ենք, ոչ էլ ոչնչացրել, այլ պաշտոնապես, հանդիսավորությամբ այդ դրոշը գնացել է պատմության թանգարան։ Ես երեք տարի պայքարել եմ եւ առայժմ արդյունքի չեմ հասել Սովետական Հայաստանին տրված 6 շքանշաններից մեկի՝ գողացած շքանշանի համար։ Հիշո՞ւմ եք՝ Լենինի երեք ոսկե եւ երեք ուրիշ շքանշան ստացավ Հայաստանը։ Կենտկոմի շենքից մեր գալուց առաջ գողացել էին։ Երեք տարի պայքարել եմ, որ ծայրը գտնեմ՝ քրեական գործ հարուցենք, եւ չի եղել»։

-Չէ՞ որ կա՝ «Մի դատիր, որ չդատվես» սկզբունքը,- քարոզում էր պրն Մանուկյանը, որը նաեւ լրագրողներին եւս մեկ անգամ հիշեցրեց «Իրավունք» թերթում տպագրված՝ «Արցախով եկավ, Արցախով գնաց Սայաթ Լյովեն» հումորը, որն ինչ-որ կերպ փորձել էր արտահայտել իր հեղինակած ֆիլմում։ Ֆիլմի մասին ասեմ, որ չէր երեւում ֆիլմի հիմնական նպատակն ու խնդիրը։ Եթե ներկայացվում էր 10 տարիների պայքարը, ապա ինչո՞ւ էր նաեւ ներկայացվում երկրաշարժը։ Ինչո՞ւ էր միայն ցուցադրվում Շուշիի ազատագրումը, ինչո՞ւ ֆիլմում տեղ չէին գտել թշնամու կողմից գրավված մեր տարածքների պայքարը եւ շատ այլ դեպքեր։ Կցկտուր էին ներկայացվում նաեւ ղարաբաղյան շարժման մյուս գործիչները, կռված հերոսները։ Այդ «մեծ քլիպը» ավելի հարմար կլիներ մի ընդգրկուն ֆիլմի անոնս, բայց ոչ ֆիլմ կոչվելուն։

Ֆիլմից առավել հետաքրքիր էր նույն օրը հանրությանը ներկայացված 125 լուսանկարներով որակյալ կազմված «Սկիզբ» ալբոմը, որը պատմում է 1988թ. Երեւանում կատարվող իրադարձությունների մասին եւ ավելի ցայտուն եւ ընդգրկուն է ներկայացնում Շարժման առաջին մեկուկես տարվա իրականությունը։ Լուսանկարների հեղինակը լուսանակրիչ Մայիս Վարդանյանն է։ Շնորհանդեսին կարճ ժամանակով ներկա գտնվեց նաեւ միջոցառման նախաձեռնողը՝ Վանո Սիրադեղյանը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930