Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն անգամ Աջափնյակում խոշոր խախտումներ չեն լինի

Մարտ 30,1998 00:00
yntrutyun

Երբեւիցե չէի երազի, որ իմ հայրենի Աջափնյակ թաղամասը նույնչափ նշանավոր կդառնա, որքան Պառավաքար կամ Արշալույս գյուղերն ասենք։ Ընտրությունների առաջին փուլում ամենաշատ խախտումները հենց Աջափնյակում էին եղել, ուստի այս անգամ հեռավոր մարզեր մեկնելու փոխարեն նախընտրեցի այստեղի ընտրական տեղամասերում շրջել։

1/10, 1/11 ընտրատեղամասեր, 102 դպրոց Ժ. 14-ի դրությամբ ընտրողները բավական պասիվ մասնակցություն էին ցուցաբերել, ուստի եւ, ինչպես առաջին փուլում, կուտակումներ եւ հերթեր չկային (այս տեղամասի ընտրող եմ)։ 1/10 տեղամասում Դեմիրճյանի վստահված անձ Ալվարդ Ավոյանն ասաց, որ որեւէ արտառոց իրադարձություն չի եղել, ուղղակի առավոտյան հանձնաժողովի նախագահի հետ են մի փոքրիկ վիճաբանություն ունեցել. «Մենք պնդում էինք, որ այն սեյֆը, որտեղ պահվում են քվեաթերթիկները՝ աչքի առաջ դրվի, բաց տեսադաշտում։ Թե չէ այն փակի տակ է, սենյակում եւ միայն հանձնաժողովի նախագահն իրավունք ունի այն բացելու։ Ուրիշ ոչ մի բան առայժմ չի եղել»։

1/11-ում վստահված անձինք դիտողություններ չունեին։ Այստեղ 2 խումբ դիտորդներ էին եղել, եւ ինչպես վկայեց Քոչարյանի վստահված անձ Էդիկ Բալայանը, դիտորդներից մեկն անգամ ասել է, թե այստեղ չափից դուրս հանգիստ է թեկնածուների տարածքային շտաբներում։ Շատ հանգիստ էին նաեւ մեր այցելած 1/1, 1/2, 1/3 եւ այլ տեղամասերը, ուստի որոշեցինք այցելել թեկնածուների տեղի նախընտրական շտաբները։

Ժ. 16-ի դրությամբ Քոչարյանի «նախընտրարշավին աջակցող կամավորական խումբ» ցուցանակը կրող հաստատության դուռը կողպված էր։ Երեւի բոլոր կամավորները հեռացել էին ընտրական ռազմաճակատ։ Փոխարենը մարդաշատ էր Դեմիրճյանի տարածքային շտաբը։ Այստեղ 2 ընտրողներ կային, որոնցից մեկը՝ Մարինե Մարտիրոսյանը վկայեց, թե 126 դպրոցի 1/7 ընտրատեղամասում ականատես էր եղել հետեւյալին. «Բնական է, նույն թաղում ենք ապրում, մեկս մյուսին ճանաչում ենք։ Ծանոթ դեմքեր տեսանք, որոնք Քոչարյանի վստահված անձանց հետ էին խոսում եւ ասում, թե «հնարավորություն ստեղծեք, որ անցնենք առաջ՝ քվեաթերթիկներ լցնենք»։ Գիտեին, թե իրենց կողմնակիցն ենք, մեր մոտ «արխային» խոսում էին։ Հետո, իրոք, քվեատուփի մոտ անցան ու տեսանք, որ այնտեղ արդեն խառնաշփոթ ստեղծվեց, որովհետեւ նրանք 2-3 անգամ եկել, ինչքան հնարավոր է՝ քվեաթերթիկներ էին լցրել, եւ Դեմիրճյանի վստահված անձը նկատել էր նրանց։ Երբ ես էլ առաջացա եւ քվեատուփի մոտ նստածին ասացի, թե ինչու են թույլ տալիս՝ այս տեղամասում այս էլ որերորդ դեպքն է՝ թեւիցս բռնեցին, դուրս քաշեցին»։ Այս պատմությունը շարունակեց նույն տեղամասում Դեմիրճյանի վստահված անձ Արմեն Մկրտչյանը. «Այս ընկերուհին բղավում էր, թե ինչպես կարելի է, որ մի մարդը մի քանի անգամ քվեարկի՝ նրան անմիջապես շրջապատեցին 8-10 տղամարդ, պահանջելով, որ հեռանա, չխանգարի իրենց աշխատանքին»։ Դեմիրճյանի այս շտաբում տեսախցիկով նկարահանվում էր նման ցանկացած վկայություն։

