Ժողովրդի ծառան
«Ի վիճակի եմ կատարել ցանկացած աշխատանք, բայց որեւէ պաշտոնի մասին չեմ մտածում»։
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ ԻՄ նախագահ, «ՀՀ», 2 ապրիլի
Երբ Հայրիկյանը նախագահի թեկնածու էր, հրապարակավ հայտարարեց. «Նվագում եմ շեփոր։ Կորնետ նվագում եմ միջակ»։ Այժմ ընտրություններն անցյալ են։ Այս ընթացքում որքա՜ն բան է սովորել Պարույր Հայրիկյանը, որքա՜ն նոր մասնագիտությունների է հասցրել տիրապետել։ Եվ ամենեւին թող զարմանալի չլինի, եթե Մայր թերթի այս հայտարարությունն առաջիկայում առավել որոշակի ձեւակերպումներ ստանա «ՊԱՍ», «Գինդ», «Էքսպրես» եւ այլ թերթերում. ասենք՝ «Կազմում եւ քանդում եմ դաշինք», «Թույլ չեմ տալիս, որ ձեզ դարձնեն խաղալիք», «Պարապում եմ քարկտիկ» եւ այլն։
Կարդացեք նաև
ԱՀԱ ԹԵ ՈՐՆ Է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ես քաղաքականության մեջ իսկապես պրոֆեսիոնալ եմ, 12 տարեկանից զբաղվում եմ եւ գիտեմ, որ եթե որպես կազմակերպիչ ունակություններ ունես, ապա համարյա թե բոլոր բնագավառներում կարող ես գործել»։
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԴԿ նախագահ, «ՀՀ», 2 ապրիլի
Եթե Արամ Սարգսյանը 12 տարեկանից ոչ թե քաղաքականությամբ զբաղվեր, այլ, ասենք, բասկետբոլով, հո չէր կարող պնդել, թե ինքը կարող է գործել բոլոր բնագավառներում։ Լավագույն դեպքում ՀՀ նախագահ կդառնար։ Պայմանով, իհարկե, եթե այդ տարիքում Ռոբերտ Քոչարյանն էլ ոչ թե բասկետբոլ խաղար, այլ զբաղվեր քաղաքականությամբ։
ՀՈՒՄՈՐԸ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԵՎ «ՀԱՅ ԴԱՏԻ» ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻ
«Եթե մարդ հումորի զգացումը կորցրեց, ապա, վաղ թե ուշ, հայրենիքն էլ կկորցնի»։
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Առավոտ», 2 ապրիլի
Վահան Հովհաննիսյանի այս խորիմաստ դիտարկումը լույս է սփռում, մասնավորապես, այն կնճռոտ խնդրին, թե դարասկզբին որն էր մեր պատմական տարածքները կորցնելու բուն պատճառը։ Պարզվում է՝ հումորի զգացումն էինք ընդամենը կորցրել։ Ահա թե ինչու այժմ հումորով պիտի վերաբերվենք յուրաքանչյուր երեւույթի՝ սկսած նախագահական ընտրություններից, վերջացրած մեր քաղաքական գործիչների իմաստուն մտքերով։ Միայն այս կերպ կկարողանանք պահպանել մեր հայրենիքը։ Միայն այս կերպ կհասնենք Ղարաբաղի հարցի արդարացի լուծմանը։ Ավելին՝ եթե մեզնից առավել սրամիտները մեկնեն Արեւմտյան Հայաստան՝ բացառված չէ, որ այս կերպ լուծենք նաեւ «Հայ դատի» խնդիրը։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