Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծիքներ` հօգուտ Դեմիրճյանի

Ապրիլ 01,1998 00:00

Հայաստանում ընտրություններն այնքան էլ արդար չեն անցել։ Մի քանի համայնքների ընտրատարածքներում արդեն իսկ գրանցվել են խախտումներ երկուստեք վստահված անձանց կողմից, իսկ մի քանի խախտումներ էլ անտեսվել են նրանց անուշադրության պատճառով։ Շենգավիթի ընտրատարածքներում եղել են անձինք, որոնք քվեարկել են չորս անգամ, տարբեր ընտրատարածքներում։ Սա դեռ մի քիչ ընդունելի է, բայց ցավալի է մի փաստ, որ մահացածների անունները նույնպես հայտնվել են ընտրացուցակներում։ Այսպիսի փաստի հանդիպեցի Բելինսկու անվան դպրոցում տեղակայված ընտրատարածքի ցուցակներում, ուր հայտնված են եղել մորս եւ հարեւանի աղջկա անունները, որոնք մահացել են վաղուց։

Ես զրուցեցի մի անձի հետ, որը չցանկացավ ներկայանալ, քանի որ կեղծիքներ է կատարել հօգուտ նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի։ Նա առանց անձնագրի քվեարկել է չորս տարբեր ընտրատարածքներում։ Երիտասարդը հայտնեց, որ իրեն հանձնվել են նշումներով ընտրաթերթիկներ Կարեն Դեմիրճյանի անվամբ, որն էլ զգուշությամբ սահեցրել է ընտրարկղի մեջ։ Հետաքրքիրն այն է, որ ըստ նրա, կեղծիքները կատարվել են առանց ընտրակաշառքի։

Այժմ հարկ է խոսել ընտրացուցակներում մահացածների անունների հայտնման մասին. ինչպես կարողացա պարզել մեկ այլ անձից, նրանց փոխարեն քվեարկվել է հօգուտ Դեմիրճյանի։ Այսպիսի մի դեպք պատմության մեջ եղել է, երբ Ամերիկայում նախագահական ընտրությունների ժամանակ մահացածների անունները հայտնվել են ընտրացուցակներում եւ նրանք իբրեւ թե քվեարկել են հօգուտ Քլինթոնի։ Ինչպես տեսնում եք, այս ուսանելի երեւույթը մեզ մոտ էլ է հաշվի առնվում։

Ի դեպ, նշեմ մի փաստ եւս, որ երիտասարդին առաջարկվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի անվամբ նշումով ընտրաթերթիկ, որը նա չի գցել ընտրարկղը։ Իմ կարծիքով նման փաստերը միակը չեն, քանի որ այս քայլին է հետեւել երիտասարդների մի ամբողջ խումբ։ Այս մասին տեղեկացրեց տվյալ անձը։ Ո՞ւմ է ծառայել երիտասարդների այս խումբը եւ ո՞ւմ ցուցումով, ինձ չհաջողվեց պարզել։

Ինձ ցավ է պատճառում այն, որ նախագահի թեկնածուներն ամեն օր, ամեն ժամ քարոզում էին արդար, ազատ եւ թափանցիկ ընտրությունների գաղափարը։ Հատկապես եկա այն եզրակացության, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի կեղծիքների շարանը ոչ միայն եղել է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, այլ նաեւ՝ Կարեն Դեմիրճյանի։ Եվ եթե Կարեն Սերոբիչը փորձում էր առաջին փուլից հետո «սուրբ» ձեւանալ, մեղքերի մի ամբողջ շարան բարդելով Ռոբերտ Քոչարյանի եւ նրա կողմնակիցների վզին, ապա երկրորդ փուլում ապացուցեց, որ այնուամենայնիվ, ինքը «սուրբ» չէ։ Իհարկե, չի կարելի չնշել, որ իր օգտին կատարված մեքենայություններին նա եւ իր շտաբը տեղյակ չեն եղել։

Ա. Լ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930