Ի դեպ, այնտեղ մեր գտնվելու պահին զանգահարեցին 109 դպրոցից եւ ասացին, թե հանձնաժողովի նախագահը չկարողանալով կեղծիքների դեմն առնել՝ թողել-հեռացել է։ Պատրաստվեցինք անմիջապես դեպքի վայր մեկնել (այս շտաբում լսած բոլոր տեղեկությունները մեկ առ մեկ փորձել ենք ստուգել), սակայն հանկարծ մի կին հայտնվեց, որ թեւերը թափահարելով, բարձր գոռում էր. «Ինձ մի նկարեք, ես ողջ հանրապետությունում ճանաչված մասնագետ եմ, բոլորն իմ դեմքը գիտեն»։ Մեզ նրա դեմքը ծանոթ չէր, իր անուն-ազգանունը չասաց. «Վաղն ինձ կկալանավորեն», չասաց անգամ, թե ինչ մասնագետ է։ Այսուհանդերձ, պատմեց հետեւյալը. «126 դպրոցում, Հալաբյան 7-րդ շենքից Պերճուհի անունով մի կնոջ, որն ընտրությունների առաջին փուլի ժամանակ «Վեստիին» հարցազրույց էր տվել, թե իրեն 3 հազար դրամ են առաջարկել, բայց ինքը հրաժարվել եւ Կարեն Դեմիրճյանին է ընտրում՝ հենց նոր 15 տղամարդկանցով շրջապատված ոստիկանություն տարան»։ Ուստի, անմիջապես էլ նրա ասած տեղը մեկնեցինք։

Մաշտոցի ՆԳ բաժնում Հերթապահ մասի պատասխանատուն՝ մայոր Խաչատրյանը բոլորովին տեղյակ չէր մեր նշած փաստից։ Այնուամենայնիվ, ցույց տվեց ժամանակավոր պահման խցերը, որտեղ պիտի որ լիներ բերման ենթարկվածը։ Ընդհանրապես, խիստ բարեհամբույր էր եւ անգամ փորձեց ՆԳ բաժնի պետից էլ լրացուցիչ տեղեկանալ, թե գուցե այդ կնոջ մասին ի՞նքը տեղեկություն ունի։ Սակայն գնդապետ Սաղաթելյանը հրաժարվեց այս տեղեկության վերաբերյալ պարզաբանումներ տալ՝ առաջարկելով մեր բոլոր հարցերն ուղղել ՆԳ եւ ԱԱ նախարարության լրատվության վարչությանը։

1/14, 1/15 ընտրական տեղամասեր, 109 դպրոց Ժամը 17.00-ին այստեղ էինք եկել պարզելու, թե իրոք հանձնաժողովի նախագահի նյարդերը տեղի՞ էին տվել եւ հեռացե՞լ էր։ Դեմիրճյանի շտաբից ստացված այս տեղեկությունը չհաստատվեց՝ որեւէ մեկն այս մասին չէր էլ լսել։ Փոխարենը 1/14-ում Դեմիրճյանի վստահված անձ, մի տարեց կին, որը, չգիտես ինչու, չցանկացավ իր անուն-ազգանունն ասել՝ մեկ ուրիշ փաստի մասին վկայեց. «Մի 10 հոգի հավաքվել էին, նրանցից մեկը ներկայացավ, Գայանե Նավասարդյանը ցուցակում նրա ազգանունը կարդաց՝ Ալոյան։ Ես պահանջեցի, որ անձնագիրը ներկայացնի։ Ցույց չտվեց, ինձ հրեց։ Մոտն, ըստ երեւույթին, քվեաթերթիկներ կային։ Ձայն տվեցի, հանձնաժողովի նախագահին կանչեցի, որն անմիջապես փակեց քվեատուփի անցքը։ Տղաներն էլ հասան, նրա թեւերից բռնեցին ու դուրս տարան»։ Նույն վստահված անձը նաեւ դիմել էր ոստիկանների միջամտությանը, բայց քանի որ հրավերը հանձնաժողովի նախագահը չէր արել՝ նրանք չէին միջամտել։

