Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրջ եւ հանդուրժող թեկնածուներ

Ապրիլ 01,1998 00:00
KYH

Լուրջ եւ հանդուրժող թեկնածուներ ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ իրենց տպավորությունները «Առավոտի» հետ կիսեցին ԿԸՀ անդամները։ Ստորեւ ներկայացնում ենք նրանցից ոմանց տեսակետները։

Նորայր Խանզադյան, ԿԸՀ-ում ԻՄ ներկայացուցիչ.

– Ավելի քան 20-21 ժամ է անցել ընտրություննների ավարտից։ Երեկվանից իսկ լարված աշխատում ենք։ Ընտրական հանձնաժողովը բազմաթիվ ահազանգեր է ստացել, դրանց հետքերով եղել ենք մի քանի ընտրատեղամասերում, սակայն էական ոչինչ չենք արձանագրել։ Աննշան խախտումներ, իհարկե, եղել են, բայց անմիջապես տեղ հասած աշխատանքային խումբը կանխել է դեպքերի անցանկալի զարգացումը։ Կարծում եմ, որ առաջին փուլի համեմատ ընտրությունները շատ ավելի ազատ էին ու արդար։ Տեղամասերից ԿԸՀ-ին ուղղվող հիմնական դժգոհությունները տարածքներում տեղի ունեցող կուտակումներին էին վերաբերում։ Խոսվում էր «թաղի լավ տղաների» ի մի գալու մասին։ Բայց երբ աշխատանքային խումբը հասնում էր ընտրատեղամաս, նրանք տեղերում չէին լինում։ Հիմնականում բողոքներն այս բնույթն են կրել։ Եղել են նաեւ բողոքներ քվեաթերթիկների քվեատուփ «ներարկելու» վերաբերյալ։ Արձանագրվել է այդպիսի մի քանի դեպք։

Արմենուհի Զոհրաբյան, ԿԸՀ քարտուղար.

– Նախ կցանկանայի ասել, որ երկրորդ փուլը շատ ավելի հանդարտ ընթացք ունեցավ։ Մեկ այլ նոր դրսեւորում եւս՝ երեկվանից սկսած տվյալների ստացումը շատ ավելի արագ է տեղի ունենում։ Մարզային ընտրական հանձնաժողովները շատ ավելի արդյունավետ են աշխատում, ինչի պատճառներից մեկն էլ, հավանաբար, այն է, որ փոքր է թեկնածուների թիվը։ Նրանք ընդամենը երկուսն են։ Այս անգամ ֆաքսերի հետ կապված որեւէ խնդիր չունեցանք։ Իսկ նախորդ անգամ, ինչպես հայտնի է, հեռավոր շրջաններից ֆաքսով ուղարկված փաստաթղթերը տեղ էին հասնում մեծ դժվարությամբ։ Այս անգամ տվյալները համեմատաբար արագ ստացվեցին։ Այս պահի դրությամբ էլ դեռ տվյալներ ենք ստանում։ Ես, համենայնդեպս, հանգիստ եմ զգում։ Կարծում եմ, որ ընտրությունները նորմալ ընթացք են ունեցել, առավել եւս, երբ գանգատներ ու բողոքներ գրեթե չկան։ Ընտրության օրը, իհարկե, ահազանգեր, հեռախոսազանգեր եղել են, որոնց հետքերով գնացել են հանձնաժողովի անդամները։ Մինչդեռ, այս պահին ձեռքի տակ ունենք գրանցված ընդամենը երեք գրավոր բողոք։ Կարծում եմ, որ արդեն սովորեցինք ընտրություն կատարել։ Հավանաբար, հաջորդ ընտրությունները շատ ավելի լավ կանցնեն, քան այս արտահերթ նախագահական ընտրություններն էին։ Մինչեւ օրվա վերջ արդեն կունենանք ամբողջ Երեւանի պատկերը։ Պարզապես, տվյալ պահին, վերջնական տվյալների ստացումը դանդաղում է կտրոնների հաշվման պատճառով։

Խաչատուր Բեզիրջյան, ԿԸՀ հանձնաժողովի նախագահ.

– Տպավորություններս լավ են։ Երկրորդ փուլն ավելի լավ անցկացվեց, քան առաջինը։ Ավելի հանգիստ էր, թեկնածուներն ավելի բարյացակամ էին միմյանց նկատմամբ ու ավելի հանդուրժող։ Ավելի լուրջ էին։

Ֆիլարետ Բերիկյան, ԿԸՀ-ում ԱԺՄ-ի ներկայացուցիչ.

– Ես դեռեւս ձեռնպահ եմ մնում որեւէ բան ասելուց, որովհետեւ ձեռքի տակ չունեմ ընտրությունների արդյունքներին վերաբերող տվյալներն ամբողջությամբ։ Իսկ այդ պարագայում շատ դժվար է որեւէ հիմնավորված բան ասել։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930