Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների քաղաք Երեւանս

Մարտ 30,1998 00:00

Մայրաքաղաքները միշտ ընդդիմադիր են. այսինքն՝ Երեւանում ընտրողներն ավելի նախանձախնդիր են՝ իրենց իրավունքները պաշտպանելիս եւ խախտումներ հայտնաբերելիս։ Ընտրական երկուշաբթին այս անգամ սկսվեց Արաբկիր համայնքից, ուր 3 տեղամասերի այցելությունը ձեւավորեց առաջին եզրակացությունը։ Հանձնաժողովի կազմը որոշակիորեն փոփոխվել է մարտի 16-ից մարտի 30-ը։ Հիմնականում ԱԺՄ-ի անդամները դիմում են ներկայացրել՝ նահանջելու, Երեւանի մարզային հանձնաժողովում բացատրեցին, թե շատ անգամ հեռացման դիմումը ուշ է ներկայացվել, պետք է լիներ ընտրություններից 5 օր առաջ, ուստի այդ տեղերը մնացել են թափուր՝ չլրացվելով Կարեն Դեմիրճյանի կողմնակիցներով։

Արաբկիրի տեղամասերում ԻՄ կուսակցությունից որոշ տեղամասային հանձնաժողովների անդամներ եւս լիազորությունները վայր են դրել։ Փոփոխվել են ոչ միայն հասարակ անդամներ, այլեւ ՏԸՀ նախագահներ, ինչպես 3/18-ում, մի մասը նկատված խախտումների եւ բողոքների, այլք՝ չպարզաբանվող հանգամանքներում։ Երկրորդ եզրակացությունը. եթե հանձնաժողովները թարմացվել են, ապա ցուցակները՝ ոչ։

6/15 տեղամասի հանձնաժողովի նախագահ Ժաննա Միքայելյանը պատկերավոր բնորոշեց ցուցակների վիճակը: Վերին աստիճանի անկատար, 10 տարվա մահացած բնակիչների, 10 տարեկան երեխաների անունը կա, գրանցված ապրողներինը՝ ոչ։ Գալիս են, ասում՝ մեր բնակարանի հասցեով այդ ի՜նչ անծանոթ դեմքեր են նշված։ Այդ պայմաններում փորձում ենք ճշտումներ կատարել»։ Ժ. Միքայելյանը ցույց տվեց ցուցակներ, ուր մատիտով նշում էին կատարել՝ մահացած։ Բացատրեցին՝ մինչեւ 22.00 կսպասեն, հետո գրիչով կնշեն։

Էրեբունիի համայնքի Խանջյանի անվան դպրոցում գտնվող 6/21 տեղամասի նախագահի սրամիտ ձեւակերպմամբ. «Մահացածներին մտցրել են ցուցակի մեջ, կենդանիներին՝ ոչ»։ Համայնքային ընտրակաան հանձնաժողովներն, այսպիսով, փայլուն ձախողեցին ընտրությունների կազմակերպման առաջին գործը՝ ցուցակների ճշտումը նաեւ երկրորդ փուլում՝ դուռ բացելով զանազան կասկածների։ «Արջի ծառայություն» 14.15-ին եւ ավելի ուշ խախտումների առաջին մեր ահազանգն իրականություն դարձավ Էրեբունի համայնքի 6/23 տեղամասում։ Պատմում է ՏԸՀ նախագահ պրն Հովհաննիսյանը. «Մոտավորապես 14.00-ի մերձակայքում, երբ ես պրն Դեմիրճյանի շտաբի 10 ընկերների հետ գտնվում էի քվեատուփերի մոտ, քվեարկղին մոտեցավ մի երիտասարդ եւ ինչ-որ թղթեր գցեց ու փախավ։ Ես դեռ չեմ կարող ասել «քվեաթերթիկներ», քանի արկղը բացված չէ։ Կտրոններ չի գցել։ Ընտրությունների առաջին փուլում նման մի դեպք եղավ։ Քվեատուփը բացելուց հետո պարզվեց՝ ոչ ստանդարտ քվեաթերթիկներ էին, անվավեր ճանաչեցինք։ Ես եւ Կարեն Դեմիրճյանի շտաբի աշխատակիցը վազեցինք նրա հետեւից. ֆիզիկապես ուժեղ երիտասարդ էր, մեզ հարվածեց, անհետացավ»։ Կիսաձայն եզրափակեց. «Մուֆթա ծեծ կերանք եւ ստվեր ընկավ ընտրությունների կազմակերպման աշխատանքների վրա»։

