Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանին անվանեցի կոլեգա, հումորով ընդունեց»

Մարտ 30,1998 00:00

Չեխովի անվան դպրոցի բակում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, երբ պատահականության կամոք երկաթյա ճաղերի մոտ երեւաց ՀՅԴ ԳՄ քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ Նրա հետ հարցազրույցն ավելի շատ հետընտրական էր, ինչն առավել խոստումնալից էր, քանզի երկրի կյանքն ընտրությունների օրով չի ավարտվում, ընդհակառակը՝ սկսվում է։

 ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան

-Որպես կուսակցություն՝ մենք պատրաստ էինք կարճատեւ վազքի, բայց երկարատեւ գործ ամբողջովին մեր ուսերին վերցնել մենք դեռ չենք կարող։ Եվ ազգային միասնությունն ավելի հեշտ էր ստեղծել Ռոբերտ Քոչարյանի, քան Դաշնակցության թեկնածուի շուրջ։ Նախագահին կից քաղաքական խորհրդի ստեղծումը ճիշտ ելք է, Ռոբերտ Քոչարյանի տեսակետն է, որ այն ինչ-որ ձեւով մաս կազմի Անվտանգության խորհրդի։ Քաղաքական ուժերը պետք է մաս կազմեն Հայաստանի ուղղվածությունը որոշելու մեջ։

-Դուք պնդում եք, որ հանուն ազգային շահի, օրենքը կարելի է շրջանցե՞լ։

-Հայաստանում՝ ոչ։

 Ընտրությունները եւ դիտորդներն ու ժողովուրդը

-Չեմ կարող բացառել, իհարկե, Դեմիրճյանի հաղթանակը, ընտրություններ են, բայց անցած հանրահավաքներն ինձ ապացուցեցին, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ոչ միայն քաղաքական ուժերի մեծամասնությունն է, այլեւ բնակչությունը։ Դա կարող է սովետական ժամանակների 90 կամ 99,8 % չէ, բայց կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանի առավելությունը կլինի այնքան ծանրակշիռ, որ նոր նախագահին հենարան ու ամրություն կտա ե՛ւ արտաքին աշխարհի հետ խոսելու, ե՛ւ ներքին խնդիրները լուծելու։ Կա դիտորդների պրոբլեմը. այն կազմակերպության դիտորդները, որոնք միաժամանակ զբաղվում են ե՛ւ Ղարաբաղի հարցով, ե՛ւ Հայաստանում ընտրությունների վերահսկմամբ, չեն կարող անկողմնակալ լինել։ Նրանք փորձում են Հայաստանի ներքին իրավիճակին միջամտել՝ ապահովելով իրենց վաղվա գործի հեշտացումը՝ Ղարաբաղի հարցում։ Խամաճիկ, թույլ նախագահ ունենալ այստեղ, որ վաղը, երբ կշարունակվեն բանակցությունները, կարողանան ազդել նրա վրա։ Սա է նրանց խնդիրը, դրա համար էլ ես չեմ հավատում այդ դիտորդների անկողմնակալությանը։ Իդեալական ընտրությունների դեպքում էլ մի կեղտ կգտնեին։

 Ռոբերտ Քոչարյանի թիմը

-Հարցնում եք, վատ չե՞մ զգում նրանց թիմում։ Քաղաքական մեր սկզբունքներից մենք չենք նահանջել։ Այդ մարդիկ շատ բան հասկացել են, փոխել դիրքորոշումը, ինչու չողջունել։ Քինախնդրությունը քաղաքականության մեջ աննորմալ երեւույթ է։ Ես տուժեցի, բայց հայրենիքս շահեց։ 31-ի գործով տուժեցինք, բայց Հայաստանում շատերը, որ անտարբեր էին, սկսեցին հասկանալ ճշմարտությունը։ Եվ այդ գործում մեր արդարության ապացուցվելը ինչ-որ առումով նպաստեց իշխանության մեջ փոփոխություններին։ Ես Սերժ Սարգսյանին մի անգամ անվանեցի «կոլեգա», երեք տարի նույն շենքում ենք աշխատել՝ տարբեր հարկերում։ Հումորով ընդունեց։ Պարույր Հայրիկյանը հայաստանյան քաղաքական գործիչ է, որը ներկայացնում է որոշակի ուժի։ Հարցերով ուզում եք համոզել, որ նա վարկաբեկվել է ժողովրդի աչքում, եկե՛ք, տեսեք, որ ոչ։ Երբ ինչ-որ մեկը քաղաքական դաշտում իր տեղն ունի, իմ անձնական դիրքորոշումները դառնում են երկրորդական։ Աշոտ Մանուչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեժիմի հաստատման մեջ որոշակի դերակատարում է ունեցել, բայց առաջինն է հասկացել, որ այդ ռեժիմն անբարոյականություն է, եւ սկսել է պայքարել, լա՞վ է արել, թե՞ վատ, այլ խնդիր է։ ՀՀՇ դեմքերին բացասական եմ վերաբերել, երեսներին էլ հնչել է, բայց ՀՀՇ-ում էլ, կարծում եմ, որոշ ազնիվ մարդիկ եղել են։ Ինչ-որ տեղ նրանց արհեստավարժությունը պետք է ծառայի Հայաստանին։ Այստեղ է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հիմնական տարբերությունը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր ազգի մի մասի միայն, մնացածին վանում էր։ Ռոբերտ Քոչարյանը պետք է օգտագործի բոլորի ուժերը՝ ԱԺՄ, ՀՀՇ, ՀԿԿ։ Իսկ իներցիայի ուժին, պատեհապաշտությանը, ձեր ասած նախկին 2-3 դեմքերին, կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանը նրանց դեմը կառնի։ Երկրապահների հետ մենք գաղափարական տարբերություններ չունենք. նրանք երիտասարդ եւ ազգային գաղափարին նվիրված մարդիկ են (նկատի չունեմ խորհրդարանի խումբը, որ նախիրով խմբակցությունից խումբ են վազում)։

