Լրահոս
Օրվա լրահոսը

40 տոկոսը՝ մեծ հաղթանակ

Ապրիլ 02,1998 00:00
karen demirchyan

Երեկ Կարեն Դեմիրճյանն իր թիմին ստեղծված իրավիճակի հետ համակերպվելուն ուղղված նոր փորձ արեց։ Սակայն, ի տարբերություն նախորդ փորձի, այս անգամ նա կտրուկ ընդդիմության հանդիպեց։ Վստահված անձինք, շտաբների անդամները, որոնք օր ու գիշեր պայքարել են Կարեն Դեմիրճյանի համար, իսկ մի մասը ենթարկվել է բռնությունների եւ սեփական արժանապատվության ոտնահարման, չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ ամեն ինչ վերջացած է։ Եթե Կարեն Դեմիրճյանը չկարողանա ղեկավարել իր թիմի ընդվզումը, ապա նա կկորցնի ոչ միայն նրանց վստահությունը, այլ շատ հնարավոր է, որ այդ թիմն ինքը միայնակ դուրս գա պայքարի։ Նման դեպքում կազմակերպիչ-առաջնորդ միշտ էլ կգտնվի։

Իսկ այժմ ավելի հանգամանորեն երեկվա շտաբի նիստի մասին։ «60-40 տոկոսը բոլորիս համար պարզ թվեր են։ Այժմ պետք է մտածել հետագա քայլերի մասին։ Մենք չենք հրաժարվելու մեր ձայներից՝ թեկուզ ձեւակերպված, որը նշանակում է, որ յուրաքանչյուր 2,5 ընտրողից մեկը քվեարկել է մեր օգտին։ Դա ոչ միայն ագիտացիայի, այլեւ մեր աշխատանքի արդյունքն է։ Եթե նույնիսկ 40 տոկոսն արդար եւ իրական է, ապա դա եւս մեզ համար մեծ հաղթանակ է։ Բայց մենք գիտենք, որ վատագույն դեպքը դրա հակառակն է։ Իհարկե, եղել են կոպիտ խախտումներ, ուրիշ նման բաներ, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. սա իշխանությունների գիծն է, որը մինչեւ վերջ տանելու են։ Հեռուստատեսությունն այնպիսի կոմպանիա էր տանում, կարծես մեր այն լավագույն ժամանակները լինեին, երբ հայտնի էր, թե ով է ընտրվելու, եւ մենք մի քանի քվեաթերթիկ էլ գցում էինք հակառակորդի օգտին՝ հանուն ժողովրդավարության։ Փաստորեն մենք վերադարձանք նույն կետին։ Հիմա պետք է մտածել, թե ինչ ճանապարհով գնալ։ Կա երկու ուղի. համառ եւ օրինապահ պայքարի ուղին, եւ ցույցերի ու միտինգների ճանապարհը։ (Բոլորը միաձայն բղավեցին՝ ճիշտը առաջին ճանապարհն է)։ Այս անգամ ավելի նուրբ եւ ավելի մեծ խախտումներ են եղել, քան առաջին փուլում։ Արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կարծիքը, բայց իրավաբանական ապացուցումը շատ դժվար է։ Ընտրությունները մեր կողմից վերահսկել է 5000 մարդ, իսկ խախտումներ կատարել է մոտ 100000 մարդ։ Մյուս կողմից, ես հանդիպել եմ մի քանի պաշտոնատար անձանց հետ, որոնք ինձ ասում են՝ «Իսկ ձեր վստահված անձինք ուրիշ ի՞նչ պետք է ասեին»։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հայ ժողովուրդը հաղթի, եւ այստեղ արմատավորվի ժողովրդավարությունը։ Դրա համար անհրաժեշտ է գնալ երկար ճանապարհով, որի արդյունքում մենք կունենանք ժողովրդավարական պետություն եւ քաղաքացիական հասարակություն։ Այդ ճանապարհով մենք կդառնանք հզոր ուժ, իսկ ընդդիմադիրները կիմանան, որ մեր հետեւում կանգնած է ժողովուրդը։

Երկրորդ ճանապարհը՝ պերմանենտ միտինգներն են։ Որքան դա արդյունավետ է առաջին շրջանում, այնքան անիմաստ՝ այն ժամանակ, երբ արդյունքը տեսանելի չէ եւ մարելու միտումներ ունի։ Մենք պետք է գնանք առաջին ճանապարհով»,- այսպիսի ելույթից հետո Կարեն Դեմիրճյանն առաջարկեց, որպեսզի ներկաները եւս արտահայտվեն, քանի որ կա նաեւ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելու խնդիրը։

