Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ. լրջանալու պահը

Ապրիլ 01,1998 00:00
KYH

Մարտի 30-ին, ժամը 10.30-ին ԿԸՀ մտնելս նշանավորվեց նրանով, որ մտածս րոպեից (ու մինչ այդ էլ) ոչ մի վայրկյան չէին լռում «բողոքի» հեռախոսները։ Թե՛ երկու հեռախոսավարուհիները, թե՛ ստեպ-ստեպ հեռախոսին մոտեցող ԿԸՀ անդամները, թե՛ ԿԸՀ իրավաբան Պատվական Հովակիմյանը գրանցում էին այս ու այն տեղամասում նկատված խախտումներն ու անկարգությունները, սակայն դրանք բոլորը ստուգելու ո՛չ հնարավորություն կար (ավտոմեքենաները մեկ-երկուսն էին), ո՛չ էլ ժամանակ (հեռախոսը ոչ մի պահ չէր լռում)։ ԿԸՀ-ի անդամ Վովա Հախվերդյանը նախ հավաստիանալով, որ որեւէ լուրջ խախտման դեպքում՝ ինձ իր հետ տանելով դեպքի վայր, ամեն ինչ կգրեմ այնպես, ինչպես կտեսնեմ, խոստացավ, որ շուտով կգնանք մի խախտման հետքերով։ Ճիշտ է, չգնացինք, բայց հեռախոսը հա զնգում էր։ Բողոքները ներկայացնում եմ ստորեւ (թեեւ չի բացառվում, որ այստեղ էլ կան որոշ անճշտություններ).

Ավանի Դանիել Վարուժան թաղամասի 6-րդ շենքի բնակիչներն անհանգիստ էին, որ ցուցակում չկան։ Հրազդանում (մասնավորապես՝ Աղավնաձորում) ընտրությունները բառիս ուղղակի իմաստով բաց են ու թափանցիկ։ Քվեարկությունը կատարվում է ի տես ամենքի։ Վստահված անձինք լքել են տեղամասը։ Աբովյան քաղաքում ընտրական հանձնաժողովի անդամ Էմմա Տուռուզյանին հեռացրել են հանձնաժողովից, քանի որ վերջինս պահանջել է այս կամ այն սեղանի մոտ նստելու համար վիճակ գցել։ Ժամը 12.00-ին հեռուստատեսությամբ հայտնվեց, որ ընտրություններն անցնում են ազատ ու արդար։ Իսկ այդ ժամին հնչած հեռախոսազանգը վկայում էր, թե Արաբկիրի շրջանի 3/34 տեղամասի հանձնաժողովի անդամներից մեկին հեռացրել են, իսկ «Սեբաստիա» հյուրանոցում մեկ անձնագրով մի քանի հոգի էին ընտրում։ Լոռվա մարզի Գուգարք գյուղի 31 ընտրատեղամասում Դեմիրճյանի վստահված անձինք չկան, իսկ Քոչարյանի անվան դիմաց նշումներ արած քվեաթերթիկների մի կապոց են գցել արկղ։ Խրձով քվեաթերթիկ են նետել ընտրարկղ նաեւ 6/23 տեղամասում (Նալբանդյանի դպրոց)։ Ընտրությունները հրապարակային ու ի տես ամենքի են նաեւ Կոտայքի շրջանի Առինջ գյուղում։ «Սրանք բոլորը սպասվելիք տեղամասեր են,- սենյակում շրջում էր ու ասում պրն Ֆիլարետ Բերիկյանը,- կարող եմ ասել, թե էլ որտեղից են բողոքներ գալու»։

Ժամը 12.50-ն էր։ Այդ ժամի դրությամբ խուլիգանության դեպքեր էին գրանցվել նաեւ 197 մանկապարտեզի, 131 եւ 118 դպրոցների շենքերում տեղակայված ընտրատեղամասերից (զանգահարողը տեղամասի համարները լավ չէր հիշում)։ Ահազանգեցին ՆԳ։ 6/23 ընտրատեղամասում (Նար-Դոսի դպրոց) քվեարկությունը դադարեցվել էր, քանի որ կապուկներով քվեարթերթիկներ էին լցրել ընտրարկղ։ Ի դեպ, երեկ շատ էին հոսանքի անջատման դեպքերը։ Մասնավորապես 146 դպրոցում (Շահումյանի դատարանի մոտ) հոսանքն անջատել էին, բայց խոստացել հաջորդ օրն անպայման միացնել։ 1/1 ընտրատեղամասում՝ համաձայն ահազանգի, չեն թողնում ընտրողներին մտնել այնքան ժամանակ, քանի դեռ չեն համաձայնվում ձայնը տալ իրենց թեկնածուին։ Փոքր-ինչ հանգստանալուց հետո, կրկին վերադարձա ԿԸՀ՝ հուսով, որ զանգերը գոնե մի քիչ կպակասեն։ Եղավ ճիշտ հակառակը։ Մոտ կես ժամ ինքս գրանցեցի ստացվող բողոքները (թեեւ կրկնում եմ ինձ, բայց պիտի դարձյալ շեշտեմ, որ երկու հեռախոսները տառացիորեն դադար չունեին), եւ ստացվեց հետեւյալ պատկերը։ Արարատյան զանգվածի 7/2 տեղամասում (152 դպրոց), ըստ քաղաքացի Արսեն Սիմոնյանի՝ ցուցակներում կան հաշվառումից վաղուց դուրս գրված մարդկանց անուններ։ 124 դպրոցի (Մարաշ 5) տեղամասում ոմն Լյովա բոլորին պարտադրում է ընտրել Ռ. Քոչարյանին։

