Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի որ երրորդ փուլ չի լինելու…

Մարտ 30,1998 00:00
yntrutyunner

Երեկվա օրը կարծես չէր տալիս ընտրության հնարավորությունը։ Մի տեսակ ծույլ ու քնկոտ բան կար օդերեւութաբանական եղանակում, իսկ ընտրական տեղամասերի եղանակը դրա թվացյալ նմանությունն էր։ Հենց թեկուզ այն իրողությունը, որ տեղամասերում օրվա որոշակի ժամի (մինչեւ ժամը 13.00) ավելի քիչ թվով ընտրողներ էին կատարել իրենց քաղաքացիական պարտքը, եղանակի տեսության յուրօրինակ բացատրություն էր։ Անցած՝ մարտի 16-ի ընտրություններին, օրվա նույն ժամին շատ ավելի մեծ թվով ընտրողներ էին եկել եւ քվեարկել։ Թեպետ, ընտրական տեղամասերի հանձնաժողովների շատ նախագահներ սակավամարդությունը բացատրում էին ամառային ժամանակի անցնելու հանգամանքով։

Արձանագրություն թիվ 1

Դավիթաշեն համայնքի 4/6 տեղամասում առավոտից ամեն ինչ խաղաղ էր։ Ժամը 11.30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էր 227 մարդ։ Կարեն Դեմիրճյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վստահված անձինք առաջին հայացքից համերաշխ էին թվում, թեպետ վատ թաքնված լարվածությունը զգացվում էր։ Ի դեպ, Ռ. Քոչարյանի վստահված անձանցից մեկը նախորդ ընտրություններում պաշտպանում էր Վազգեն Մանուկյանի շահերը։ Իմ զարմանքին պատասխանեց, որ իրենց կուսակցության (ԱԺՄ) առաջնորդը կուսակցության բոլոր անդամներին ազատություն է տվել, եւ նրանք կարող են ընտրել՝ ում ուզում են եւ պաշտպանել՝ ում ուզում են։ Այս տեղում Կարեն Դեմիրճյանի վստահված անձ Վահագն Պողոսյանը կազմեց արձանագրություն՝ քվեատուփի մեջ ապօրինի քվեաթերթիկ գցելու փորձի մասին։ Թեպետ հանձնաժողովի նախագահը եւ մյուս կողմի վստահված անձինք վստահեցնում էին, որ երիտասարդը միայն մեկ թերթիկ էր գցում։ Կ. Դեմիրճյանի վստահված անձինք ակնթարթային թփթփոց գցեցին, տղան դուրս փախավ, եւ ամեն ինչ խաղաղվեց։ Այս տեղամասում նախորդ ընտրության հանձնաժողովի նախագահը փոխարինվել էր նորով, թեպետ ներկա էր նաեւ հինը եւ իր նախագահ չլինելը պատճառաբանեց վատառողջությամբ։

Ասեմ նաեւ, որ այս տեղամասում ՆԳ համազգեստով մարդիկ՝ ե՛ւ շենքի ներսում ե՛ւ դրսում, չափազանց աչքի էին զարնում։ Հանձնաժողովի նախագահն ասաց, թե կարգ են պահպանում։ Սուրճ ու թխվածքաբլիթ՝ վստահվածներին Դավիթաշենի 4/7 ընտրական տեղամասում որեւէ արտառոց դեպք չգրանցվեց մինչեւ ժամը 13.00-ի սահմանը։ Դրանից հետո ոչինչ չենք կարող փաստել, քանի որ ընտրատեղամասում էինք մինչեւ այդ ժամը միայն։ Բայց մարդիկ օրվա այդ ժամին եւ դրանից առաջ բարեկիրթ էին, սուրճն էր՝ անսպառ, եւ թխվածքաբլիթն էր՝ պարսկական։ Հանձնաժողովի անդամին հեռացրին։

4/9 ընտրական տեղամասում նույնպես մարդիկ բարեկիրթ էին, հանդարտ ու լուռ աշխատում էին գրանցող եւ թերթիկներ բաժանող կանայք։ Այս անգամ խմբակային ընտրությունների եկողներ չարձանագրվեցին։ Իսկ հանձնաժողովի նախագահը մի քանի րոպե անհարգելի բացակայության պատճառով պարտականությունների կատարումից զրկեց մի թմբլիկ կնոջ։

Տեղամասը փակ էր

Դավիթաշենի 8 ընտրատեղամասը մեկ ժամ փակվեց (ժամը 10.10-ից մինչեւ 11.10-ը)։ Պատճառը դարձյալ օրինախախտումն էր։ Այստեղ, անհայտ երիտասարդներ փորձեցին քվեաթերթիկներ նետել քվեատուփի մեջ։ Հանցանքի վայրում չբռնվելու ահից նրանք հարվածեցին հանձնաժողովի նախագահ Ք. Գալստյանին, անդամներից մեկի ձեռքը քաշեցին ու հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց ճնշման տակ փախան, անդամներից մեկի ձեռքին մնաց մի քվեաթերթիկ (կտրոնը չկար) վրան գրանցում՝ հօգուտ Կարեն Դեմիրճյանի։ Հանձնաժողովը կազմեց համապատասխան արձանագրություն։

