Լրահոս
Օրվա լրահոսը

Երեքնուկի թերթիկներն առ նախագահ սիրո մասին

Ապրիլ 02,1998 00:00
Margarit Esayan

Նախընտրական քարոզարշավի ժամանակ հանդիպելով Արաբկիր համայնքի ընտրողների հետ, ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ներածական խոսքից հետո, երբ չիմացավ այլեւս ինչ ասելն, մի պահ դադար տվեց եւ խիստ հուզված ու դողացող ձայնով ասաց. «Ժողովուրդ, ես ձեզ սիրում եմ»։ Չի բացառվում, որ թեկնածուն, իրոք, անկեղծ էր։ Ժողովուրդն էլ անմիջապես հուզվեց եւ բուռն ծափահարեց։ Այս ամենն արդեն հիշողություն է եւ պատմություն։ Դեպքերն այնքան արագ են հաջորդում մեկը մյուսին, որ արդեն կարող ենք ասել, թե ում է ժողովուրդն ընտրել։ Բայց եւ դժվար է ասել, թե այդ ընտրությունը բուռն սիրո արտահայտություն է։ Ժողովուրդն, իհարկե՝ ընտրեց, բայց արդյո՞ք նրա սիրտը բաց է նոր նախագահի առաջ, եւ նույնպիսի հուզմունքով էլ ժողովուրդը կասի՞, թե սիրում է իր նախագահին։

Ընդհանրապես, կարծում եմ, ժողովուրդը որեւէ նախագահի նկատմամբ դժվար թե երբեւէ ջերմ ու սրտաբաց լինի։ Պատճառը սոցիալական եւ տնտեսական այն խեղճությունն է, որի մեջ հայտնվել է։ Նախագահներից նա, ով կկարողանա ժողովրդին դուրս քաշել այդ ճահճից, թերեւս կարող է հավակնել ժողովրդի սիրուն։ Փորձվածները կասեին՝ կապրենք՝ կտեսնենք։ Իսկ մինչ այդ մարդկանց այս պահին ունեցած զգացմունքների մասին փորձեցինք զրուցել Երեւանի փողոցներում առեւտուր անողների, պատահական անցորդների, ֆայլաբազարի եւ քրջի շուկայի մեր ծանոթների հետ։

 

Թերթիկ առաջին

Հարցուփորձից պարզվեց, որ մարդիկ ակտիվորեն մասնակցել են ընտրություններին եւ, օրինակ, քրջի շուկայում եւ ֆայլաբազարում ընտրությունը ՀՀ նախագահի երկու թեկնածուների միջեւ կիսվել է հավասարապես։ Ավելի տարիքովները եւ նրանք, ովքեր ժամանակին աշխատել են խորհրդային գործարաններում, պետական ձեռնարկություններում եւ այսօր քրջի շուկա են բերել վաճառելու նույն այդ գործարանների երբեմնի արտադրանքը, հիմնականում քվեարկել են Կարեն Դեմիրճյանի օգտին։ Նրանք, իրենց սերն առ Դեմիրճյան, արտահայտում էին խիստ բուռն եւ պաթետիկ։ Ավելի քչախոսները եւ երիտասարդները, չսափրված գործազուրկները եւ վերավաճառողները քվեարկել էին Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Վերջիններս առանձնապես բուռն զգացումներ չեն տածում իրենց թեկնածուի նկատմամբ, ավելի սպասողական տրամադրության մեջ են եւ մտածում են՝ թող սա էլ գա, տեսնենք ինչ է անելու։ Կա նաեւ հայրենասեր տղաների մի տեսակ, որն այսօր զբաղված է վերավաճառքով եւ ընտրությունը կապում է Քոչարյանի զորավարական տաղանդի հետ։ Այս թերթիկը պոկողներն առանձնապես սիրահարված չեն եւ ավելի շատ սպասում են՝ իրենց զգացմունքները պահելով ավելի լավ օրերի համար։

