Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկական հարց

Ապրիլ 03,1998 00:00
Harc

Խոսրով Հարությունյանին

-«Ա1+»-ին, «Ազգին» տված հարցազրույցներում սկսել եք խորհրդարանի նկատմամբ հոռետեսական տրամադրություններ սերմանելու մեջ մեզ՝ լրագրողներիս մեղադրել, անընդունելի համարելով «ԶԼՄ- ների այդ լացը ԱԺ-ի վաղաժամ վախճանի կապակցությամբ», եւ «պատգամավորների խուճապային տրամադրություններն էլ» պայմանավորել եք «լրագրողների ժխտական դիրքով»։ Այս պարագային է՞լ դարձյալ մենք մեղավոր դուրս եկանք:

– Նախ, հավանաբար մեղավորության մասին պետք չէ խոսել, այլ ավելի շատ, թե ով ինչ կարող է անել այս առումով։ Շեշտադրումները եւ խնդիրներն այլ են։ Կարելի է, ասենք, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին քննադատել՝ եւ նույնիսկ մերժել՝ թե՛ իբրեւ պատգամավորի, թե՛ իբրեւ քաղաքական գործչի։ Բայց դա չպետք է նույնացվի ԱԺ-ի, որպես պետական կառավարման մարմնի գործառույթների հետ։ Եվ պետք չէ փորձել արժեզրկել ինքնին այս ինստիտուտը, որ ժողովուրդը խորհրդարանից ընդհանրապես սպասելիքներ եւ ակնկալիքներ չունենա։

Հենրիկ Խաչատրյանին

– Արդեն 1 ամսից ավելի է՝ խորհրդարանը լարված սպասում է, թե որպես գլխավոր դատախազ՝ հատկապես որ 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու եւ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն կներկայացնեք։ Լրագրողներն էլ «մեռան» սպասելով, թե երբ կիրականանա Սերժ Սարգսյանի համապատասխան խոստումը։

– Ես այդ տեսակետից չորս թեկնածու չունեմ։ Երկու պատգամավոր կա, որոնց նկատմամբ դեռ անցյալ տարվանից քրեական գործ է հարուցված։ Անունները չեմ հրապարակի։ Քննություն է ընթանում, եւ երբ անհրաժեշտ լինի՝ կդիմեմ խորհրդարանին։ Ոչ մի գործի քննություն «խոստումներով» չի ավարտվում։ Ես ոչ մի բան չեմ խոստանա, բացի նրանից, որ ամեն ինչ օրենքով կարվի։ Պիտի այնքան հիմնավոր լինեն պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մեր ապացույցները, որ խորհրդարանը համաձայնություն տա։ Իսկ եթե չհամաձայնե՞ց: Բացի դրանից, գործ ունենք մարդկանց ճակատագրի հետ, նաեւ քաղաքական հարցեր կան: Չնայած այս ամենը նրանց պատգամավորական կամ քաղաքական գործունեության հետ ոչ մի կապ չունի։

Արա Սահակյանին

– ԱԺ նախկին ղեկավարները հրաժարական ներկայացնելիս մի քանի անգամ շեշտեցին, որ շարունակելու են խորհրդարանական գործունեությունը, գրավելու սեփական տեղը դահլիճում եւ պայքարելու «փոքրամասնության իրենց իրավունքների» համար։ Սակայն Դուք եւ պրն Ռուբինյանը հազվադեպ եք երեւում դահլիճում, քննարկումներին գրեթե չեք մասնակցում, իսկ պրն Արարքցյանը ընդհանրապես չի գալիս նիստերին։ Այդպես է վարվում նաեւ «Հանրապետություն» խմբակցության գերակշիռ մեծամասնությունը։ Ինչո՞ւ չեք պաշտպանում փոքրամասնության ձեր իրավունքները։

– Խմբակցության գործունեության վերաբերյալ Ձեր գնահատականներն ինձ համար վիճելի են, որովհետեւ ե՛ւ դահլիճում մասնակցության, ե՛ւ ելույթների առումով այն չի զիջում այլ խմբակցություններին։ Խորհրդարանական նոր մեծամասնությունն ինքը դեռ չի ստանձնել պատասխանատվությունը. ե՛ւ քվորումի, ե՛ւ քվեարկության արդյունքների համար առաջին հերթին «Երկրապահ» խումբն է պատասխանատու։ Իսկ խորհրդարանական աշխատանքում ընդունված են ցանկացած մեթոդներ, ե՛ւ դահլիճում լինելն ու քվեարկելը, ե՛ւ դահլիճում չլինելն ու առանձնասենյակում աշխատանք կազմակերպելը։ Պարզապես ժամանակի մեր զգացողություններն են տարբեր։ Ոմանց թվում է, թե շատ ժամանակ է անցել, իսկ ես ասում եմ, որ անցել է ընդամենը երկու ամիս։ Ամեն ինչ առջեւում է, եւ եթե քաղաքական բնականոն գործունեության առջեւ արգելքներ չհարուցվեն, ապա ՀՀՇ-ն՝ իբրեւ խորհրդարանական եւ զանգվածային կուսակցություն, հնարավորություն կունենա իր գաղափարները քարոզելու եւ դրանց իրականացման համար կրկին իշխանության վերադառնալու։ Իսկ եթե այդպիսի պայմաններ չստեղծվեն՝ ապա երեւի հենց այդ նույն պայմանները կթելադրեն գործունեության համապատասխան մեթոդներ։

Ա․ Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930