Քվեարկեցին «Մոնթեի» տղաները այցելությանս պահին, քվեարկության եկած մի տիկին չափազանց վրդովված էր եւ պահանջում էր ընդհանուր ցուցակից ջնջել իր որդու անունը։ Փորձեցի պարզել ինչն ինչոց է։ Պարզվեց, որ տիկին Գեղամյանի որդին ծառայում է բանակում, սակայն անունը գրված է գրանցված վայրի ցուցակում։ Տիկնոջ կարծիքով, քանի որ որդին ծառայության մեջ է եւ պետք է քվեարկի ծառայության վայրում, ուստի ճիշտ չէ նրա անունը այս ցուցակում գրելը։ Տղայի անունն այստեղ չջնջվեց։

Իսկ մնացած հարցերում մարդիկ համերաշխ էին, թեպետ ժամը 12.20-ի դրությամբ արդեն վեց անվավեր թերթիկներ էին «մտել սեյֆ»։ Այստեղ, իմ տվյալներով, պետք է քվեարկեին զինվորական ծառայության պատանիներ, բայց պարզվեց, որ միայն «Մոնթեի» անվան զինվորական ուսումնարանի յոթ զինվորներ են քվեարկել։ Զինվորնե՛ր, առաջ, որքան ջահել ու սիրուն են հայ զինվորները, որքան կարգապահ եւ «գառնուկ»։ Այսպիսի տպավորություն էին թողնում թիվ 4 տեղամաս եղած զինվոր-տղերքը։ Խելոք իջնում էին ավտոբուսից, նախասրահում սպասում՝ տասը-տասը, հրամանատարներն էլ ընտրատարածք էին թողնում՝ երեք-երեք։ Քվեարկում էին ու գնում։ Զինվորականների ցուցակում 449 մարդ էր գրանցված, թե մինչեւ իմ այցելության պահը քանի զինվոր էր քվեարկել, հանձնաժողովի նախագահը արգելեց ճշտել։ Իսկ հրամանատարին երբ հարցրի, թե քանի զինվոր է բերել այս անգամ, ասաց՝ 5 ավտոբուս, թեպետ մանկապարտեզ-ընտրատեղամասի բակում միայն մեկ կարմիր ավտոբուս կար եւ մի քանի մարդատար ավտոմեքենա, որոնցից երկուսում՝ զինվորական համազգեստով մարդիկ։ Իսկ զորամասը 10/32 զորամասն էր։ Հարիսան եփել էին գիշերը։

Նույն՝ թիվ 4 տեղամասում երկու կողմի վստահված անձինք շատ «համով-հոտով» էին։ Մի լավ «նախշեցին» Արամ Աբրահամյանին, ասացին, թե թերթը շատ են սիրում, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ո՞ւմ կողմից է։ Այսպես համով-հոտով զրուցեցինք, վերջում էլ ինձ հրավիրեցին հարիսա ուտելու։ Հարիսան, իհարկե, ուտելու ժամանակ չունեի, բայց շատ կուզեի իմանալ, թե ինչ համ ուներ Դեմիրճյան-Քոչարյան երկյակի վստահված անձանց համատեղ եփած ճաշը։

«Ձեր խուցը ձեզ պահեք»

Տեղամասերից մեկում մի պապիկ չափազանց ակտիվ էր եւ քվեաթերթիկը ստանալուն պես՝ ուզեց հենց այդտեղ, ոտքի վրա խաչ քաշել ու գնալ։ Հանձնաժողովի անդամների բոլոր հորդորներն ապարդյուն էին։ Համառ պապիկ էր եւ ոչ մի կերպ չուզեց առանձնանալ վարագույրի հետեւում. «Ձեր խուցը ձեզ լինի, ես թաքուն բան ոչ արել եմ, ոչ էլ կանեմ»։ Ասաց, խաչը դրեց, գցեց տուփի մեջ եւ հաղթանակած հեռացավ։ Իսկ թե ում ընտրեց, չեմ ասի։ Բայց լավ պապիկ էր։

Վազգեն Մանուկյանը դեռեւս չէր ընտրել

Գրողների տանը տեղավորված 6/32 ընտրատեղամասում ավանդաբար ընտրում է նախկին նոմենկլատուրան (նախահհշական), մի շարք արվեստի մարդիկ, ինչպես նաեւ՝ Վազգեն Մանուկյանը։ Ժամը 15-16-ի սահմաններում հանձնաժողովի նախագահ տիկին Ամիրյանի վկայությամբ ընտրելու էին եկել Վազգեն Մանուկյանի տիկինը եւ ավագ դուստրը, իսկ ընտանիքի այրը չէր եկել։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ հավանաբար չի էլ գա, քանի որ տիկին Վարդուհին ասել էր, թե պրն Մանուկյանն իր տեսակետն արդեն հայտնել է, եւ պարզ է, որ չի մասնակցի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031