Դիմում-բողոք
Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 39-ի տակ տեղակայված է եղել «Հայկենցաղսպասարկում» ՀԱՄ-ին պատկանյալ կարի անհատական պատվերների «Նոր տարազ» ֆաբրիկայի նորաձեւության արտադրամասը։ Տվյալ արտադրամասում ավելի քան 30 տասնամյակ աշխատել ենք սույն դիմում-բողոքի հեղինակ՝ կոլեկտիվի 21 անդամներս։ Դեռեւս 1994թ. կոլեկտիվը դիմել էր ՀՀ սեփականաշնորհման եւ ապապետականացման պետական հանձնաժողովին՝ օբյեկտը սեփականաշնորհելու խնդրանքով։ Պետական հանձնաժողովի 1994թ. հոկտեմբերի 10-ի թիվ 86 որոշմամբ կոլեկտիվի սեփականաշնորհման հայտը ընդունվել է։ Միաժամանակ կոլեկտիվը գրավոր կարգով տեղեկացվել է, որ օբյեկտը պետք է ընդգրկվի 1994թ. ՀՀ «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրի մեջ», սակայն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «թեթեւ ձեռքով» օբյեկտն արդեն իսկ հանված է եղել սեփականաշնորհման ցուցակներից։
Այսպես, անտեսելով 1992թ. օգոստոսի 27-ի «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի պահանջը, համաձայն որի կառավարության որոշմամբ միայն կարող է օբյեկտը սեփականաշնորհվել, այն էլ առաջնային կարգով աշխատավորական կոլեկտիվին, ՀՀ նախկին վարչապետ Հ. Բագրատյանի 1994թ. օգոստոսի 15-ի թիվ 312 միանձնյա կարգադրությամբ, այսպես կոչված ֆրանսա-հայկական համատեղ դեղատան տեղավորման անվան տակ՝ ոտնահարելով կոլեկտիվի 21 անդամների սեփականաշնորհման կապակցությամբ տվյալ օբյեկտի նկատմամբ ունեցած նախապատվության իրավունքը, թիվ 37 կարի արհեստանոցի զբաղեցրած 209 քմ տարածքը Երքաղխորհրդի գործկոմի տնօրինությունից անհատույց հանձնվել է ՀՀ առողջապահության տնօրինությանը։
Նույն կարգադրությամբ հանձնարարություն է տրվել Երեւանի քաղխորհրդի գործկոմին՝ ստեղծել համատեղ հանձնաժողով եւ մեկամսյա ժամկետում ավարտել տարածքի՝ սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները։ Կոլեկտիվի անդամները հետագայում տեղեկանալով ՀՀ վարչապետի անօրինական կարգադրության մասին, դիմել են տարբեր ատյաններ, սակայն նրանց դիմում-բողոքներին ընթացք չի տրվել ու անգամ դիմումատուներիս չի պատասխանվել։ Ինը ամիս անց՝ 1995թ. ապրիլի 6-ին նոր միայն, այն էլ սպառնալիքների եւ բռնարարքների ազդեցության տակ կազմվել է օբյեկտի հանձնում-ընդունման ակտ, ապա կոլեկտիվի անդամները ոստիկանության միջամտությամբ վռնդվել են կենցաղի արհեստանոց ծառայած տարածքից։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում մտցնելուց որոշ ժամանակ անց միտումնավոր կարգով օբյեկտը վարձակալությամբ տրվել է հայ-ֆրանսիական «Արմա» ընկերությանը, իսկ մի քանի ամիս անց այն անօրինական կարգով սեփականաշնորհվել է։ Փաստորեն առայսօր օբյեկտը փակ է եւ ինչպես սեփականաշնորհումից առաջ, այնպես էլ հետո այն չի գործում, իսկ մենք մնացել ենք գործազուրկ։ Իրականում կոլեկտիվը պարզել է, որ վերը շարադրված բոլոր անօրինականությունների պատվիրատուն հանդիսացել է «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի գլխավոր տնօրեն, ԱԺ պատգամավոր, «Արմա» ընկերության հիմնադիր ու ղեկավար Ա. Կուշկյանը, որը նախկին իշխանավորների հովանավորչությամբ անօրինի տնօրինում եւ տիրապետում է այդ տարածքը։
Այսպիսով, ՀՀ նախկին վարչապետ Հ. Բագրատյանի եւ ԱԺ պատգամավոր Ա. Կուշկյանի վերը շարադրված անօրինական գործողություններով կոպիտ կերպով խախտվել են պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին օրենսդրության պահանջները, ուստի համաձայն օրենքի 47, 48 հոդվածների, վերը հիշատակված բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է կրեն պատասխանատվություն, վերացվեն օբյեկտի վերաբերյալ կայացրած բոլոր անօրինական որոշումները, իսկ օբյեկտը մեկնարկային վիճակով սեփականաշնորհվի աշխատավորական կոլեկտիվի 21 անդամներին։ Վերը շարադրված աղաղակող անօրինականության փաստերի մասին դիմում-բողոքներ է հղվել ՀՀ նախագահի պաշտոնակատարին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ սեփականաշնորհման նախարարին։
Վ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Երեւանի կարի անհատական պատվերների «Նոր տարազ» նախկին ֆաբրիկայի թիվ 31 նորաձեւության արտադրամասի կոլեկտիվի անունից՝ կոլեկտիվի ղեկավար