Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դեմիրճյանի հայտարարությունը

Ապրիլ 03,1998 00:00
karen demirchyan

Սիրելի հայրենակիցներ

Մարտի 30-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ամենից առաջ ես մի անգամ եւս խորին երախտագիտությունս եմ հայտնում յուրաքանչյուր ընտրողի, որը վստահել է ինձ եւ քվեարկել իմ օգտին։ Հավատացեք, դա ինձ համար բարձր պատիվ է։ Երախտագիտությանս խոսքն եմ ուղղում նաեւ բոլոր այն աջակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին՝ դժվարին պայմաններում կազմակերպելու իմ ընտրարշավը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, որոնք, մեղմ ասած, ճիշտ չեն արտահայտում իրական պատկերը։ Ինձ քաջ հայտնի են յուրաքանչյուրիդ հոգեկան ապրումները, այն, որ ընտրություններն անցել են անառողջ մթնոլորտում, որ բազմաթիվ են կեղծիքների, ահաբեկչությունների, ընտրակաշառքների, զեղծարարությունների, թվերի եւ փաստերի ակնհայտ չարափոխումների դեպքերը։ Այս ամենը խեղում է մարդու հոգին, ծնում ճշմարտության ու ժողովրդավարության նկատմամբ հավատի խաթարում։ Բայց դա առանձին՝ հետաքննության առարկա է։

Ես հասկանում եմ այն մարդկանց, որոնց արժանապատվությունը խորապես վիրավորված է։ Յուրաքանչյուրիդ վիրավորանքը բոլորիս վիրավորանքն է։ Սակայն այս պահին ես հարկ չեմ համարում խոսել խախտումների եւ օրինազանցությունների մասին։ Ինձ համար ամենագլխավորը, առաջնահերթը եղել եւ մնում են մեր երկրի ու ժողովրդի շահերը, որոնք անհամեմատ ավելի բարձր են այս կամ այն կուսակցության, խմբակցության կամ անհատի շահերից։ Հասարակության պառակտումը ես համարում եմ անթույլատրելի երեւույթ, որը մեծապես կարող է վնասել մեր ազգին, նրա առջեւ ծառացած հրատապ հիմնախնդիրները լուծելու գործին։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ։ Ժամն է պատասխանատու եւ վտանգավոր։ Թույլ չտանք, որ մեզ ենթարկեն սադրանքների, տեղի չտանք ավելորդ զգացմունքայնությանը։ Սթափ եւ խորապես մտածված գնահատենք իրադրությունը։ Չսխալվենք, ինչպես արդեն մի անգամ եղել է, չդառնանք պահի գերին, որպեսզի ոչ ոք, եւ մեր խիղճն իսկ մեզ չմեղադրի անխոհեմության եւ անմտության մեջ։

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես, ինչպես արդեն հայտարարել եմ, կմնամ քաղաքական ասպարեզում եւ քաղաքակիրթ կերպով Սահմանադրության շրջանակներում կշարունակեմ իմ գործունեությունը։ Ես իրավունք չունեմ չարդարացնել այն հարյուր հազարավոր մարդկանց քվեները, որոնք տրվել են հանուն մեր ժողովրդի բարեկեցիկ եւ ապահով կյանքի, հանուն մեր ազգային իղձերի իրականացման, հանուն մեր սերունդների։ Մենք միասին հսկայական ուժ ենք, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ։ Մեր կոնկրետ ծրագրերը դուք շուտով կիմանաք, ինքներդ կմասնակցեք դրանց կազմավորմանը։ Միավորվելու, մի կուռ ամբողջություն դառնալու օրը հեռու չէ։

Թող ոչ ոք չկասկածի մեր վճռականությանը։ Մենք կդառնանք այն կառուցողական ուժը, որը կսատարի ամեն մի քայլ, գործ՝ ուղղված մեր Հայրենիքի շենացմանը, մեր ժողովրդի համախմբմանը։ Ես կոչ եմ անում բոլորին, անկախ նրանից, թե ով ում է ձայն տվել, երկուստեք ձերբազատվել ընտրական կրքերից, որոնք, ինչքան էլ արդարացի, նույնքան էլ հայավնաս կարող են լինել։ Մենք միասին դեռ շատ գործ ունենք անելու։ Մենք միասին ենք կառուցելու իսկապես ազատ ու բարգավաճ Հայաստանը։ Ուստի լինենք համբերատար եւ կազմակերպված, զուսպ եւ գործունյա, նայենք հեռուն եւ քայլենք վստահ։ Վստահե՛ք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930