Ի տարբերություն Կարեն Դեմիրճյանի, մնացած բոլոր ելույթ ունեցողներն առաջարկեցին եւ պահանջեցին գնալ երկրորդ ճանապարհով. «Ես կարծում եմ, որ մեր 450 հազարի դիմաց կանգնած էր 150 հազարանոց բանակը, մնացած ձայները կեղծ են, ուրվականներ։ Եթե մենք գնանք կուսակցություն ստեղծելու ճանապարհով, որը ժամանակ է պահանջում, կկորցնենք ժողովրդի վստահությունը։ Եթե ժողովուրդը չիմանա, որ իր առաջնորդը պատրաստ է պայքարել 150 հազարանոց բանակի եւ ուրվականների դեմ՝ կհիասթափվի»։ «Մեր դեմ աշխատում էին հանցավոր խմբեր, մեզ ահաբեկում էին, վստահված անձանց ծեծում, գողացած քվեաթերթիկներ էին լցնում քվեատուփերի մեջ։ Անհրաժեշտ է անհապաղ անվավեր ճանաչել այս ընտրությունները»։ «Անհրաժեշտ է, որ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ամեն ինչ անցել-գնացել է»։ «Պետք է կազմակերպել միտինգներ, որի ընթացքում ժողովրդին պետք է ասել, որ ընտրությունները եղել են անարդար, եւ մենք չենք կարող շնորհավորել կեղծիքներով ընտրված նախագահին»։ «Իմ գործընկերը՝ ԱԺՄ-ից, ծախված էր։ Հաշվետու ժամանակ նրան պահեցին, իսկ երբ արդյունքներն ասացին, իմ մազերը ուղղակի բիզ-բիզ կանգնեցին։ Մարտի 16-ին այդ ընտրատարածքում արդյունքները ձեր օգտին էին։ Այստեղ 5 րոպեն մեկ մտնում էր «Կրեդիտ-Երեւան» բանկի տնօրեն Մարտին Հովհաննիսյանը եւ տալիս անհրաժեշտ ցուցումներ»։

«Անհրաժեշտ չէ ԱԺՄ-ի վրա ցեխ շպրտել։ Այնտեղից բազմաթիվ մարդիկ մեզ հետ պայքարեցին, եւ եթե այսօր էլ մենք միտինգ անենք, ապա նրանք է, որ պետք է մեզ պաշտպանեն։ Ժողովուրդը 1996 թ. դեպքերի մասին իմացավ միտինգներից։ Եթե մենք այսօր միտինգներ չկազմակերպենք, ժողովուրդը մտածելու է, որ ամեն ինչ նորմալ է եղել։ Մամուլը եւ հեռուստատեսությունն այս ձեւով են մշակում ուղեղները»։ «Այստեղ հարցն այն է, թե մեր ընտրված նախագահն ինչպես է շնորհավորելու չընտրված նախագահին»։ «Ինչո՞ւ մենք հաշվի չենք առնում եւ օգտագործում ԵԱՀԿ դիտորդներին։ Նրանց նկատմամբ նույնպես բռնություններ են եղել»։ «Մենք երեխաներ ենք մեծացնում եւ չի կարելի անընդհատ հանդուրժել, որ ոտնահարվի մեր եւ մեր երեխաների քաղաքացիական արժանապատվությունը»։ «Ես Վարդենիսի շտաբի պետն եմ։ Մեզ մոտ ժողովուրդը զորքի հետ կռվի մեջ է եղել։ Այնտեղ 7-8 հոգի պառկած են, ինձ ասել են՝ գնա, Կարեն Սերոբիչին ասա, որ եթե նա մեր ձայները չպաշտպանի, ապա մենք ենք գալու Երեւան»։ «Դիլիջանում ձեր ոտքերի տակ գառ մորթողներին երկրորդ օրը բռնել են»։ «Եթե այսօր դուք չպայքարեք անարդարության դեմ, ժողովուրդն ասելու է, թե ճիշտ էին այն խոսակցությունները, որ Կարեն Դեմիրճյանը ընտրությունների մեջ է մտել՝ իր ձայները Քոչարյանին տալու համար»։ «Եթե այսօր մենք չպայքարենք, չենք կարողանալու ստեղծել նաեւ այդ կազմակերպությունը։ Քանի որ մարդիկ մի քանի օրվա ընթացքում կկոտրվեն»։ «Մենք չպետք է մասնակցեինք ընտրություններին, մինչեւ հանձնաժողովները չփոխվեին։ Մենք չպետք է վատ զգանք, որ միջազգային հանրային կարծիքը կարող է մեր դեմ տրամադրվել։ Եվ խախտումների մասին պետք է տեղյակ պահել աշխարհին։ Եթե մենք լռում ենք, ապա նշանակում է, որ համաձայն ենք արդյունքների հետ»։

– ԱԺՄ-ի հետ ինչ պայմանավորվել ենք՝ կատարվել է։ Ձեր կարծիքները սուբյեկտիվ են։ Բայց իմացեք, որ մենք տեր ենք կանգնելու ձեր ձայներին։ Պետք չէ կրքերով առաջնորդվել,- եզրափակեց հանդիպումը Կարեն Դեմիրճյանը։ Սակայն ներկաներից մեկն ուղղակի բղավեց. «Այն հայտարարությունը, որ դուք արել էիք մարտի 16-ին, պետք է կրկնեիք, ավելացնելով, որ խոստացված ազատ եւ արդար ընտրությունները չեն եղել, ժողովուրդը ձեզ 70 տոկոս քվե է տվել, տեր կանգնեք դրանց»։ (Երկարատեւ եւ բուռն ծափահարություններ)։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930