Ես, ինչպես նաեւ ԿԸՀ երկու անդամներ, եղանք այդտեղ։ Պարզվեց, որ Դեմիրճյանի վստահված անձ Սրբուհի Մանուկյանը եւ հանձնաժողովի բոլոր անդամները տեսել են, թե ինչպես էր Լյովան ցանկանում քվեատուփ գցել մի կապ քվեաթերթիկ։ Իջեւանում Խոջումյան Անդրանիկը, Վարսիկ Ստեփանյանը, Արեւշատ Փարսադանյանը, ինչպես նաեւ մարզպետարանը ճնշում են 03/05, 03/06 ընտրատեղամասերի ընտրողներին՝ պարտադրելով ընտրել իրենց թեկնածուին։ Ժամանակ առ ժամանակ սենյակ մտնող ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանից ճշտեցի, որ բոլոր բողոքները ստուգել չեն կարող, քանի որ այդ նպատակով իրենք ունեն միայն 2 մեքենա, մեկն էլ վերցրել են ԱԺ-ից։ Ի դեպ, պրն Բեզիրջյանը դեռ չէր քվեարկել եւ ասաց, որ իր քաղաքացիական պարտքը կկատարի ժամը 22.00-ին։ Ինչեւէ։ «Խմբագրելով» Չարենցին ասեմ, որ այդ ժամանակ «հեռախոսը հազում էր` բողոք»: Կոտայքի մարզի Արզական գյուղում քվեարկությունը բաց էր։ 7/7 ընտրատարածքում «գողականները» ստիպում էին ընտրել իրենց «ճաշակի» թեկնածուին։

Արեւմտահայերենով խոսող մի պարոն տագնապած զանգ տվեց եւ հայտնեց, որ Էջմիածնի շրջանի Պտղունք գյուղի գյուղապետը բոլորին ստիպում է ընտրել իր նշած թեկնածուին։ Ծեծկռտուք էր 7/18 ընտրական տեղամասում, ուր ինչ-որ տղաներ տրցակներով քվեաթերթիկներ էին գցել արկղ՝ ծեծելով նրանց արգելող մի ծեր կնոջ։ Այս տեղամասից զանգ տվեցին մի քանի հոգի, ԿԸՀ-ից ահազանգեցին ՆԳ, երկար ժամանակ էր անցել, բայց դեռ ՆԳ աշխատակիցները տեղ չէին հասել։ Ի դեպ, այսքան չարչրկված Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից էլ տագնապ հնչեց. այստեղ քվեարկությունը բռնի բաց էր ու զինվորականների հսկողություն տակ։ Մասիսի շրջանի Գետափ գյուղի պետը վաղօրք հավաքել էր գյուղացիների անձնագրերը, ու ընտրություններ, ըստ էության, այդ գյուղում որպես այդպիսիք չեն եղել։ Ժամը 16.00 էր, ու քվեարկել էր ընտրողների 43 տոկոսը։ Մարտի 16-ի ընտրությունների մասնակիցների թիվն այս ժամի դրությամբ 48 տոկոս էր։ Հեռախոսը զնգում է։ Աշտարակի շրջանի Կոշ գյուղում բաց քվեարկություն է։

Արտաշատի շրջանի Աբովյան եւ այլ գյուղերում ժողովրդի մեծ մասը չի գնում ընտրությունների։ Հեռախոսակապը խզված է։ Զանգ տվեց նաեւ Զեյթունի թիվ 136 դպրոցի ընտրատեղամասի ընտրող Հայկուհի Սումոնյանը, որի փոխարեն արդեն ոչ միայն ընտրել էին, այլեւ գրել իր անձնագրի համարը։ Թիվ 25 դպրոցի մոտ տվյալ թաղամասի ԲՇՏ-ի պետը (Աթաբեկյան ազգանունով) բոլոր թաղավորներին ստիպում էր ընտրել իր ուզած թեկնածուին։ ԿԸՀ-ից վերադարձա բավական ուշ։ Ականջներումս մինչեւ հիմա այդ հեռախոսազանգերն են, որոնք թերեւս մինչեւ վերջ ճշտված չեն, բայց, այդուհանդերձ… Ամփոփում ԿԸՀ-ում անցկացրած իմ ոդիսականը (գուցե Իլիականը, չգիտեմ) ավարտվեց ժամը 22-ի մատույցներում։ Այդ ժամին էլ ճշտեցի, որ ժամը 20-ի վիճակով քվեարկել է Արագածոտնի մարզի ընտրողների 56%-ը, Արարատի՝ 67,6, Արմավիրի մարզի՝ 59,4, Գեղարքունիքի՝ 58,7, Լոռու՝ 57,8, Կոտայքի՝ 48, Շիրակի՝ 56,1, Սյունիքի մարզի՝ 65,6, Վայոց ձորի՝ 70,7, Տավուշի՝ 72,47 տոկոսը։ Երեւանում քվեարկել է ընտրողների 48%-ը, Ռուսաստանում ընտրությանը մասնակցել է 2850 ընտրող, Փարիզում՝ 78, Վրաստանում՝ 19, Արգենտինայում՝ 20, Լիբանանում՝ 80, Ղազախստանում՝ 86, Բելառուսում՝ 127, Իրանում՝ 45, Աթենքում՝ 123։ Արտերկրում ընդամենը քվեարկել է 3534 ընտրող։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930