«Ա1+» հեռուստաընկերության «Թափանցիկ դռներ» հաղորդաշարի միջոցով ինձ հաջողվեց հեռուստատեսային հարցազրույցներ անցկացնել նախագահի 12 թեկնածուներից 7-ի հետ: Հարցազրույցներն ընդհանրապես լինում են երկու տեսակ՝ հարցազրույցներ եւ լրագրողների անալի հարցերով ընդմիջվող հերոսների մենախոսություններ: Երկրորդ դեպքում լրագրողը կամ, վոլեյբոլի եւ թենիսի տերմինաբանությամբ, թեթեւ «պասեր» է տալիս իր հերոսին, առանձնապես չլսելով պատասխանները կամ, առավել քծնողական տարբերակի դեպքում, նույն տերմինաբանությամբ, բարձր փոխանցումներ հրամցնում եւ զրուցակցին «տոպկելու» /վերեւից ուժգին հարված հասցնելու/ հնարավորություն տալիս: Օրինակ. «Պրն Քոչարյան, ի՞նչ տարբերություն կա Բլեյանի եւ Դեմիրճյանի միջեւ»: Կամ՝ «Պրն Բազեյան, ո՞ւմ կողմից է ներդրված Արամ Աբրահամյանը»: Շատ բնական լրագրողական հետաքրքրասիրություն է:
«Թափանցիկ դռների» ամենահետաքրքիր հարցազրույցներից մեկը, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի հետ էր: Վարչապետը չխուսափեց ոչ մի սուր հարցից եւ տվեց դրանց հնարավորին չափ անկեղծ պատասխաններ: Թե որքան էր նա համոզիչ, պետք է դատեն հեռուստադիտողները: Համենայնդեպս, վարչապետի թիմը հնարավոր գտավ այդ հարցազրույցը ցույց տալ Ազգային հեռուստատեսությամբ: Ի դեպ, պրն Քոչարյանի չափից դուրս ջերմեռանդ երկրպագուներն ինձ մեղադրում էին իրենց թեկնածուի նկատմամբ բացասական վերաբերմունքի մեջ: Եվս մեկ անգամ հայտնեմ, որ Քոչարյանի, Դեմիրճյանի եւ մնացած բոլոր քաղաքական գործիչների նկատմամբ չունեմ ոչ մի վերաբերմունք՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական: Նույնը խորհուրդ եմ տալիս իմ գործընկերներին:
Թեկնածուների միջեւ հավասարակշռությունը պահպանելու եւ մասնագիտական բավարարվածություն ստանալու նպատակով նման հարցազրույց պետք էր կազմակերպել նաեւ Կարեն Դեմիրճյանի հետ: Այդ թեկնածուն, պետք է ասել, պակաս մատչելի էր լրագրողների համար, գերադասելով Ռոբերտ Մավիսակալյանի եւ Վլադիմիր Մուրադյանի «հեշտ վերցվող» փոխանցումները: Բացի այդ, պրն Դեմիրճյանի շտաբն իր թեկնածուի միջոցառումների ժամանակացույցը, հավանաբար, ընկալում էր որպես պետական գաղտնիք, որի պատճառով օբյեկտիվությանը ձգտող լրատվամիջոցները, նաեւ մեր թերթը, չկարողացան դրանք ըստ պատշաճի լուսաբանել:
Վերջապես մարտի 29-ին, ժամը 22.30-ին «Ա1+»-ի նկարահանող խմբի հետ հյուրընկալվեցինք պրն Դեմիրճյանի տանը: Բնականաբար, պրն Դեմիրճյանին իմ հարցադրումները նույնքան սուր էին, որքան նրա մրցակցին: Տրամաբանությունը հուշում էր. քանի որ Կարեն Սերոբովիչի ակտիվ գործունեությունը ծավալվում էր 70-80-ական թվականներին, պետք է հարցեր տալ նաեւ այդ ժամանակաշրջանից: Ես չէի կարող նրան չհարցնել կաշառքով կուսակցություն ընդունվելու, հարյուրավոր մարդկանց հակասովետական ագիտացիայի համար ձերբակալելու եւ հոգեբուժարաններ ուղարկելու, Օսիպովի եւ Ներսիսյանի, Քաջիկ Թորոսյանի եւ Սանասար Կուրղինյանի սպանությունների, Պարույր Սեւակի եւ Մինաս Ավետիսյանի ողբերգական մահվան մասին: Զրույցը հետաքրքիր ստացվեց՝ Հայաստանի նախկին ղեկավարը, իմ կարծիքով, հանդես չեկավ որպես բացասական կերպար:
Կարդացեք նաև
Ընդհանրապես, դրական կամ բացասական կերպարներ ստեղծում է ընտրությունների շրջանում բուռն ծաղկունք ապրող մոլեգին «ագիտպրոպը»՝ իր քարոզչությամբ եւ հակաքարոզչությամբ: Դրանք հեռու են նորմալ լրագրությունից, որի նպատակն է՝ ներկայացնել մարդկանց եւ իրադարձությունները, ինչպես որ դրանք կան: Սակայն մարտի 30-ի առավոտյան մոնտաժած նյութը նայեցին Դեմիրճյանի շտաբի ներկայացուցիչները եւ, հավանաբար, կարծելով, որ այդ հարցազրույցը կարող է վնասել իրենց թեկնածուի նախընտրական քարոզչությանը, խնդրեցին այն չցուցադրել: Ենթադրում եմ, որ հաղթեց այդ մարդկանց մեջ տարիներով ներարկվող «գլավլիտային» հոգեբանությունը եւ հասարակության առջեւ միայն պայծառ գույներով հանդես գալու այսօր անիրականանալի ձգտումը: Ամենեւին էլ մտադիր չեմ փառաբանել նրան, ով, անշուշտ, կդառնա Հայաստանի երկրորդ նախագահը եւ հակառակը՝ քննադատել նրան, ով ոչ մի դեպքում նախագահ չի դառնա: Պրն Դեմիրճյանը չափազանց համակրելի զրուցակից է՝ լայն մտահորիզոնով, ժողովրդական հմայիչ հումորով: Բայց ժամանակակից քաղաքական գործիչը, կարծում եմ, պետք է կարողանա աշխատել լրատվամիջոցների հետ, քանի որ մենք ենք միջնորդը այդ գործիչների եւ հասարակության միջեւ: Պրն Քոչարյանը դա, կարծես, հասկանում է: Առայժմ, համենայնդեպս:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