Արդեն ավանդաբար, ընտրությունների հաջորդ օրը խորհրդարանի աշխատանքները սկսելու համար բավարար թվով պատգամավորներ չկային։ Ինչպես կասեր ՀՀՇ-ի մի նախկին առաջնորդ, «քվորման բացակայության» պայմաններում պարտաճանաչ շուրջ 60 պատգամավոր կանոնակարգով սահմանված իրենց բաժին 3 ժամը սպասեցին անպարտաճանաչներին։ Արդեն ավանդաբար, լրագրողներն էլ այդ ընթացքում փորձում էին մեկնաբանություններ կորզել։ Ի դեպ, երեկ խորհրդարան վերադարձավ նախագահի մեկ թեկնածու։ Մնացին եւս 5-ը։
Սոս Գիմիշյան, «Ժողովրդավարական հայրենիք».
-Մեր կուսակցության հայտարարությանը թեկնածուներից միայն մեկը՝ Դեմիրճյանն էր արձագանքել, ընտրությունների ընթացքը վերահսկելու համար մեզ տալով վստահված անձի կարգավիճակ։ Մեր առաքելությունն իրականացրինք Աջափնյակ համայնքում։ Շուրջ 10 տեղամասերում վստահված 20 անձինք ունեինք։ Ընթացքում նաեւ այլ վայրերում ենք շրջել։ Ճիշտն ասած, ակնհայտ եւ հստակ խախտումներ չեմ արձանագրել։ Նույն 131 դպրոցում 21 քվեաթերթիկ գցելու փորձի մասին գիտեմ, բայց ինքս ականատես չեմ եղել։
Դավիթ Զադոյան, «Երկրապահ» խմբի ղեկավար, Արարատի մարզպետ.
Կարդացեք նաև
– Առաջին փուլում մեր մարզում Ռոբերտ Քոչարյանը ստացել էր ձայների 76 տոկոսը։ Դեմիրճյանը մեր մարզում 4-րդ տեղում էր՝ ստացել էր 16 հազար 800 թե 900 ձայն։ Մինչդեռ Քոչարյանը ստացել էր 53 հազարից ավելի քվեներ։ Նույն համամասնությունը հիմա էլ պահպանվեց։ Այժմ Ռոբերտ Քոչարյանը 77 տոկոսով է հաղթել։ Խախտումների վերաբերյալ տեղեկություններ դեռ չունեմ։ Ինձ թվում է՝ չեն էլ լինի, քանզի ամբողջ ընթացքը կարծես բաց, թափանցիկ եւ բնականոն էր։
Արթուր Բաղդասարյան, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի եւ ՀԻՔՄ նախագահ.
– Վիճակը բավական լավ, բարվոք էր։ Ծեծկռտուքներ կամ նմանատիպ միջադեպեր չեն եղել. գոնե մենք նման տվյալներ չենք ստացել։ Առաջին փուլից հետո ունեցած մեր մտահոգություններից երկուսն են պահպանվել, որոնք կապված են ընտրական օրենքի հետ։ Կապանում եւ Գյումրիում, նաեւ՝ Երեւանում, հիվանդ քաղաքացիների ընտրելու իրավունքին առնչվող դեպքեր են եղել։ Փաստորեն, շրջիկ քվեատուփերի բացակայությունը բերում է նրանց ընտրական իրավունքի ոտնահարման։
Էռնեստ Սողոմոնյան, ՍԴՀԿ համահայկական ԿՎ անդամ.
– Իմ կարծիքով, ընտրությունների երկրորդ փուլը հաջողված էր կազմակերպական, հրապարակային լուսաբանման առումներով։ Սա նվաճում էր, մի նոր որակ, որը պետք է կարողանանք պահպանել նաեւ հաջորդ ընտրությունների ժամանակ։ Մեր կուսակցության դիրքորոշումը ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններն էին։ Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Կարեն Դեմիրճյանը մեր գաղափարախոսական, քաղաքական դաշտում տեղավորվում էին, եւ երկուսի հետ հանդիպումներում էլ սա պարզ ասել ենք։ Առաջինը՝ որպես ազատ, անկախ եւ միացյալի դրսեւորում, քանզի Ղարաբաղը դրա սկիզբն ենք համարում։ Իսկ երկրորդ թեկնածուն սոցիալական արդարության հաստատման հույսն էր ժողովրդի համար։ Այնպես որ, մեր տղաներին ազատություն էինք տվել աջակցելու այս կամ այն թեկնածուին։
Վազգեն Սաֆարյան, Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության գործադիր խորհրդի նախագահ.