 Առայժմ ո՛չ կոալիցիոն կուսակցական կառավարությանը

-Ըստ իս, Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է՝ կառավարությունը պետք է կառուցվի արհեստավարժության, այլ ոչ թե կոալիցիոն սկզբունքով, կուսակցական քվոտաներով։ Բայց պետք է լինի կոալիցիոն մարմին, որը կվճռի երկրի զարգացման ուղիները։ Կուսակցություններում կան լավ պրոֆեսիոնալներ, թող տրամադրեն նրանց թեկնածությունը, բայց բոլորը, այդ թվում՝ դաշնակցական, եթե մտնեն կառավարության համակարգ, պետք է սառեցնեն կուսակցականությունը, ինչես վարվեց ՀՅԴ-ն Ղարաբաղում։ Մենք Ռոբերտ Քոչարյանի հետ ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելների հարց չենք քննարկել։

-Դուք անձամբ մտադի՞ր եք գործադիր իշխանության մեջ պաշտոնի հավակնել։

-Ես շատ ասպարեզներում եմ պրոֆեսիոնալ, բայց, կարծում եմ, որ ոչ, ես պետք է զբաղվեմ մեր կուսակցությամբ, որն այնքան քաղաքական հարվածներից հետո վերականգնման շրջանում է, իմ տեղն այդտեղ է։

 Նոր խորհրդարան՝ մինչեւ տարեվերջ

-Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ինքը չի լուծարի, բայց դա չի նշանակում, որ չկան խորհրդարանի լուծարման այլ ձեւեր՝ ինքնալուծարում, օրինակ։ Արդեն ժամանակն է եւ հիմք կա նոր խորհրդարան ստեղծելու, փոշին պետք է նստի, եւ տեղի  ունեցած քաղաքական վերադասավորումից հետո կուսակցությունները պետք է զբաղեցնեն իրենց հասանելիք տեղը։ Դա կլինի, կարծում եմ, մինչեւ տարեվերջ, ընտրական օրենքն էլ կընդունվի։

 ՀՅԴ՝ «Դրո»՝ Արսեն Արծրունի, Արմեն Մնջոյան եւ Գագիկ Սահակյան

-Որքան բարոյական պատասխանատվություն մենք զգում ենք այն մարդկանց նկատմամբ, որոնցից բռնությամբ ցուցմունքներ են կորզվել, անարդար պատիժ է սահմանվել, նույնքան պատասխանատվություն մենք զգում ենք, օրինակ, Գագիկ Սահակյանի ընտանիքի առջեւ։ Ես դեռ հաստատ չգիտեմ՝ ով է սպանել Գագիկ Սահակյանին։ Դատարանն ապացուցում է, որ դա Արսեն Արծրունի- Արմեն Մնջոյան խումբն է արել, բայց նույն դատարանը «փայլուն» ապացուցել էր, որ դա ուրիշ մարդ է արել՝ մի քանի տարի առաջ։ Գուցե ինչ-որ փոփոխություններից հետո երրորդ բանն ապացուցի։ Ես ավելի հաստատուն դիրքորոշում կունենայի, եթե չլինեին Արսեն Արծրունու ցուցմունքները, որը, ճիշտ է, հետո նա փոխեց, բայց սկզբում դրանց հիման վրա բանտը լցրեց իր ընկերներով՝ ցուցմունքներ տալով բոլորի դեմ՝ ամեն ինչ ուղղելով կուսակցության դեմ։

-Իսկ եթե բռնությա՞մբ են ստացվել ցուցմունքները։

-Չեմ բացառում, մեր գործով տեսել եմ, բայց, այնուամենայնիվ, կասկածը մնում է, չեմ կարող անկեղծ չլինել։ Ընտրություններից հետո փորձելու ենք նորից քննություն բացել, որպեսզի ճշմարտությունը պարզվի։ Եթե անմեղ են՝ պայքարենք, որ դուրս գան։

ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031