Խոստումնալից սկիզբ
Լրագրող-դիտորդի մեր առաքելությունը սկսվեց բավական էկզոտիկ ընտրատարածքից, որ խոստանում էր նույնպիսի ընթացք ու ավարտ։ Դա Մեծամորի թիվ 3/4 տեղամասն էր, որը գտնվում էր մի շուկայանման խանութում։ Պատճառն այն է, ինչպես բացատրեց թե արդարացավ հանձնաժողովի նախագահը, որ Մեծամորում ուրիշ հարմար օբյեկտ չկա։ Ներս մտանք բազմաթիվ մեծամորցիների պրպտուն հայացքների ներքո․ մի պատի տակ շուկայի «դախլաներն» էին՝ խնձորից ու խաղողից ծանրացած, մյուս պատի տակ խանութի՝ սննդամթերքով լի սառնարաններն էին, հետեւում վաճառողուհիներն իրենց առօրյա գործին։ Ընտրատարածքն էլ դրանց կենտրոնի ազատ տարածքն էր։ Հանձնաժողովի անդամներն այդ պահին այնքան մեծ ախորժակով տորթ ու սուրճ էին վայելում, որ առաջին հարցս հանձնաժողովի նախագահին հետեւյալն էր. «Սա ընտրակաշա՞ռք է»։ Անմիջապես հետեւեց փոքր-ինչ վախվորած ու ժպիտախառը պատասխանը. «Ոչ-ոչ, նրանք ընդմիջում են անում պարզապես։ Նման բաներ չկան»։
Ավելի լուրջ
Ընտրողների շրջանում ընդհանուր ակտիվություն չկար։ Առաջին փուլում ընտրությունն անհամեմատ աշխույժ է անցել։ 11.30-ի դրությամբ այստեղ ամեն ինչ խաղաղ էր. միջադեպեր չէին եղել, եւ քվեարկել էր 1985 ընտրողներից 175-ը։ Չկային եւ չէին էլ եղել արտասահմանյան դիտորդներ։ Կային վստահված անձինք՝ երկու թեկնածուների կողմից էլ։ Ի դեպ, առաջին փուլում այստեղ 571 ձայնով առաջին տեղում է եղել Կարեն Դեմիրճյանը։ Զինվորների քաղաք Արմավիր Արմավիր քաղաքում, ինչպես հայտնի է, շատ են զինվոր ընտրողները։ Վերջիններիս շրջանում մի «կեղտ բռնելու» ակնկալիքով շարժվեցինք այնտեղ։ Առաջինը, որ մտանք՝ 1/5 տեղամասն էր։ Աղմուկը չափազանց շատ էր. հրամանատարները զինվորներին էին բացատրում, թե ինչպես պետք է «օգտվել քվեաթերթիկից». «Ոչ ոքի չասեք, թե ում եք ընտրել», հանձնաժողովի անդամները (մեծ դժկամությամբ)՝ քաղաքացիներին. «Կամ պլյուս դրեք կամ գումարած»։ Ժամը 12-ի դրությամբ 1377 ընտրողներից մասնակցել էին 145-ը։ Այստեղ եւս առաջին փուլի համեմատությամբ պասիվություն էր նկատվում։ Այս հանգամանքը հանձնաժողովի նախագահը բացատրում էր նախորդ օրը ժամերի փոփոխման հետ։ Վերջին հանգամանքը չի վերաբերում իհարկե զինվորներին. առաջին փուլի 243-ի փոխարեն 47 հոգի էին ընտրում. մնացածներն ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել էին ուրիշ զորամասեր։ Դեմիրճյանի վստահված անձն այստեղ մի քիչ դժգոհ էր. «Ինչ-որ թյուրիմացություններ են լինում՝ ցուցակների հետ կապված, բայց չգիտեմ՝ ինչ, հետո կպարզվի, կիմանանք»։ Հանձնաժողովի անդամներից մեկն այստեղ ոգեւորվեց. «Էս մարդը մի օղակի մեջ համ պլյուս է դրել, համ՝ մինուս։ Ո՞վ է պարտավոր նրան սովորեցնել ձեւը։ Հիմա էլ ասում է՝ մի հատ էլ թերթիկ տվեք։ Անհիմն ղալմաղալներ են լինում։ Հանձնաժողովի ոչ մի անդամ չպետք է բացատրի ընտրելու ձեւը։ Անհիմն բողոքարկում են նաեւ Դեմիրճյանի վստահված անձինք, որպեսզի խանգարեն ընտրությունները»։ Մոտեցա «էս մարդուն», որպեսզի իմանամ՝ իրականում ինչ է կատարվել։ «Ինձ ասացին՝ ում ուզում ես՝ պլյուս դիր, ում չես ուզում՝ մինուս դիր։ Դրա համար էլ ըստեղ բոյ ա գնում»։ Հետո կամացուկ մոտենում է մի ուրիշը. «Այստեղի արձանագրություն կազմողը նախկին միլպետն է, իսկ «էս մարդը»՝ նրա գործ տվողը»։ Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ։