– Մնում եմ այն տեսակետին, որ ընտրությունները պետք է արդարացի անցնեն, այլապես իշխանության եկածները չեն կարող ժողովրդի կամքն արտացոլել։ Խնդիրը ոչ թե անձերն են, այլ որ իշխանությունը ձեւավորվի ընտրողների մեծամասնության համաձայնությամբ։ Նման բան այսօր ասել դեռ չեմ կարող։ Հետո, պիտի բողոքները համակարգվեն, ուսումնասիրվեն՝ դրանից հետո կարելի է հետեւություններ անել։
Յուրի Բախշյան, ԱԺ փոխնախագահ.
– Ընտրություններն անցան այն պայմաններում, ինչպես սովոր էինք ընտրություն անցկացնել։ Ոչ կարող էինք մեր գլխից վերեւ ցատկել, ոչ մեջտեղից պատռվել, անում էինք այն, ինչի ավանդույթը ձեւավորված է։ Ամեն ինչ համեմատության մեջ է որոշվում, եւ համեմատելով այս ընտրությունները հենց թեկուզ առաջին փուլի հետ, կարծում եմ, որ սա մեկ քայլ առաջ էր։ (Պրն Բախշյանին լրացուցիչ հարց ուղղեցինք, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ընտրությունների 3-րդ փուլի ժամանակ ամեն ինչ է՛լ ավելի լավ կլինի.- Ա. Ի.)։ Աստված մի արասցե, եթե նման բան լինի։ Ընտրական գործընթացներում էլ «մեղր չեն բաժանում», եւ նման դեպքում բեւեռացումն ուղղակի սահմանները կանցնի։ Նաեւ, իրոք, ծանր եւ հոգնեցուցիչ է այս ամենը։
Ալբերտ Բազեյան, ԱԺ եւ «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ.
– Երկրորդ փուլը շատ ավելի լավ եւ բարեհաջող անցավ։ Չեղան այնպիսի միջադեպեր, ինչպիսիք կային նախորդ անգամ։ Մանր-մունր օրինախախտումները կամ դրանց փորձերը չեն կարող ազդել ընդհանուր արդյունքների վրա։ Գտնում եմ, որ դիտորդներն այս անգամ պետք է դրական եզրակացություն տան, քանզի լուրջ հիմքեր կարծես չկան ընտրությունների արդյունքներին կասկածելու։
Վաչագան Հարոյան, «Հանրապետություն» խմբակցություն.
– Ես ուղղակի չեմ հավատում ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներին։ Իհարկե, ինչպես առաջին փուլում՝ կոպիտ, աղաղակող խախտումներ չեն եղել։ Մինչ այդ է ամեն ինչ արվել։ Տեղյակ եմ, թե Արագածոտնի մարզում, Թալինի գյուղերում ընտրարշավն ինչպես է ընթացել։ Մի տեղ գյուղապետն ուղղակի ահաբեկելով ստիպել էր գյուղացիներին մի թեկնածուի օգտին քվեարկել։ Ասել էր՝ «Կտրոնի վրա ստորագրել ես, միեւնույն է, կպարզենք, թե ինչպես ես քվեարկել»։ Մարդիկ էլ անտեղյակ այդ կտրոնի իմաստից, վախեցած քվեարկության էին գնացել։ Մի տեղ ձրի պարարտանյութ բաժանելու խոստումներ էին տվել, որը դեռ չկա։ Գյուղացիներին նաեւ սերմացու էին խոստացել (առավել որոշակիացնել՝ անուններ նշել պրն Հարոյանը հրաժարվեց- Ա. Ի.)։
Վիգեն Խաչատրյան, ՌԱ(ԼԴ)Կ նախագահ.
