Ինչպես արդեն «Առավոտը» ծանուցել է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապրիլի 1-ի նիստին, երբ հրապարակվեցին նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, բացակայում էին ԱԺՄ-ի անդամներ Վովա Հախվերդյանն ու Ֆիլարետ Բերիկյանը։ Ֆիլարետ Բերիկյանին մեր թղթակիցը հանդիպեց, երբ նա դուրս էր գալիս ԱԺՄ-ի գրասենյակից։ Ուստիեւ բացատրություններն էլ համարյա այնպիսին էին, ինչպիսիք կարող են ստացվել «ոտքի վրա»։ Իսկ Վովա Հախվերդյանին ապրիլի 2-ին հանդիպել այդպես էլ չհաջողեցինք։
Ավելի ուշ պարզվեց, որ ԿԸՀ-ում ԱԺՄ-ի ներկայացուցիչները, ինչպես եւ իրենց կուսակցության վարչության մյուս անդամները մեկնել են արտագնա նիստի, ԱԺՄ վարչության արտագնա նիստի։ Ներկայացնում ենք Ֆիլարետ Բերիկյանի հետ անցկացված ճեպազրույցի բովանդակությունը։ Նա, ի դեպ, արդեն ծանոթ էր «Առավոտի» հրապարակման բովանդակությանը, ուստիեւ զրույցը հարցադրումով սկսելու կարիք չեղավ։
– «Առավոտ» թերթը պետք է իմացած լիներ, որ մարտի 16-ին տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքների հրապարակման խնդրով հրավիրված նիստին էլի բացակա էի։ Նախնական տվյալների ամփոփման դեպքում, պարզապես թվերի հետ գործ ունենք։ ԿԸՀ-ն թվեր է ստանում ու ասում՝ այս թվերն են ստացվել։ Սա դեռ ամփոփում չէ։ Ամփոփումը լինում է այն ժամանակ, երբ մարզային հանձնաժողովները կատարում են ստուգումները, բացում են արկղերը՝ հատ-հատ համեմատելով ամփոփիչ արձանագրությունների հետ։ ԿԸՀ ամփոփիչ նիստը մի քանի օրից է տեղի ունենալու։ Այնպես որ, գրածիդ մեջ «փուստ» ես տվել։
– Բայց չէ՞ որ առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակման առիթով հրավիրված նիստին բացակայում էիք Արարատի միջադեպի ժամանակ ստացած կոտրվածքների պատճառով, իսկ Վովա Հախվերդյանը մասնակցում էր…
Կարդացեք նաև
– Իմ բացակայության պատճառը միայն դա չէր։ Ուղղակի համարում եմ, որ նախնական փուլում խոսակցություններն անիմաստ են, տվյալ պահին՝ նույնպես։
– Իսկ ինչպիսի՞ն է ձեր տեսակետը ապրիլի 30-ի ընտրությունների վերաբերյալ։ Համարո՞ւմ եք, որ ազատ, արդար, թափանցիկ են եղել։
– Իհարկե, չեմ համարում։
– Իսկ ի՞նչ հիմնավորում կտայիք։
– Իմ հիմնավորումը դեռեւս մոտավոր է։ Մի քանի օրից, երբ տեղի կունենա ԿԸՀ ամփոփիչ նիստը, այդ ժամանակ էլ իմ տեսակետը հայտնի կդառնա ամբողջությամբ։
– Սպասենք, որ կդրսեւորեք նույն սկզբունքայնությունը, ինչը 96-ի ընտրություններից հետո՞։
– Եթե փաստեր ունենամ՝ այո։ Պետք է փաստեր տան, որ ելույթ ունենամ։
– Վերջին հարցը՝ խոսակցություններ կան, թե դուք սկզբունքային եք միայն այն դեպքում, երբ դրված է Վազգեն Մանուկյանի ընտրվել-չընտրվելու խնդիրը։
– Ես համաձայն եմ, որ «Առավոտ» թերթը, եւ մանավանդ Արամ Աբրահամյանն այդպիսի տեսակետներ ունենան։ Սակայն այդ տեսակետը իրականությանը բացարձակապես չի համապատասխանում։ Արամ Աբրահամյանին կշնորհավորես… Քանի որ խոստացել էի, որ վերջին հարցն եմ տալիս, իսկ պարոն Բերիկյանն էլ այդ պահին արդեն տեղավորվել էր մեքենայում, ուստի հետաձգեցի նրա ասածից առաջացած հարցը, թե ինչ առիթով պետք է շնորհավորեմ Արամ Աբրահամյանին։ Այս կարեւորագույն հարցի պատասխանը, հավանաբար, կստանանք մոտ օրերս։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