Կարդացեք նաև
Հաջորդ՝ 1/10 տեղամասից մեզ դուրս արեցին հավատարմագիր չունենալու պատճառով (նման բան մեկ էլ Ռյա Թազայում էր եղել)։ Սակայն նշեմ, որ առաջին փուլում, հենց այս տեղամասում մեր հարցերին պատասխանեց հենց նույն հանձնաժողովի նախագահի տեղակալը, որը (այս անգամ) սկզբում ասաց, որ մեզ հիշեց, իսկ հետո նախագահի ներկայությամբ, այսպես ասած, «ուրացավ»՝ դուք ո՞վ եք, ո՞ւր է ձեր թուղթը։ Ո՞րն էր պատճառը ուրացության։ Այս տեղամասում ինչ-որ լարվածություն էր նկատվում. զինվորներին ներս էին թողնում «ղռդաբով»։ Համեմատաբար, կարգապահություն էին փորձում հաստատել զինվորների շրջանում՝ հրամանատարները. «Ա՛յ տղա, գոնե ուղիղ կանգնեք, ինչո՞վ եք տարբերվում քաղաքացիներից»։ Ամեն ինչ մի կողմ, զինվորները դրսում նվագում էին, իսկ մենք մի լավ լսեցինք։
1/2-ում 2477 ընտրողներից, ժամը 12-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էին 250-ը։ Անցած փուլի համեմատությամբ ակտիվությունը նվազել էր, բայց «պիկի» հասնելու հույս կար։ Սխալ քվեարկելու դեպքում տալիս էին նոր թերթիկ. «Իրավունք չունենք մարդուն զրկել քվեարկելու իրավունքից»։ Այստեղ նախորդ ընտրություններում առաջին պատվավոր տեղն էր զբաղեցրել Կարեն Դեմիրճյանը, երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Վազգեն Մանուկյանին եւ Սերգեյ Բադալյանին ընտրողները, ինչպես ենթադրվում էր կարծիքներից, կամ ընտրություններին չէին մասնակցում, կամ քվեարկում էին բոլորին դեմ։ Ի դեպ, առաջին փուլում, այստեղ 22 քվեաթերթիկ (հօգուտ Կ. Դեմիրճյանի) անվավեր է ճանաչվել։ Պատճառն այն է, որ ընտրողներն առաջնորդվել էին «կշահես, եթե ջնջես» սկզբունքով. բոլորի անունները ջնջել էին՝ թողնելով Դեմիրճյանինը։ Էջմիածնում սիրում են բաց քվեարկել Էջմիածնի կիսադատարկ փողոցներում ընտրություններ մատնանշող ինչ-որ բան, առավել եւս ընտրամաս գտնելը, պարզվեց, այնքան էլ հեշտ գործ չէ։ Քաղաքի փողոցներում մեքենայով տասը րոպեից ավելի պտտելուց հետո հազիվ պատերի վրա մի երկու ժպտացող քոչարյաններ ու դեմիրճյաններ տեսանք՝ ոգեւորվելով (ժպիտներից չէ, ընտրության խորհրդանիշ նկարներից – Ն.Հ.) նաեւ տեղամաս գտնելու հույսով։ Հարց ու փորձից հետո առաջին տեղամասն էլ գտանք՝ աչքից հեռու մի անկյունում թաքնված։ Փնտրտուքներս թիվ 2/11 ընտրամասում փոխհատուցվեց ջերմ ընդունելությամբ եւ գրեթե իդեալական պատկերի ներկայացմամբ։ Ռոբերտ Քոչարյանի վստահված անձը նույնիսկ հավաստիացրեց, որ եթե քաղաքի լավագույն տեղամասի մրցույթ հայտարարվի, իրենցն անպայման կհաղթի։ Մյուս թեկնածուի շահերը պաշտպանողներն էլ էին դրան համամիտ։ Սակայն ընտրողների ակտիվությամբ առանձնապես զարմացնելու բան չունեին, ինչպես եւ մյուս ընտրամասերում. ժամը 13.45-ի դրությամբ այս տեղամասին բաժին ընկած 2517 ընտրողներից միայն 600-ն էին իրենց քաղաքացիական պարտքը կատարել։ Առաջին փուլում 70 % մասնակցություն ապահովվել