Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատա՞նք, թե՞ չհավատանք

Մարտ 30,1998 00:00

Ժամը 15-ն անց է 20 րոպե։ Շենգավիթի համայնքային 11/10 ընտրատեղամասում, որ գտնվում է թիվ 66 դպրոցում, ընտրողները քիչ են, եւ առաջին հայացքից այստեղ խաղաղություն է տիրում։ Բայց՝ միայն առաջին հայացքից, քանզի պահ անց դպրոցի տնօրենի աշխատասենյակում հանդիպում եմ ծայրաստիճան հուզված Գոհար Ալեքսանյանին, որը, ինչպես պարզվեց, Դեմիրճյանի վստահված անձն է եւ որը պատմեց հետեւյալը։ Ալեքսանյանը, իր լիազորությունների համաձայն, մի պատկառելի տարիքի ընտրողից անձնագիր է պահանջել։ Ընտրողը հրաժարվեց ցույց տալ անձնագիրը, այնուհետեւ հայտնվեցին ինչ-որ մարդիկ եւ սկսեցին ակտիվորեն աջակցել պապիկին՝ մեղադրելով Դեմիրճյանի վստահված անձին եւ հրելով ու քաշքշելով նրան։ Վերջում, քվեարկելուց հետո, ընտրող պապիկն, իհարկե, ցույց տվեց անձնագիրը, չնայած սկզբում սխալմամբ գրպանից հանեց մի երիտասարդ տիկնոջ լուսանկարով անձնագիր, հետո նոր՝ իրենը։ Այնուհետեւ միջամտեց նաեւ ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Թեմուրյանը, որն ասաց, թե ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի շրջանակներում եւ որ՝ միջադեպի ստեղծողը Դեմիրճյանի վստահված անձն է, այսինքն՝ Գոհար Ալեքսանյանը։ Իսկ Գոհար Ալեքսանյանն ինձ ասաց. «Երբ ես հանձնաժողովի նախագահին հարցրի՝ դուք ո՞ւմ շահերն եք այստեղ պաշտպանում, նա պատասխանեց՝ ի՛մ»։ Իմիջիայլոց, դպրոցի տնօրենը նույնպես հաստատեց, որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, եւ Դեմիրճյանի վստահված անձը բռնության է ենթարկվել։

Հետաքրքիր է. հանձնաժողովի նախագահը գտնում էր, որ ընտրություններն անցնում են շատ նորմալ պայմաններում, իսկ Դեմիրճյանի վստահված անձն այն կարծիքին էր, որ առավոտվանից այստեղ խիստ լարված մթնոլորտ է տիրում։ Պահանջվող 6 քվեախցիկի փոխարեն 5-ն են, այդ հանգամանքը լրացուցիչ լարվածություն է ստեղծում, ինչպես նաեւ՝ կուտակումներ են առաջանում, որի հետեւանքով դժվարանում է ընտրությունների վերահսկման աշխատանքը։ Օրինակ՝ հանձնաժողովի նախագահը քվեարկության իրավունք տվեց մի կնոջ, որի ներկայացրած իններորդ ձեւը հաստատված չէր միլիցիայի բաժանմունքում։

Եղել են նաեւ խմբակային բաց քվեարկության դեպքեր, որոնց վերահսկումը նույնպես անհնարին էր իրականացնել։ Տողերիս հեղինակը նույնպես տվյալ տեղամասի ընտրող էր, սակայն երկրորդ փուլում նույնպես ինձ հետ կապված բարդություն առաջացավ։ Ինչպես պարզվեց՝ այն ընտրողը, ում անունը նշված է ընտրական ցուցակներում, բայց գրանցված չէ տվյալ հասցեում (իմը այս դեպքն էր), պետք է արժանանա հետեւյալ վերաբերմունքին. կամ ցուցակից ջնջվում է ընտրողի անունը, կամ էլ անվան դիմաց նշում է արվում։ Իմ դեպքում շատ բարակ մի նշում արեցին իմ անվան դիմաց, իսկ այն սյունակը, ուր պիտի նշվեր անձնագրի տվյալը, մնաց դատարկ։ Երբ ես հարցրի, թե ինչպես հավատամ, որ իմ փոխարեն ուրիշը չի քվեարկի, հանձնաժողովի անդամներից մեկն ասաց. «Նայեք ինձ եւ կհավատաք»։ Նայեցի, բայց չհավատացի։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031