Լրահոս
Օրվա լրահոսը

Կրքերը բորբոքվեցին ժամը 13-ի սահմաններում

Մարտ 30,1998 00:00

«Կրքերը բորբոքվեցին ժամը 13-ի սահմաններում»,- այս բառերով սկսեց ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան բացատրությունները Ավանի 2/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Նիկողոսյանը։ Այս «նշաթերթիկի» հեղինակը Քանաքեռ-Զեյթուն համայնքի 12/8 տեղամասի հանձնաժողովի քարտուղարն է։ Ժամը 15-ի մատույցներում Կարեն Դեմիրճյանի վստահված անձին հաջողվել է «տիրանալ» դրան։ Պարզվել է, որ հանձնաժողովի քարտուղարի իր դերը նշված անձը ընկալել է այս կամ այն թեկնածուին տրված ձայները ժամանակի իրեն ձեռնտու մի հատվածում հաշվելով, այսպիսով՝ ապահովելով ընտրությունների «թափանցիկությունը»։ Նշաթերթիկի հաջորդ երեսին մատիտով գրված է. «Կ. Դեմիրճյան-57, Ռ. Քոչարյան-32»։ Ձայների քանակն է: Ահազանգը, թե Ավանում Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկողներին լույսի կտրոններ է բաժանում ոմն Միշիկ՝ առիթ եղավ մեկնելու նախ Ավանի թիվ 87 դպրոցում տեղակայված ընտրատեղամաս։ Հավանաբար կամ ուշացել էինք, կամ էլ շեռլոկհոլմսյան հատկանիշներն այնքան էլ զարգացած չեն մեր մեջ. Միշիկին չկարողացանք գտնել, ոչ էլ լույսի կտրոն ստացած որեւէ քաղաքացի էր սպասում մեզ։ Այսուհանդերձ, որոշակի հետաքրքրություն էին ներկայացնում փողոցում սպասողական կանգնած մի քանի ավտոմեքենա, որոնց վարորդները միմյանց հետ կարճ բանակցելուց հետո միահամուռ շարժվեցին դեպի մոտակա մանկապարտեզ՝ վերը նշված 2/2 տեղամաս։ Հանձնաժողովի նախագահը փոքրիկ սենյակում փորձում էր ինչ-որ տարաձայնություն հարթել։ Ներկայացանք հենց այդ պահին։

– Կարեն Դեմիրճյանի վստահված անձը մոտեցավ մի երիտասարդի եւ նրանից պահանջեց անձը հաստատող փաստաթուղթ։ Երիտասարդն արդեն քվեարկել եւ դուրս էր եկել խցիկից։ Նա հրաժարվեց. անձնագիրը մի ձեռքում էր, քվեաթերթիկը՝ մյուս։ Հրաժարվեց ցույց տալ անձնագիրը, թե ինքը ով է։ Վիճաբանություն սկսվեց։ Ինձ կանչեցին։ Մոտեցա եւ բացատրեցի ընկերոջը, որ դուք պարտավոր եք եթե ոչ վստահված անձին, ապա հանձնաժողովի նախագահին ներկայացնել ձեր փաստաթուղթը։ Նա բորբոքված էր, հրաժարվեց նույնիսկ ինձ ցույց տալ անձնագիրը։ Եվ բղավելով, աղմկելով, թե ես իմ ձայնի տերն եմ եւ այլն, եւ այլն, քվեարկեց։ Մենք չուզեցինք բռնի ուժ գործադրել, որովհետեւ դա մեր ֆունկցիաների մեջ չի մտնում, ես մոտեցա հերթապահ ոստիկանին, ասացի, որ տեղի է ունեցել հասարակական կարգի խախտում, նրան ես հանձնեցի ոստիկանին եւ նորից վերադարձա իմ աշխատանքին։

– Ուրիշ միջադե՞պ։

– Ուրիշ միջադեպեր նույնպես տեղի են ունեցել. արձանագրությունը կազմված է, կապված ցուցակների հետ։ Ինչպես նախորդ ընտրության ժամանակ՝ ցուցակներն այժմ էլ անորակ վիճակում էին գտնվում։ Էդ անորակ վիճակը բերում է բազմաթիվ բողոքների ու բորբոքումների։ Նույնիսկ դեպքեր են եղել, երբ ընտրողը մոտեցել եւ տեսել է, որ իր հասցեում ուրիշ անուն է։ Մենք խնդրել ենք, որ ընթացքում սխալները կուղղենք եւ ձեզ կընդգրկենք լրացուցիչ ցուցակում, դեպք է եղել, որ հրաժարվել են, հետո խնդրել-համոզել ենք, որ նորից եկեք, քվեարկեք։

Կարեն Դեմիրճյանի վստահված անձը հաստատեց հանձնաժողովի նախագահի ասածը, ճշտելով, որ նման վեց փաստ իրեն արդեն հայտնի է։ Զրույցին միջամտեց Սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը.

