Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում Դաշնակցության եւ «Երկիր»-ի հեղինակությունը մեկտեղված է»

Ապրիլ 03,1998 00:00
davtyan

Ինձ հաջողվեց զրուցել 1994 թ. «Երկիրի» գլխավոր խմբագիր ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆԻ հետ։ Ասում եմ հաջողվեց, որովհետեւ նրան լավ եմ ճանաչում ու գիտեմ, որ Համլետն արած գործը երբեք երեւալու միջոց չի դարձնում։ Սա իր համոզմունքն է:

-Ուզում եմ մեր զրույցը մի փոքր հեռվից սկսել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո զանգահարեցի քեզ՝ շատ հանգիստ էիր, ասես ամենեւին քեզ չէր առնչվում։ Չէ՞ որ կուսակցության վերագրանցումն ինքնըստինքյան ենթադրելի էր։

-Ուրախությունս, իրոք, թերի էր, որովհետեւ մենք այնքան հզոր չեղանք, իսկ ժողովուրդն էլ այնքան պահանջկոտ չեղավ, որ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը հրամանագրեր ՀՅԴ վերաբացումը։ Այս տարիներին շատ խրվեցինք ներկուսակցական հարցերի մեջ։ Ճիշտ է, հավատավոր դաշնակցականի կերպարը չխաթարվեց, սերունդների առաջ ամոթով չմնացինք, բայց անարդարի դեմ պայքարի համար քիչ էներգիա մնաց։ Ասա, հիմա մի ուրիշ ծայրահեղության մեջ չընկնենք. ոգեւորությունից գերագնահատենք մեր ներուժն ու անիրատես բաների գնանք։ Փորձությանը դիմացանք, պիտի կարողանանք նաեւ գայթակղությանը դիմանալ։ Ժողովուրդը Դաշնակցությանը ճանաչում է իբրեւ գործի կուսակցություն, այդպիսին էլ պիտի մնանք։

-Կուսակցությունը վերաբացվեց ու շարունակում է իր օրինական գործունեությունը։ Վերակազմված «Երկիրը» պիտի լույս տեսնի։

-Նախ, Դաշնակցության գործունեությունը միշտ էլ օրինական է եղել, կասեցումն էր անօրինական։ Ինձ թվում է, արդեն ժամանակն է այդ տարիների մասին հանգիստ նյարդերով խոսել։

-Երեւում է, ուզում ես շրջանցե՞լ թերթի թեման։

-Լավ ասացիր՝ թերթի թեման:Ես քեզ ուրիշ բան կասեմ։ Երեւացող, աչքի առաջ գործ արած մարդիկ երբ ասպարեզից հեռանում են, բնականաբար, հարցեր են ծագում։ Նման մարդկանց քչերն են անձնապես ճանաչում, բայց շատերը գիտեն անունները, հետեւաբար հետաքրքրություն է առաջանում՝ ինչո՞ւ, ինչի՞ համար, ո՞նց։ Այդ հետաքրքրությունը բավարարելու համար մարդը պիտի խոսի, բայց որքանո՞վ է ճիշտ նրա խոսելը, առավել եւս՝ որքանո՞վ ճիշտ կընկալվի նրա խոսքը։ Որոշումով նշանակված եւ որոշումով ազատված մարդը, ինչ պատասխանատու գործ էլ արած լինի, ճիշտն ու սխալը լսարանով քննարկելու իրավունք չունի։ Սա չգրված օրենք է, բայց՝ հստակ ու խստիվ գործող օրենք։ Չգիտակցողը վրիպում է։

-Լավ, քեզ լիովին հասկանում եմ, բայց տարիներիդ գործի մասին խոսելու իրավունքը քոնն է։ «Երկիրը» ե՛ւ պաշտոնաթերթ էր, ե՛ւ ժողովրդական թերթ։ Այսինքն՝ իր տեսակի մեջ բացառիկ էր, համաձայն ե՞ս:

-Ես հարգում եմ ընթերցողի կարծիքն ու հիշողությունը։ Թերթը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է։