Թերթիկ երկրորդ

Այս թերթիկը պոկողները հույսը դնում են նոր նախագահի քչախոսության վրա։ Ըստ այս կարգի ընտրողների, մտքերը կարճ արտահայտողը էներգիան կծախսի շատ գործ անելու վրա։ Ի դեպ, էներգիայի մասին։ Սոցիալապես անապահովներին առավել տարօրինակ ու անհասկանալի էր թվացել Ռոբերտ Քոչարյանի՝ նախընտրական քարոզարշավի օրերին արտահայտած մի քանի մտքերը էլեկտրաէներգիայի մասին։ Հիշեցնեմ, որ վարչապետը եւ նախագահի թեկնածուն ասում էր հետեւյալը. «Այնպիսի վիճակ է ստեղծվել (երեւի կառավարությունն էլ մեղք ունի), որ ժողովուրդը լավ չգիտի, թե ով է որոշում էլեկտրաէներգիայի սակագինը։ Բոլորը համարում են, որ դա որոշել է օրինական վարչապետը կամ կառավարությունը»։ Այնուհետեւ թեկնածուն բացատրում էր, որ ստեղծված է հանձնաժողով, եւ հենց այդ հանձնաժողովն է որոշում սակագները։ Իսկ հանձնաժողովը անկախ է կառավարությունից։ Հիշեցվեց նաեւ միջազգային փորձը, որը հետեւյալն է՝ սակագնային քաղաքականությունն անջատվում է կառավարությունից, նախագահի հրամանագրով ստեղծվում է անկախ հանձնաժողով եւ նա է որոշում սակագները։ Այնուհետեւ, Ռոբերտ Քոչարյանը ժողովրդին դիմելով հարցրեց. «Եթե դուք ունենայիք աշխատատեղեր եւ մեծ աշխատավարձ, այդ սակագները ձեզ համար սարսափելի չէին լինի, ճի՞շտ է»։ Իհարկե, ճիշտ է, սակայն այդ երկու հրաշալիքն առայժմ ժողովուրդը չունի ու երբ կունենա՝ դժվար է ասել։

Հիշեցնեմ, որ իր նախընտրական ծրագրի սոցիալական ոլորտին վերաբերող գլխի առաջին տողը հետեւյալն է. «Առաջնահերթ սոցիալակն խնդիրը իրական աշխատավարձերի կտրուկ աճն է»։ Իսկ աշխատատեղերի մասին խոսվում է ավելի սկզբում։ Կարելի է ենթադրել, որ այն, ինչ չէր կարող անել օրինական վարչապետը, կանի օրինական նախագահը։ Մանավանդ, էներգետիկայի հանձնաժողովը ստեղծվել է հենց նախագահի (այս դեպքում՝ առաջին) հրամանագրով։ Էլեկտրաէներգիայի եւ այլ ապրանքների սակագների եւ մատչելիության հարցերում պարզություն մտցնելը եւ ժողովրդին հասանելի դարձնելը միայն կբարձրացնի նոր նախագահի վարկանիշը։ Այս թերթիկը պոկողները եւս առանձնապես սիրային զեղումներ չեն արտահայտում, սակայն ուզում են հավատալ, որ նախագահը կաշխատի իրենց օգտին, եւ հետո միայն կարելի կլինի խոսել սիրո մասին։

Թերթիկ երրորդ

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Կարեն Դեմիրճյանին դիմավորող մարդիկ, հիմնականում՝ կանայք, իրենց բուռն ու կրքոտ սերն արտահայտում էին պինդ ձեռքսեղմումներով, գրկախառնությամբ եւ «բոյիդ մեռնեմ, ջանիդ մեռնեմ» արտահայտություններով։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածն ավելի զուսպ էր եւ սպասողական։ Ժողովուրդը լսում էր եւ գլուխը տմբտմբացնում՝ կապրենք-կտեսնենք։ Նույնիսկ այնպիսի խոստումներ, ինչպիսին հետեւյալն է. «Ես կփորձեմ ամեն ինչ անել, որ դուք ունենաք ե՛ւ աշխատատեղ, ե՛ւ արժանապատիվ աշխատավարձ։ Գյուղացուն հնարավորություն կտանք հողը մշակել, որովհետեւ այսօրվա գյուղատնտեսությունը հասցրել ենք միջին դարերի մակարդակի», ժողովուրդը լսեց հանդարտ իմաստնությամբ եւ առանձնապես չոգեւորվեց։ Սակայն հոգու խորքում երեւի մտածեց՝ իսկ եթե չխաբի ու անի այն ամենն ինչ խոստանո՞ւմ է։ Ժողովուրդն ընտրեց ու սպասում է, սակայն բուռն զգացմունքների մասին առայժմ խոսելը վաղ է։ Ժողովուրդը տեսածին է հավատում եւ խոստումներից կշտացած է։ Նորընտիր նախագահը նախ ինքը պետք է ապացուցի իր սերն առ ժողովուրդ եւ պետք է այդ բանն անի ոչ թե խոսքով, այլ գործով։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930