Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր տեղամասեր՝ ըստ մեկ շտաբի

Ապրիլ 01,1998 00:00
qveatup

Փուլ առ փուլ կամ փաթեթային ավարտվեց նախագահական ընտրությունների երկրորդ՝ առավել թափանցիկ փուլը։ Մնացինք մենք ու մեր տպավորությունները, մենք ու մեր խաչը։ Իսկ նախընտրական շտաբներում աշխատանքը կանգ չի առել։ Առավել մարդաշատ էր Կարեն Դեմիրճյանի շտաբը։ Գալիս էին ընտրողներ, դժգոհում էին ընտրությունների արդյունքներից եւ իրենց համակրանքն էին արտահայտում Կարեն Դեմիրճյանին։ Լինում էին նաեւ բազմաթիվ հեռախոսազանգեր։

Իմ այցելության պահին ներկա էր Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղից Կարեն Դեմիրճյանի վստահված անձը, որը հայտնեց, թե իրենց տեղամասի տվյալները չեն հաղորդվել, քանի որ միայն իրենց գյուղում է Դեմիրճյանը հաղթել։ Դեմիրճյանին կողմ է քվեարկել 800 մարդ, Քոչարյանին՝ 419, անվավեր է ճանաչվել 13 քվեաթերթիկ, ընտրողների ընդհանուր քանակը եղել է 1670, ընտրություններին մասնակցել է ընդամենը 1200 մարդ։ Դեմիրճյանի շտաբում փորձեցի պարզել, թե ինչ խախտումներ են գրանցվել։ Հենց սկզբից, սիրով տրամադրեցին խախտումների գրանցումների մատյանները։ Թվով 4 մատյան։ Մինչ կհասցնեի պատրաստել թուղթն ու գրիչը, նկատեցի, որ ձեռքիս միայն մեկ մատյան է մնացել՝ մյուսներն անհետացել էին։ Իմ հարցմանը պատասխանեցին, որ այդ մատյաններում դեռեւս ճշտելու բաներ կային, եւ առայժմ լավ կլինի, որ ծանոթանամ այս մեկին։ Դե ինչ, տանտերն իրենք էին։ Իսկ ինձ հրամցված մատյանը վերնագրված էր՝ ծանր տեղամասեր։ Փորձեցի գրի առնել ամենածանր դեպքերը, բայց բանավոր ինձ ասացին, թե ամենածանր դեպքը գրանցվել է Զեյթունում, երբ ինչ-որ կնոջ են ծեծել, բայց հետո էլ շտաբի իրավաբան պրն Գեւորգյանն ասաց, թե դեռեւս ամբողջ ինֆորմացիան չկա, եւ առայժմ որոշակի ոչինչ չեն ուզում հայտնել։

«Ծանր տեղամասում» ընտրեցի առավել ծանր դեպքերը։ Արդյունքում ստացվեց, որ միայն երկու անգամ էր գրանցված ահազանգողի անուն-ազգանունը։ Մնացած բոլոր դեպքերում ահազանգողի սյունակում գրված էր միայն մեկ բառ՝ ընտրող։ Իսկ խախտումների բովանդակությունն այն տպավորությունն էր թողնում, թե պարզապես գրվել էր՝ գրվելու համար։ Հավանաբար, Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբը մեծ ջանք չէր գործադրել լուրջ խախտումներ հայտնաբերելու համար։ Եվ այսպես, դատեք ինքներդ։

«5/8 եւ 6/38 տեղամասերում առկա են նույն ցուցակները։ 5/18 տեղամասում մեկուսացրել են մեր վստահված անձին, մեծաքանակ նախապես նշված քվեաթերթիկներ են գցել արկղը։ 8/12-ում 9.50 (երեկոյան) չեն թույլատրել քվեարկել, պատճառաբանելով, որ քվեարկությունն ավարտված է։ Այդ պահին ընտրողը տեսել է, որ նախագահը արկղ է գցում քվեաթերթիկների ստվար խուրձը։ 11/2-ում «ՎԱԶ 2106» սպիտակ գույնի ավտոմեքենան 01-09 պետհամարանիշով շրջում էր Շենգավիթի շրջանում եւ խուլիգանությամբ էր զբաղվում։ 5/13, 5/1, 5/4-ում ծեծկռտուք են սկսել, եւ իրավիճակը դուրս է եկել հսկողությունից։ 11/2, 11/3, 11/7-ում Բախշյան Խաչիկ, ճավ-ճավ Հրանտի մոտ, յուրաքանչյուրի մոտ 300 քվեաթերթիկ կար եւ յուրաքանչյուրին 3000 դրամ տալով, քվեարկում են (10 հատ քվեաթերթիկ են գրել), ժամը 9.30-10.00»։

Նախընտրական շտաբում ինձ խոստացան, որ օր-օրի ինֆորմացիան կշատանա, եւ հետագայում ավելի ամբողջական տեսքով կներկայացվեն ընտրությունների ընթացքում կատարված ծանր խախտումները։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930