-Ընդունում եմ։ Հենց այս առումով եմ ուզում հիշել, որ կոլեկտիվի, ասես փոքր-ինչ հոգնածության պահին քեզ հանձնարարվեց թերթը ստորագրել՝ իբրեւ արհեստավարժ լրագրողի։ Դու, աշխատակազմում գրեթե փոփոխություն չանելով, կարողացար ի մի բերել ուժերն ու նոր թափ հաղորդել թերթին։

-Դրանք գործընթացային հարցեր են։ Այդ ամենի մասին, եթե կկամենան, իմ գործընկերները կարող են խոսել։ Ոգի, ազգային մտածողություն։ «Երկիրը» բնորոշող այս երկու առանձնահատկությունը նշեմ, կարծում եմ, հարցիդ իմ պատասխանը տված կլինեմ։ Չեմ հիշում որեւէ հրապարակում, որ դեպքերի եւ իրադարձությունների լղոզված գնահատականներ պարունակեր, կամ մի հեղինակ լրագրողական սեթեւեթանքներ աներ։ Ուրեմն, նաեւ անկեղծություն ու սկզբունքայնություն։ Պաշտոնաթերթ ասած հասկացությունը շատ նեղ էր գալիս մեր թերթին։ «Երկիրը» կուսակցության վարած քաղաքականությունը ներկայացնողի, ՀՅԴ գաղափարախոսությունը քարոզողի եւ ազատ մամուլի սինթեզն էր։ Թե ինչով «Երկիրի» կոլեկտիվն ինտելեկտուալ ու մասնագիտական կարողություններով չի բավարարում այսօրվա պահանջներին՝ պատասխան չունեմ։ Կրկնում եմ, անձնական պատվախնդրության հարց չէ։ Փութկոտ որոշումով մի ողջ կոլեկտիվի վաստակ ու նվիրվածություն անտեսվեց։ Այս վերաբերմունքը բումերանգ կարող է դառնալ։ Եթե ղեկավար մարմինն իր թերթը չի հարգում, ընթերցողը երբեք չի հարգի։ Ասում ենք դաշնակցական մամուլի ավանդույթներ։ Ուրեմն հիշենք, որ թերթն ու թերթի մշակը միշտ հարգանքի են արժանացել։ Զուր չէր, որ իմաստուն հանդարտության տեր ու գլխով շատ բան անցած Խաժակ Տեր-Գրիգորյանը Կենկենից ամեն օր գալիս-հարցնում էր՝ ոնց ենք, ոնց չենք։ Հրայր Մարուխյանը, Հրաչ Տասնապետյանը Հայաստանում եղած ժամանակ անպայման լինում էին խմբագրությունում։ Լավ էր, ոգեւորիչ էր ու անհրաժեշտ։

-Թաքցնելու բան չէ, նախագահական հայտնի հրամանագրից հետո ոչ այնքան իշխանությունների կողմից, որքան կուսակցական շրջանակներից մեղադրանքներ էին հնչում, իբր «Երկիրը» ՀՅԴ գործունեության կասեցման հիմնական պատճառներից մեկն է եղել։