– Անկեղծ ասած, երկրորդ փուլին չենք հետեւել, անիմաստ ենք համարել։ Ես գնացել եմ ընտրության, իհարկե, առանց մեծ ոգեւորության։ Կանխորոշված էր ամեն ինչ։ Երեւի մի անխուսափելի փուլ եւս անցանք, երբ իշխանությունը նոր իշխանություն ձեւավորեց։ Հայաստանը շատ բարդ ու ծանր շրջան է անցնելու, եւ հիմա ավելի է դժվարանալու քաղաքականությամբ զբաղվելը։ Սա հոռետեսություն չէ, այլ իրատեսություն։ Վստահ եմ, որ ժողովուրդն իր հերթական դասերն է քաղելու, նորից է հիասթափվելու իշխանությունից։ Եվ լուրջ առաջընթաց չեմ ակնկալում, մինչեւ չհասնենք զարգացման այն աստիճանի, երբ ժողովուրդն իշխանություն ձեւավորի։ Ինչո՞ւ պիտի մարդիկ վախենային թաղային հեղինակությունից կամ գյուղապետին, մարզպետին ենթարկվեին, ինչո՞ւ պիտի իշխանությունն այսքան սարսափեր նորերի գալու հեռանկարից։ Սրանք լուրջ հարցեր են, որոնք արմատներ ունեն։ Երեւի թե զարգացման այս աստիճանում է մեր հասարակությունն ու երկիրը եւ, ըստ էության, շատ զարմանալի եւ անսպասելի չէր տեղի ունեցածը։ Ուղղակի տեղում դոփում ենք, եւ սա առաջընթաց չէր, ինչպես շատերը փորձում են ներկայացնել։
Անժելա Բակունց, «Շամիրամ» խմբակցություն.
– Երկրորդ փուլն անհամեմատ ավելի հանգիստ անցավ։ Կարծես թե, հանձնաժողովներում թեկնածուների վստահված անձինք իրար նկատմամբ ավելի բարի էին տրամադրված։ Չեմ կարող չնշել, որ շատ տհաճ եւ անընդունելի էին քարոզչության պատասխանատուների փոխադարձ հայտարարությունները։ Կարիք չկար կրքեր բորբոքել, երբ մարդիկ հանգիստ աշխատում էին։ Ինչեւէ, սովորեցինք ընտրությունները քաղաքակիրթ անցկացնել եւ մեր ստորագույն հակումներն ի ցույց չդնել։ Եթե սովորենք նաեւ քաղաքակիրթ ապրել: Ի դեպ, ես ընդհանրապես միապետության կողմնակից եմ։ Թագավոր ընտրելով՝ նրա ժառանգներին կնախապատրաստեինք երկիրը կառավարելու համար։ Միապետական լինելով հանդերձ, նաեւ ազատական-ժողովրդավար եմ եւ կարծում եմ, թե խորհրդարանն էլ այդ պայմաններում ժողովրդավարական կլիներ։ Խորհրդարանական միապետություն՝ երեւի սա է Հայաստանի պես փոքր երկրի համար կառավարման ամենաընդունելի տարբերակը (ի զարմանս ինձ, պարզեցի, որ մեր խորհրդարանում միապետության բավական շատ կողմնակիցներ կան- Ա. Ի.)։
Սամվել Գեւորգյան, «Հանրապետություն» խմբակցություն.
– Առաջին փուլից ավելի «կազմակերպված» անցավ երկրորդը։ Միայն իմ քվեարկությունն եմ կատարել, ուստի չեմ կարող այլ գնահատականներ տալ։ Մանավանդ, որ արդյունքները դեռ ոչ բոլորի համար են պարզ։ Բայց կարեւորում եմ, որ ընտրություններն առանց ցնցումների անցան։ Եվ, ի վերջո, մենք հանրապետության նոր նախագահ ենք ունենալու։ Շնորհավորում եմ մեր նոր նախագահին, ցանկանում եմ հաջողություններ, որ կարողանա լավ թիմ հավաքել, լավ կառավարություն ունենալ։ Հատկապես ցանկանում եմ, որ նոր նախագահը կարողանա հասնել Արցախի հարցի արդարացի լուծմանը։ Բարին ընդ ձեզ։
Հարցազրույցները վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