Հաջորդ ահազանգը վերաբերում էր հայտնի «կարուսելին» 6/15 տեղամասում, որի մուտքի առջեւ «Մերսեդես 600» եւ «Ջիպ» մակնիշի մեքենաները՝ նրանց շուրջ կանգնած անձանցով կասկածի տեղիք էին տվել։ Տեղամասը հետաքրքիր էր այն հանգամանքով, որ այդտեղ է գտնվում Կարեն Դեմիրճյանի մայրական տունը, եւ նախորդ փուլում նա տեղամասում հաղթել էր։ «Ջիպ» ավտոմեքենայի առջեւ կանգնածները չթաքցրին իրենց ինքնությունը. Մինասյան Կարեն եւ Մանգասարյան Վլադիսլավ, երկուսն էլ՝ բիզնեսմեններ. Մանգասարյան Վլադիսլավը՝ շինարարական բիզնեսից՝ «ամենաարարող մասնագիտություն»։

«Բոլոր քաղաքակիրթ երկրներում ընտրությունը տոն է»,- ասաց Մինասյան Կարենը. «Տոնի առիթ է, հավաքվել ենք, զրուցում ենք, քննադատում, քվեարկում եւ մի շարք տարբեր բաներ։ Վաղն էլ գաք՝ այստեղ կանգնած ենք մեր մեքենաներով։ Եթե որեւէ կողմ վստահ է, թե իր թեկնածուն առանց այլեւայլության կանցնի, վախերը բացառվում են»։ Երկուսն էլ ընտրել էին Ռոբերտ Քոչարյանին. 96-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ «ելնելով քաղաքական համոզմունքներից»։ Մեր հարցին՝ միշտ իշխանության հե՞տ եք, պրն Մինասյանն արագ պատասխանեց.«Իշխանությունն է մեզ հետ, առանց մեզ իշխանություն չի կայանա, բյուջե մեզնից շատ մուծող չլինի»։ Պրն Մանգասարյանը խնդրեց հատուկ նշել, որ «6/15 ընտրական տեղամասում խախտումներ չեն եղել, անգամ կոմունիստների օրոք»։

Թաղի հեղինակությունները եւ հնաբնակները լրագրողներիս լուսավորեցին՝ ԵԱՀԿ դիտորդներ են եկել, հանգիստ հեռացել են, ոչ ոք ոչ մեկի չի հրահրում, բացի այդ, հաշվի առնելով «ավանդական» գործոնը՝ Կ. Դեմիրճյանի մայրական տունն է ի վերջո, փիլիսոփայորեն ավելացրեց՝ այս տեղամասում ձայները գուցե հավասար կբաշխվեն, կամ մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Առաջին փուլում Կ.Դեմիրճյանը մի քանի տասնյակ ձայն ավելի էր ստացել։ Մեր առաջարկից հետո անձամբ «Ջիպով» լքեցին տեղամասը, բայց «Մերսեդեսը» մնաց՝ արդեն երիտասարդներով լեցուն։

7/6 տեղամասի վերաբերյալ լուր եկավ՝ կարագ են բաժանում, ընտրակաշառք, հաշված րոպեներ անց տեղում էինք՝ կեղծ տագնապ, ո՛չ կարագ, ո՛չ աղմուկ։ Կարեն Դեմիրճյանի վստահված անձանց գնահատականով. «Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է»։ 6/16 տեղամասում եւս այս թեկնածուի վստահվածների պնդմամբ «արտառոց ոչինչ չկար», միայն մի ծեր կին կտրոնի փոխարեն պատռել էր քվեաթերթիկը՝ քվեարկված Կարեն Դեմիրճյանի օգտին։ Հանձնաժողովն արձանագրություն կազմեց՝ նոր քվեաթերթիկ տրամադրելով։ Կարեն Դեմիրճյանի վստահված անձը՝ Ռոբերտ Քոչարյանի վկայականով։