-Քանիցս հրապարակավ հանդես եմ եկել ու պահանջել, որ այդ մեղադրանքները կոնկրետացվեն ու, համաձայն ՀՀ մամուլի մասին օրենքի, թերթն ու գլխավոր խմբագիրը դատի տրվեն։ Չեղավ։ Չարվեց, որովհետեւ ընդամենը քավության նոխազ էր փնտրվում։ Ներսից դրանք, մեղմ ասած, ճառասացությամբ գոյատեւողների ձայներն էին, իսկ իշխանություններն էլ, թերեւս, իրենց ոչ այնքան բնորոշ ողջախոհություն ցուցաբերեցին եւ խայտառակ դատավարությունների թիվը եւս մեկով չավելացրին։ Ու բախտները բերեց, որովհետեւ դեռ 1994-ի ամռանը ՀՀՇ պաշտոնաթերթ «Հայքը» խոստովանեց, որ հանրապետությունում հասարակական կարծիքի ձեւավորման վրա ամենամեծ ազդեցությունն ունի «Երկիրը»։ Ասել է թե՝ «Երկիրի» դեմ դատ բացել, կնշանակեր ժողովրդի դեմ դատ բացել: Որձաքարի պես պինդ կոլեկտիվ ունեինք. ամեն մեկը՝ բացարձակ անհատականություն, բարձրակարգ մասնագետ ու կարգին մարդ։ Հետին թվով հաճոյախոսություն չեմ անում, իսկություն է։ «Երկիրը» նաեւ լրագրողական շկոլա էր։ Նայիր, թերթերում ու հեռուստատեսությունում քանի առաջատար ունենք։ Ավարտուն դիմագիծ ունեցող «Երկիրը» փուլեր ունեցավ՝ խմբագիրների անուններով սահմանանշեմ։ Կոլեկտիվ սկզբնավորողը Աշոտ Քերոբյանն էր՝ աշխատասեր ու ազնվագույն ընկեր Շոթան։ Գերազանց կազմակերպիչ ու կուսակցական գործիչ Աբո Պողիկյանը թերթը ներկայացրեց ընթերցողին եւ ընդունելի դարձրեց։ Հետեւողական ու ինքնուրույն Աղվան Վարդանյանը համառորեն պայքարեց «Երկիրի» ինքնավարության համար ու նաեւ տպաքանակով թերթը համահայկական դարձրեց։ Այնուհետեւ քաղաքագետ ու փիլիսոփա Էդվարդ Հարությունյանը շարունակեց, մինչեւ 1994-ի դաժան տարին ինձ բաժին ընկավ։ «Երկիրը» կասեցվեց իր թռիչքի պահին։

-Ընթերցողը թերթին սպասում է։ Կարծում եմ, ինքնին արդեն խոսուն փաստ է, որ, երեք տարուց ավելի լույս չտեսնելով, թերթը չի մոռացվել։ Նշանակում է՝ թերթի կենսագրությունը պիտի շարունակվի։ Բայց լսե՞լ ես, որ ասում են՝ վերջին խմբագիրը Համլետն է, իսկ հաջորդը կլինի նոր թերթի խմբագիր։

-Ամենեւին մեծամիտ չեմ, որ համաձայնեմ։ Երբեք չի կարելի բացարձականացնել որեւէ անձի կարողություն կամ գործի արդյունք։ «Երկիրը» լույս կտեսնի իբրեւ ՀՅԴ պաշտոնաթերթ Հայաստանում։ Գլխավոր խմբագրի պարտականությունները ստանձնեցի որպես կուսակցական հանձնարարություն, ինչպես 91-ից սկսած մնացած գործերին մասնակցելս։ Քեզ միայն թիվն ասեմ. ութ անուն թերթ, այսինքն՝ դաշնակցական հայաստանյան մամուլի ողջ անվանացանկը, ներառյալ 1995-ին ընդհատակում տպագրվող «Տեղապահը» եւ 1997-ից լույս տեսնող «Հայոց աշխարհը»։ Կասեցումից անմիջապես հետո «Իրավունքի» հետ համագործակցությունն էլ՝ որպես դրվագ։ Տուր երկրորդ մարդու անունը, որը նույն բանը կասի։ Ստիպեցիր ինձ, կներես։ Ասում ես «Երկիրը» չի մոռացվել, կենսագրությունը պիտի շարունակվի։ Իհարկե։ Տասնհինգ տարվա լրագրող եմ, ինքս եմ քանի խմբագիր տեսել։ Հապճեպ ու կոնսպիրատորական որոշում կայացնելուց առաջ քննարկում կարելի էր անել, մի քանիսի կարծիքը լսել, անձի շահերից ու մարդ տեղավորելու խնդրից վեր կանգնել, ղեկավար մարդու հեղինակությամբ չծածկել մյուսներին։ Հիմա կասես՝ քննարկումս որն է, պաշտոնաթերթ է՝ պիտի տպվի։ Էդքան էլ էդպես չի. «Երկիրը» ոչ «Հայքն» է, ոչ էլ «Հասկը»։ Անցյալ տարի նորից որոշումով փորձ արվեց «Երկիրի» անունով այլ թերթի հաջողությունն ապահովել։ Չստացվեց։ Չէր էլ կարող, որովհետեւ արհեստական էր ու կաշկանդիչ։