– Քաղաքացիներից մեկը, պատճառաբանելով, որ վախենում է ներկայանալ, այսպիսի փաստ նշեց. ասաց, որ որոշ մարդկանց անձնագրերի վրա առաջին էջին դեղին թղթեր են փակցված, եւ նրանց ասված է, որ հանձնաժողովի անդամների գիտությամբ դուք կարող եք տասնչորս անգամ քվեարկել։ Գրվում է նույն սերիան՝ տարբեր նշումներով։ Ասաց, որ իր մոտ էլ կա, բայց դուք ուշադիր եղեք։ Այստեղ մեզ վիճակված էր ականջալուր լինել խիստ ուշագրավ մի վիճաբանության։ Ընտրատեղամասում՝ հանձնաժողովին հատկացված սենյակում, բջջային հեռախոսով հանդերձ, այս զրույցին ներկա էր համայնքում Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետ Գագիկ Սաֆարյանը։

Երբ Մովսես Շահվերդյանը փաստեց նրա ներկայությունը՝ պրն Սաֆարյանը բորբոքվեց.

– Դո՛ւ չպիտի որոշես, թե ես այստեղ ինչ գործ ունեմ։ Ես մտել եմ որպես վստահված անձ, շտաբի պետ՝ հանձնաժողովի նախագահից բան եմ պարզում։ Ուրիշ հարց ունե՞մ ես քեզ հետ։ Դու ինչի՞ ես պրովոկացիա անում այստեղ։

– Պրովոկացիա չեմ անում։

– Պրովոկացիա ես անում։ Ես քեզ ասում եմ, որ քեզ իրավունք չունեմ բան ասելու, բան էլ չունեմ քեզ հետ խոսելու։

– Առանց գոռգոռալու հանձնաժողովի նախագահի վրա, թե ով էր եկել. համայնքային հանձնաժողովից մարդիկ են եկել, որ ճշտեն եղածը։

Բարեբախտաբար, պրն Սաֆարյանի բջջային հեռախոսը ծնգաց, եւ նա պրն Շահվերդյանին ոչ առանց սպառնալիքի առաջարկեց քիչ հետո դրսում պարզաբանել իրենց տարաձայնությունը։ Այնուհետեւ մինչ հավուր պատշաճի մի քանի խոսքով Գագիկ Սաֆարյանը իր վերաբերմունքը հայտնեց կատարված խախտումներին, մինչ ընդհանուր տպավորություններ հնչեցին ընտրությունների ազատ եւ արդար լինել-չլինելու վերաբերյալ, հերթական ահազանգը եղավ. մի քաղաքացի դարձյալ քվեարկել է՝ հրաժարվելով այնուհետեւ ներկայացնել անձնագիրը։ 2/2 տեղամասում Կարեն Դեմիրճյանի վստահված անձը, հավանաբար չդիմանալով լարվածությանը եւ գուշակելով ընտրությունների հետագա ընթացքը՝ հայտարարեց

– Մի խոսքով՝ ճիշտն այն կլինի, որ էս տարածքում ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեն։

Ավելորդ չենք համարում ներկայացնել նշված ընտրատեղամասում խախտումների վերաբերյալ քաղաքացիների վկայությունները եւս։

Լավրենտի Գրիգորյան. «Գնացի, որ ընտրեմ, իմ հասցեի դեմը՝ Խուդյակով 70, բն. 24, տեսա, որ արդեն ընտրված է։ Մեր ընտանիքում 4 ընտրող ենք, երեքիս դիմաց արդեն նշված էր, որ ընտրել ենք։ Չիմացա ում անունն էր։ Կար ազգանուն եւ անձնագրի համար։ Արձանագրություն գրեցին։ Իմ քվեարկելու ժամանակ 7-8 հոգի էդ տեսակ թյուրիմացության մեջ էին։ Մեր անուններն էլ լրացուցիչ ցուցակում գրեցին, իմ ուզած մարդուն ընտրեցի ու վերջ, թողեցի-եկա»։

Անահիտ Ուզունյան. «Մտա ընտրելու, դուրս եկա, նկատեցի, որ վստահված անձանցից մեկը մի ընտրողից փաստաթուղթ է պահանջում։ Կոպիտ ձեւով հրաժարվեց։ Բոլորիս ուշադրությունը հրավիրեց։ Չեմ տալիս եւ վերջ, ասաց։ Մենք՝ ընտրողներս, մեր ձայնը բարձրացրինք։ Դեպքն էր շատ տգեղ եւ շատ զայրացնող։ Հանձնաժողովի նախագահը եկավ։ Բոլորը կանգնած՝ շատ կոպիտ ձեւով էդ կնոջը ասաց, որ պետք ա՝ ուրիշ բան ցույց կտամ․․․մի քիչ էլ ավելի կոպիտ ձեւով։ Եվ դեռ էդքանը բավական չէր՝ հանձնաժողովի նախագահի, ոստիկանների, բոլորի ներկայությամբ քվեաթերթիկը գցեց քվեատուփի մեջ։ Գոնե եզակի երեւույթ լինի։ Ուրիշ փաստեր էլ եղան, ուրիշ մարդու անուններ են գրված օրինական բնակիչների փոխարեն։ Ես չգիտեմ, թե ձեր գրելը որքանով արդյունավետ կլինի։ Ես համոզված եմ, որ էդ անձնավորությունը դրսում է, համոզված եմ, որ ոստիկանությունը շատ լավ գիտի՝ նա ով է։ Մեր պայմաններում, որ մարդիկ խուսափում են վկայություններից՝ մի տասը հոգի ստորագրել է դրա տակ։ Շատ վստահ էր, որ ինքն անպատիժ պիտի մնա, պատասխան պիտի չտա։ Նշանակություն չունի, թե նա ում կողմից էր, բայց որ անընդհատ շոշափվող «արջի ծառայություն» երեւույթն է՝ իրենք դա չեն գիտակցում»։

ԺԵՆՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031