«Աջափնյակը շատ վտանգավոր թաղամաս է»,- անմիջապես ասացին Աջափնյակի՝ Կարեն Դեմիրճյանի ընտրական շտաբում, եւ լուրը պայթեց». 1/19 ընտրական տեղամասից Կարեն Դեմիրճյանի վստահված անձ Զոհրապ Իգիթյանին տեղափոխել են ՆԳ բաժին։ ՆԳ բաժնում Իգիթյան Զոհրապն ասաց, թե Աջափնյակի համայնքային հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը սեփական գրպանից է հանել եւ իրեն վերագրել Ռոբերտ Քոչարյանի վստահված անձի վկայականը, որովհետեւ «ես բոլորից ազնիվն էի»։ ՆԳ աշխատակիցն ակնհայտ խուճապի մեջ՝ մեզ տեղափոխեց Աջափնյակի՝ Ռոբերտ Քոչարյանի շտաբ, որտեղից ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը մեզ ուղեկցեց համայնքային հանձնաժողով։ Նախագահ Արմեն Հարությունյանը պնդեց, որ Զոհրապ Իգիթյանի գործընկեր Աշոտ Պետրոսյանն անգամ ընդունել է, որ նրա մոտ եղել է Ռոբերտ Քոչարյանի վստահված անձի վկայական. «Ես դիմելու եմ դատախազություն, թող պարզեն՝ ում վստահված անձն է, 1 մարդն ունի 3 վկայական (Կ.Դեմիրճյանի հին ու նոր եւ Ռ.Քոչարյանի) ու տեղամասի աշխատանքը ձախողում է»։ Տեղում հայտնի դարձավ, որ Զոհրապ Իգիթյանը ԵԱՀԿ դիտորրդներին հայտնել է, թե իր հանդեպ սպառնալիք են կիրառում՝ առանց մեկնաբանելու, «եթե չպարզենք, փոքր չարիքը մեծ չարիք է ծնում»։

Գալուստ Սահակյանն անսպասելի վարքագիծ որդեգրեց. բոլորին դուրս հանեց՝ համոզելով ոստիկանից վերցրեց կազմված արձանագրությունը եւ հաշտարար տեսքով հորդորեց համայնքային նախագահին՝ գործը փակել. «Ազգային հանցագործ մի դարձրեք»։ Վերջում երկակի վստահված անձին վերադարձրեց վկայականը՝ «Գնա քո գործին» հայրական խոսքով։ Տվյալ դեպքում անհասկանալի էր, թե ո՞րն էր նրա գործը։

1/19 տեղամաս եկանք դիտորդների հետ։ Տեղամասի հանձնաժողովի նախագահ Հրաչյա Մինասյանը մեկնաբանեց. «Մոտավորապես 98 % նորմալ ընտրություններ են»։ Իսկ Կարեն Դեմիրճյանի մյուս վստահված անձը լրացրեց. «Չգիտեմ ո՞ւմ ջեբից հանեցին Ռոբերտ Քոչարյանի վկայականը, ես չեմ տեսել»։ Դրսում Կարեն Դեմիրճյանի շտաբի պատվիրակությունը բողոքում էր՝ ԱԺՄ անդամները շատ պասիվ են, իրենց անդամներին հանել են, միայնակ ենք մնացել պայքարում։ Այնինչ, Չեխովի դպրոցում քվեարկելիս Կարեն Դեմիրճյանն ասում էր. «Եկե՛ք ամեն ինչ չռազմականացնենք, ես 100 անգամ ասել եմ. ազատ, արդար, լուրջ կերպով հաշվարկված ընտրությունների դեպքում առաջինը ես կողջունեմ պրեզիդենտ դարձողին։ Նախագահ դառնալը կամ հայտարարություններ անելը ինքնանպատակ չէ»։ Իր օրինապաշտ լինելը պրն Դեմիրճյանը համարեց բնավորություն, ոչ թե դիպվածների արգասիք։

ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031