Հիմա, նախեւառաջ գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանի նախանձելի աշխատունակության ու իր ստեղծած կոլեկտիվի շնորհիվ «Հայոց աշխարհը» սեփական անունն ունի, ընթերցողների իր շրջանակը, կուսակցական էլ մեծ ծանրաբեռնվածություն է կրում։ Սա դաս պիտի լիներ, փորձառությունն էլ ո՞նց է ձեռք բերվում։ Ասածիս վրա չզարմանաս, բայց լրջորեն մտածել էր պետք՝ արժե՞ր այսօր էս ձեւով «Երկիր» վերաբացել, թե՞ պետք էր թողնել նրան պատմության մեջ, դիրքում խփված մարտական ընկերոջ բարի հիշատակով ու նոր անուն թերթ ունենալ։ Շպիգելը չի փրկելու, հավանական աշխատակազմին ճանաչելով եմ ասում։ Այսպիսի կտրուկ փոփոխությունը վնասելու է գործին։ Հարկավոր էր աստիճանաբար անել, ոչ հեղափոխաբար։ Երբեք չի կարելի ընթերցողին թերագնահատել։ Ֆալշը նա անմիջապես զգում է։

-Դու անվանապես միայն խմբագիրներին հիշեցիր։

-Որովհետեւ քիչ են ու անպաշտպան։ Աջից-ձախից միայն ուշունց են լսում, ստացած հարվածներն էլ գոտկատեղից ներքեւ է լինում։

-Դա արդեն դու գիտես։ Վերջացնեմ միտքս, այսինքն՝ խմբագիրներին ու խմբագրի աշխատանքն առանձնահատուկ ես կարեւորում։ Հիմա այս դեպքում։

-Հասկացա, Մուշեղի մասին ես հարցնում։ Քի՞չ ասեցի, չե՞ս բավարարվում։ Ես Մուշեղին շատ լավ գիտեմ, Մուշեղն էլ՝ ինձ։ Ուտել-խմելով չէ՝ գործով, համատեղ աշխատանքով։ Իմ խմբագիրն էլ է եղել, պրոֆեսիոնալ է, բայց մնացածն իրեն կասեմ, եթե հանդիպենք։ Կամ էլ չեմ ասի, եթե էլի ժամանակ անցնի։ Անիմաստ կլինի։

-Ի՞նչ ես անելու։ 

-Ամենեւին մտադիր չեմ «ցցվել» կամ միջանցքներում սպասել։ Ընդհանուր պայքարի ու գործի ծանրության մի մասն էլ իմ ուսերին է եղել՝ տարել եմ անծպտուն ու գիշերը ցերեկ անելով։ Էլ ուրիշ բան չկա ու չի եղել։ Եթե անհրաժեշտ կհամարվի, որ որեւէ այլ հանձնարարություն կատարեմ, պատրաստ եմ, որովհետեւ պարտավոր եմ։ Եթե ոչ՝ այլեւս պարապ չեմ մնա։ Հայի-թուրքի կռիվը շարունակական է՝ տեղդ ճշտիր ու աշխատիր։ Մենակ մնացած մարդը որքան զորեղ, նույնքան էլ վտանգավոր է թե՛ իր, թե՛ շրջապատի համար։ Փառք Աստծո, մենակ չեմ, ընկերներ ունեմ։

-Մինչ մեր զրույցը, դու ասացիր՝ ցավ ու ափսոսանք կզգաս, եթե ժողովրդի սիրած թերթը դառնա շարքային։ Կրկնո՞ւմ ես։

-Այո։

-Այդ դեպքում, կներես, անկեղծ պիտի լինեմ, արդյո՞ք մեր այս զրույցը դատարկ խոսակցություն չստացվեց։