Ինչեւէ, քվեաթերթիկներ նետելու այս ենթադրյալ փորձը կանխվել էր, վստահված անձը համապատասխան արձանագրություն էր կազմել։ Ի դեպ, հենց այստեղ հասկացա, թե ինչու են վստահված անձինք գերազանցապես գերադասում լրագրողների հարցերին անդեմ նախադասություններով պատասխանել։ Այս տիկնոջ պատմածից խիստ վրդովվեցին հանձնաժողովի մյուս անդամները եւ հերթով սկսեցին տեղի ունեցածի իրենց վարկածը պատմել։ Այսպես, նախ կոմկուսի ներկայացուցիչ Սամվել Քոչարյանը, որ այդ պահին քվեատուփի մոտ էր կանգնել, եռանդուն սկսեց հերքել, թե նման դեպք է տեղի ունեցել։ Հետո հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Հռիփսիմե Ժամկոչյանն այլ լույսի ներքո ներկայացրեց միջադեպը. «Դեռ այդ մարդու անձնագիրը չէինք վերցրել, մոտեցավ Դեմիրճյանի այս վստահված անձը ու անընդհատ փորձում էր նրա անձնագիրը ստուգել։ Այդ ընկերն էլ կոպիտ ասաց. «Տվել եմ, ստուգում են, էլի, կողքից ի՞նչ եք ուզում։ Զզվեցնում, մի ընտրության ժամանակ 100 անգամ անձնագիր եք ստուգում»։ Ու անձնագիրը վերցրեց, առանց ընտրելու գնաց։ Ոչ հասցրինք գրանցել, ոչ ստորագրեց։ Ես ոչ մեկի թեկնածությունը չեմ պաշտպանում, որեւէ կուսակցությունից չեմ, բայց պիտի ասեմ, որ ոչ մի բան չէր եղել, ուղղակի Դեմիրճյանի վստահված անձը սադրեց, փորձեց մարդկանց իրար դեմ լարել»։

Դրական գնահատականներ 138 դպրոցում տեղակայված 1/12 տեղամասում Ժամը 15.30-ի դրությամբ թեկնածուների վստահված անձինք վստահեցրին, թե որեւէ խախտում չի եղել։ Առանձնակի շեշտենք. Դեմիրճյանի վստահված անձինք հայտնեցին, թե որեւէ դժգոհություն չունեն։ Նույն պատկերն էր նաեւ թիվ 100 դպրոցում տեղակայված 1/9 տեղամասում, 1/20-ում եւ այլուր։ 1/9-ի վերաբերյալ Դեմիրճյանի վստահված անձ Մանուկյանը միայն մի դիտողություն ուներ, թե երբ մարդկանց անունը ցուցակում չի լինում՝ զայրացած հեռանում են։

1/7, 1/8 տեղամասեր, 126 դպրոց Այստեղ ԵԱՀԿ դիտորդների 6 հոգանոց խումբն էր աշխատում, որոնք ձեռնպահ մնացին ընտրությունների ընթացքի վերաբերյալ որեւէ մեկնաբանությունից՝ մինչեւ իրենց զեկույցի հրապարակումը։ Մենք մասնավորապես զրուցեցինք Բրեյդի Քիսլինգի հետ։ Քոչարյանի վստահված անձ Մանուշակ Աբգարյանը վկայեց՝ Դեմիրճյանի կողմնակիցներն արհեստական խնդիրներ են առաջացնում, ընտրություններին խանգարում, բայց ավելի որոշակի օրինակներ չբերեց, որոնք կվկայեին իր գնահատականի արդարացվածության մասին, թե նաեւ «շանտաժ» է իրականացվում։ Ի դեպ, Մանուշակ Աբգարյանը փորձեց լույս սփռել իբր կալանված Պերճուհի անունով կնոջ պատմության վրա. «Նրան տարել էին նկարահանողները։ Ոչ մի ոստիկան դրսում չի երեւացել»։

