Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայն չհանեցի

Մարտ 30,1998 00:00

Այն լուսավոր եւ միամիտ ենթադրությունները, թե երկրորդ փուլում հնարավոր կլինի խուսափել զանգվածային օրինախախտումներից, ըստ ամենայնի չարդարացան։ Առավոտյան ժամը 10.00-ից արդեն նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբում հավաքվել էին մարդիկ, որոնք բողոքում էին իրենց դեմ կատարված բռնություններից եւ ճնշումներից։ Լենա Մանուկյանը Կարեն Դեմիրճյանի վստահված անձն է Կոտայքի մարզի Ռադիոկայան կոչվող բնակավայրում՝ 30/01 տեղամաս։ Սակայն նա այդպես էլ չմասնակցեց ընտրական պրոցեսին։ «Մարտի 27-ին ես մեկնեցի Ռադիոկայան եւ համայնքային հանձնաժողովի նախագահի օգնությամբ գրանցվեցի վստահված անձանց մատյանում։ Խնդրեցի, որ ինձ ծանոթացնեն տեղամասային հանձնաժողովի նախագահի հետ, բայց նրան այդպես էլ չգտան։ Մարտի 29-ին իմ նախաձեռնությամբ գնացի ընտրատեղամաս, տեսնելու, թե ինչ աշխատանքներ ենք կատարելու։ 8 ժամ սպասելուց հետո, ընտրատեղամաս որեւէ մեկը չեկավ, բացի մի քանի տղաներից, որոնք սկսեցին թղթախաղով զբաղվել։ Ինձ մոտեցան երկու հոգի. «Ինչո՞ւ եք եկել, մենք այստեղ 120 տնտեսություն ենք, բոլորս էլ Ռոբերտ Քոչարյանին ենք ընտրելու։ Կռված տղաներ ենք եւ մեր դեմ խաղ չկա»։ Մարտի 30-ին, առավոտյան ժամը 7.30-ին գնացի ընտրատեղամաս, սակայն այն կրկին փակ էր։ Այն բացվեց 7.45-ին։ Ժամը 8.00-ին ընտրատեղամաս եկած երկու քաղաքացիներ չկարողացան քվեարկել, քանի որ ոչ հանձնաժողովի նախագահը, եւ ոչ էլ անդամները չէին եկել։ Նախագահը եկավ մի քանի րոպեից։ Ես ներկայացա նրան եւ բացատրեցի, որ համայնքային հանձնաժողովի նախագահի ներկայությամբ գրանցվել եմ. «Կարող էիք գյուղից ուրիշ կնոջ էլ բռնել, նրա հետ էլ գրանցվել։ Ես ձեզ չեմ ճանաչում»։ Խնդրեցի, որ քվեաթերթիկները հաշվենք, եւ նոր սկսենք ընտրությունը. «Կարո՞ղ է ընտրությունը դրա պատճառով դադարեցնենք, կամ դո՞ւք է, որ ինձ պետք է սովորեցնեք՝ ինչ անեմ»։ Այդ ընթացքում ընտրատեղամաս մտավ մի քաղաքացի, որը մեր ներկայությամբ քվեարկեց Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Ես առաջարկեցի միջոցներ ձեռք առնել, սակայն դա որեւէ արդյունք չտվեց։ Նա նորից կրկնեց այն միտքը, որ իմ ներկայությունն ավելորդ է, եւ ես կարող եմ հեռանալ։ Զգալով, որ իրոք այդպես է՝ ես հեռացա»։ Ընտրատեղամասից հեռացել է նաեւ Կ. Դեմիրճյանի մյուս վստահված անձը։

Իսկ 30/01 տեղամասում պետք է քվեարկեր Բալահովիտի զորամասը։ Արմեն Աբրահամյանը (Քանաքեռ-Զեյթուն համայնքից) բողոքում է, որ իր անունը բացակայել է 12/15 ընտրատեղամասի ցուցակներից։ Հանձնաժողովի անդամը նրա անունը գրել է լրացուցիչ ցուցակում եւ տվել է մի քվեաթերթիկ, որն արդեն քվեարկված է եղել հօգուտ Ռ. Քոչարյանի։ Նա քվեաթերթիկը գցել է քվեատուփի մեջ. այդ արարքը իր դիմումի մեջ բացատրելով այսպես. «Ես վախեցա դրսում կանգնած թաղի տղաներից, այդ պատճառով էլ ձայն չհանեցի»։ Սակայն ընտրական խախտումները, ըստ ավանդույթի, ավելի լայն թափ են ստանում կեսօրից հետո։ Այսպես՝ մեր այցելած 6/23 տեղամասում մի քանի երիտասարդներ տրցակներով քվեաթերթիկներ էին լցրել քվեատուփի մեջ։ Այդ փաստը հավաստում էին տասնյակ քաղաքացիներ, որոնք ներկա էին եղել այդ օրինախախտմանը։ Հանձնաժողովի նախագահ Սարգիս Հովհաննիսյանը, ըստ էության, չէր ժխտում այդ փաստը, սակայն ավելացրեց, որ ինքը չի կարող վազել բոլոր օրինախախտ երիտասարդների հետեւից։ Դեպքն արձանագրվեց Երեւանի մարզային հանձնաժողովի եւ ԵԱՀԿ դիտորդների կողմից։