-Հնարավոր է։ Բայց շարունակիր, քեզ դեռ լավ չեմ հասկանում։

-Դու նորից կարող ես աշխատել «Երկիրում» եւ ․․․

-Մեղավոր մի համարիր ինձ, որ ուսից իջեցրած թվանք չեմ դարձնում այդ տեսական հնարավորությունը։ Թերթն ինձ համար այլեւս սոսկ լրատվամիջոց չէ։ Հասկանալի է, օրաթերթ ես, ձեռքդ պիտի կյանքի զարկերակի վրա լինի, բայց եթե պարզապես համընթաց քայլես՝ օրախեղդ կլինես։ Ապագայի խնդիր պիտի դնեմ քո առաջ։ Մարդկանց պիտի տեսանելի դարձնես քո պատկերացրածը։ Համոզես ու համոզես, որ ամեն մեկը միայն իր մաշկի մասին չմտածի, որպեսզի վերջապես գոյանա հայի ազգային մտածողությունը, այն չմնա որպես անհատների «խելառություն»։ Թե՞ դեռ երեկվա պես դա համարվում է մարգինալ մտածողություն։ Եթե այո, ուրեմն ես անուղղելի եմ։ Այսօր, ցավոք, գիրք կարդացող չկա։ Հայերեն ոչ մի տպագիր խոսք երբեք ինքնանպատակ չի եղել, ուրեմն թերթը պիտի բեռ վերցնի իր ուսերին։ Սա թիմի խնդիր է՝ աշխատող, նաեւ համագործակցող-հեղինակող։ Ես լույս տեսնելիք «Երկիրում» անելիք չունեմ։ Այսպես ստացվեց եւ այդպես կստացվի, եթե գնամ ու նոր համոզվեմ։ Փորձ ունեմ, զգացողությունս չի խաբում։ Աշխատանք կունենամ, բայց գործ չեմ ունենա։ Հա, իմիջիայլոց, Գերագույն մարմինն ինձ ազատելու մասին որոշում չի կայացրել։ Համենայնդեպս, ես տեղյակ չեմ։ Ուրեմն, կարող եմ, չէ՞, ասել, որ ինքս եմ հրաժարվում «Երկիրում» աշխատելուց։

-Վերջին հարցս։ Նման հրապարակումներից հետո սովորաբար հատուկ վերաբերմունք է ցուցաբերվում։ Արդյո՞ք պատճառը դա էր, որ դժվարությամբ համաձայնեցիր մեր զրույցին։

-Ոմանք շարունակում են իրենց կամեցած ու կարեցած գնահատականները տալ մինչդեկտեմբերքսանության «Երկիրին»։ Ձեռքս թափ կտայի նման մանրուքների վրա, եթե այդ ոմանք իրենց ասածը սոսկ անձնական կարծիք ներկայացնեին։ Մոռանում են, որ հավակնոտությունը նույնպես արատ է։ Չնայած համեստությունն էլ մի բան չէ, մեր իրականության մեջ սխալ է հասկացվում։ Երբեք չեմ ընդունել «աբիժնիկությունը», ուրեմն՝ ինքս ինձ թույլ չեմ տա լինել այդպիսին։ Ես խոսեցի, որովհետեւ շատերը լռում են։ Չեմ կարծում, որ կուսակցական ընկերներս իրենց, ու դրանով նաեւ ինձ, անհարմար վիճակի մեջ գցեն։ Համարիր, որ օգնեցիր կատարել բարոյական պարտքս, իրավունքով մի քանի բան ասացի մեր «Երկիրի» մասին։ Բայց գոհ չեմ, գոհ չեմ, որ հնազանդ լռությունն ինձ ստիպեց խոսել։ Չի կարելի ճկվել կամ ճնշվել որեւէ մեկի ազդեցությունից։ Հատուկ վերաբերմունքից առաջ պետք է մտածել այս մասին։ Օգտակար է։

Զրույցը վարեց ԱՎԵՏԻՔ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930