1/7-ում Դեմիրճյանի վստահված անձը՝ Մարիա Նալբանդյանը հայտնեց, որ օրվա կեսից առանձին թերություններ է նկատել. «Մի քանի երիտասարդ փորձում էին կրկնակի քվեարկություն կատարել։ Իհարկե, ինչքան հաջողվել է՝ կանխել ենք»։ Սա այն նույն դեպքերն էին, որի մասին մեզ պատմում էին Դեմիրճյանի շտաբում։ Փորձեցինք պարզել, թե քանի քվեաթերթիկ են գցել այդ երիտասարդները, եւ Քոչարյանի վստահված անձինք ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ քվեատուփի անցքը խիստ նեղ է եւ ամենաշատը իրար հետ մի 5 քվեաթերթիկ կարելի է գցել։

1/8-ում որեւէ դիտողություն չունեին, եւ ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ էլ հանձնաժողովի անդամ Արարատ Մորիկյանն ասաց, որ իրենց է վերագրվել սխալներ, որոնք իրենց տեղամասում չեն եղել, նշել են միայն թիվ 126 դպրոցը, չմասնավորեցնելով տեղամասը։

Գնահատում է Գալուստ Սահակյանը Թիվ 126 դպրոցի բակում հանդիպեցինք Մաշտոցի համայնքում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարին։ Գալուստ Սահակյանն Աջափնյակում իրավիճակը ներկայացնելու մեր խնդրանքին ի պատասխան առաջարկեց եզրակացություններ անել իր լավ տրամադրությունից. «Բավականին լավ անցան այս անգամ ընտրությունները, շատ հաճելի է։ Ճիշտ է, ժողովուրդն անցած անգամվա պես խառն, խառնիճաղանջ չէր գալիս, քիչ եկան, բայց շատ քաղաքակիրթ, վստահ եւ հանգիստ անցավ երկրորդ փուլը։ Իրավիճակը հիմա, ըստ իս, բավական լավ է։ Թվում է, թե մեծ խախտումներ չեն արձանագրվի։ Նոր միայն լրագրողները մեր շտաբ բերեցին մի երիտասարդի, որը Դեմիրճյանի վստահված անձն էր, բայց նաեւ Քոչարյանի վստահված անձի վկայական ուներ։ Տղան մի քիչ վախեցած էր երեւում, բայց ես շատ գեղեցիկ ընդունեցի տեղի ունեցածը»։

1/5 ընտրատեղամաս, 131 դպրոց Այս «պատմական» վայրում ամեն ինչ խաղաղ էր, եւ իզուր էին հավաքված բազմաթիվ լրագրողներն «ակնկալում», թե ինչ-որ բան կկրկնվի։ Ասենք, «Գարունի» թղթակից Կարինե Խոդիկյանն այստեղ էր եկել Արաբկիրի 2/3 ընտրատեղամասում Դեմիրճյանի վստահված անձ Արտյոմ Միրոյանից լսածից հետո, թե իբր 131 դպրոցում «անդուր մթնոլորտ» է։ Սակայն Դեմիրճյանի վստահված անձ Էմմա Խուդաբաշյանը (նախորդ անգամ քվեատուփը մարմնով փակելու համար Դեմիրճյանը նրան «հայկական Մատրոսով» էր անվանել) ինչպես «Գարունի», այնպես էլ այլ թղթակիցներին վստահեցնում էր, որ 131-ում ամեն ինչ լավ է։ «Առայժմ շատ գոհ եմ, մթնոլորտը հանդարտ է, ոչ մի արտառոց բան չի եղել, մինչեւ հիմա որեւէ արձանագրություն չեմ կազմել»։

Հետո, հեռուստատեսությամբ լսեցի, որ այնուամենայնիվ եղել էր հօգուտ Քոչարյանի 21 քվեաթերթիկ գցելու փորձ, որը կանխվել էր։ Այս էր։ Աշոտ Աղաբաբյանը, Խորեն Հովհաննիսյանը եւ այլք որեւէ տեղ չերեւացին, ոչ մեկի չծեծեցին (ի դեպ, Էմմա Խուդաբաշյանը վկայեց, թե Աշոտ Աղաբաբյանն այն ժամանակ էլ 131-ում չէր երեւացել. «Ես նրա անունը երբեք չեմ տվել»)։ Քվեատուփ էլ կարծես չջարդվեց։ Մի խոսքով, Աջափնյակը եւս մի ապացույց դարձավ, որ «Նույն գետը երկու անգամ չեն մտնում»։

131 դպրոցի դիմաց ծեր կանայք էին կուտակված։ Գուցե, այնուամենայնիվ, թաղի հեղինակություննե՞րն էին…

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031