Էրեբունու շրջանի 5/17 ընտրատեղամասում Կարեն Դեմիրճյանի վստահված անձի կողմից քվեատուփ գցելու պահին առգրավվել էր 18 քվեաթերթիկ, որոնք բոլորը քվեարկված էին Ռոբերտ Քոչարյանի օգտին եւ ստորագրված էին թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ թե՛ Կարեն Դեմիրճյանի վստահված անձանց կողմից։ Քվեաթերթիկները գտնվում էին հանձնաժողովի նախագահ Քնարիկ Աբրահամյանի մոտ, որը պատրաստվում էր կազմել արձանագրություն։ Նա բացատրեց, որ օրինախախտման պահին ինքը գտնվել է 2-րդ հարկում, իսկ իր տեղակալն անհասկանալի պատճառով չի դիմել ոստիկանությանը, որի հետեւանքով օրինախախտը անարգել հեռացել է։ Կ.Դեմիրճյանի վստահված անձի այն դիտողությանը, որ, չգիտես ինչու, նա ներկա չէր նաեւ ժամը 11.00-ին տեղի ունեցած նույնատիպ օրինախախտմանը, տիկին Աբրահամյանը պատասխանեց. «Դրանք հնարավոր է, որ կազմակերպված լինեն Կարեն Դեմիրճյանի վստահված անձանց կողմից»։ Հօգուտ Ռոբերտ Քոչարյանի քվեարկված 34 քվեաթերթիկ էր առգրավվել նաեւ 5/15 ընտրատեղամասից։ 5/18 ընտրատեղամասում Կարեն Դեմիրճյանի վստահված անձ Հասմիկ Բաշկիրյանը պատմեց. «Ընտրությունը սկսվեց իմ նկատմամբ անձնական վիրավորանքներից։ Չի ապահովվում տեսանելիությունը, քանի որ մարդիկ քվեարկության պահին կանգնում են հանձնաժողովին մեջքով։ Չհրկիզվող պահարանը գտնվում է 2-րդ հարկում, եւ նախագահը միայնակ է դրանք իջեցնում ներքեւ։ Իմ հաշվարկներով այս պահին քվեարկել է 680 քաղաքացի, մինչդեռ նա վերեւից արդեն իջեցրել է 1200 քվեաթերթիկ։ Թե ինչ են եղել մնացածը, ես չգիտեմ։ Արձանագրվել է քվեատուփ ավելորդ քվեաթերթիկ գցելու 3 դեպք»։ Կարեն Դեմիրճյանի վստահված անձինք հատկապես դժգոհ էին ԱԺՄ-ի հանձնաժողովի անդամներից։ Համարյա բոլորը միաձայն նշում էին, որ նրանք առաջին փուլում բավականին ակտիվ էին աշխատում, իսկ այժմ չեն փորձում արձանագրել նույնիսկ ամենաբացահայտ խախտումները։ Կարեն Դեմիրճյանի՝ Էրեբունու շրջանի նախընտրական շտաբում այսպիսի մի միտք հնչեց. «Մի՞թե արդարությունը պաշտպանելիս կարելի է լքել կողքի ընկերոջը։ ԱԺՄ-ն մեզ հետ այդպես վարվեց»։ ԱԺՄ շտաբի վարչության սենյակում Գրեզելդա Ղազարյանը հավաստիացրեց, որ շրջել է բազմաթիվ ընտրատեղամասերում, զրուցել նախագահների հետ, սակայն նրանք որեւէ օրինախախտում չեն նշել։ Խոսակցությանը ներկա Դավիթ Վարդանյանը որեւէ կերպ չարձագանքեց։ Հստակ արտահայտված պասիվ էր նաեւ Արշակ Սադոյանը։ Մինչդեռ այս զրույցից հետո այցելեցինք Ավանի 2/2 տեղամաս, որտեղ քվեարկած քաղաքացին հրաժարվել էր ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Հանձնաժողովի նախագահը մեզ չկարողացավ բացատրել, թե ինչ հիմքի վրա եւ ո՞ւմ կողմից է նրան տրվել քվեաթերթիկ։ Սակայն հուսադրող էր, որ օրինախախտը ներկայացվել էր ոստիկանությանը։ Այս տեղամասում արձանագրվեց խախտման մի այլ տեսակ եւս. Խուդյակովի 70, բն. 24 հասցեում բնակվող Լավրենտի Գիգոյանը պատմեց, որ ըստ ցուցակների պարզվում է իրենց տանը բնակվում է եւս 3 անձ, որոնք արդեն հասցրել են քվեարկել։ Անահիտ Ուզունյանը ավելացրեց, որ նման օրինախախտման փաստ է արձանագրվել նաեւ իրենց հասցեով։

Մասիսի Այնթափ գյուղի մի խումբ բնակիչներ պատմեցին, որ իրենց գյուղապետ Ռուբեն Գեւորգյանի կողմից արդեն քվեարկված քվեաթերթիկներ են հանձնվում վստահելի մարդկանց, քվեատուփ գցելու համար։ Կարեն Դեմիրճյանի կենտրոնական շտաբում արձանագրվել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր օրինախախտման դեպքեր։ Սակայն ես ներկայացնում եմ այն, ինչին ականատես եմ եղել ինքս կամ լսել եմ ականատեսներից։ Բերված փաստերը կատարվել են մինչ ժամը 17-ի ժամանակահատվածում։ Սակայն, ինչպես վերը նշեցինք, որքան քիչ ժամանակ է մնում ընտրությունների ավարտին, այնքան օրինախախտումների քանակն ավելանում է։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031