էր, իսկ առաջին տեղը 483 ձայնով Ռ. Քոչարյանն էր գրավել, երկրորդը՝ Դեմիրճյանը՝ (371 ձայն)։ Ընտրողների պասիվությունը հանձնաժողովի անդամները պայմանավորում էին երկրորդ փուլ չանցած թեկնածուների համակիրների պասիվությամբ։ Ի դեպ, այստեղ հավատացրին նաեւ, որ որոշ ընտրողներ իրենց քվեարկության գաղտնիության ապահովումից ամենեւին էլ շոյված չեն եւ նախընտրել են բաց քվեարկել։ Օրինակ Շլդիկ Հովհաննեսին ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, որ վարագուրված խցիկում քվեարկի։ Մյուսը քվեախցիկ մտել է, բայց նախապես ավետելով, որ որդի է ունեցել, անունը Ռոբերտ է դրել ու եկել է նրան ընտրի (որդուն չէ, Քոչարյանին)։
Քաղաքի կենտրոնական մասում ընտրամասեր գտնելն ավելի հեշտ էր, բայց այստեղ էլ բախտներս ուրիշ հարցում չբերեց։ Շատ էինք ուզում տեսնել, թե ինչպես են քվեարկել հոգեւոր հայրերը, բայց մինչ նրանց ավանդաբար հյուրընկալող թիվ 2/1 տեղամաս կհասնեինք, նրանք հասցրել էին իրենց պարտքը կատարել ու հեռանալ։ Հանձնաժողովի նախագահից տեղեկացանք, որ հոգեւոր հայրերն ու ճեմարանի սաները այս հարցում շատ կարգապահ են, միշտ գալիս են առավոտ շուտ՝ Վեհափառ հայրապետի առաջնորդությամբ։ Ժամը 14.15-ի դրությամբ 1818 ընտրողներից 570-ն այս տեղամասում արդեն քվեարկել էին։ Ոչ մի վատ բան տեղի չէր ունեցել, իսկ լավը՝ եղել էր. առաջին անգամ քվեարկության եկած տասնութամյա ընտրողին մեխակներ էին նվիրել։
Թիվ 2/5 ընտրամասում նաեւ զինվորներ էին քվեարկում։ Կ. Դեմիրճյանի վստահված անձը հավաստիացրեց, որ ուշի ուշով հետեւում է, ոչ մի խախտում չի նկատել, զինվորները քվեարկում էին մեկ-մեկ։ Հրամանատարների կողմից ճնշում ընտրամասում չի նկատել, բայց թե զորամասերում ի՞նչ է եղել, տեղյակ չէ։ Այստեղ էլ ընտրողների ակտիվությունը մեծ չէր։ 2500-ից 670-ն էին միայն եկել քվեարկության։ Իսկ առաջին փուլում թեկնածուների միջեւ տեղերի բաշխումն արդեն ավանդական էր՝ Քոչարյան (539 ձայն), հետո՝ Դեմիրճյան (439 ձայն) երրորդ տեղում՝ Վազգեն Մանուկյան (225 ձայն)։
Էջմիածին մեր այցը եզրափակեցինք Զվարթնոցի թիվ 2/1 ընտրամասով։ Հանձնաժողովի նախագահի խոսքը ստիպված էինք երկու անգամ ձայնագրել։ Առաջին անգամ պարոն Դավթյանը չէր նկատել, որ իր խոսքն «անմահանում է» սերունդների համար եւ մի քիչ գրագետ չէր խոսել։ Երկրորդ անգամ ավելի գրագետ (ի պատիվ՝ Վալերի Միրզոյանի – Ն.Հ.) շարադրեց, որ արտասահմանյան դիտորդների ներկայությամբ «կնիքվել են արկղերը եւ սկսվել է ընտրությունը»։ Հանձնաժողովի նախագահը մեր հանդիպածներից միակն էր, որ ճշգրիտ թվեր չտրամադրեց եւ ամեն ինչ աչքաչափով էր ասում՝ հիմնավորելով դա ընտրություններին իրենց միջամտությամբ չխանգարելու ազնիվ ցանկությամբ։ Ընտրողների ակտիվությունն առաջին փուլում 90 տոկոսանոց է եղել եւ հիմա էլ նույնը կլինի (չնայած դեռ ցերեկ էր), առաջին փուլում հաղթել է Ռ. Քոչարյանը՝ արագ-արագ մեր հարցերին պատասխանում էր հանձնաժողովի նախագահը, չգիտես որտեղից ենթադրելով, որ մենք շտապում ենք, եւ ինքը չպետք է մեզ երկար զբաղեցնի։
Մասիսում կապը լավ է
Մասիս քաղաքի թիվ 3/1 ընտրամասում օրվա մեջ արդեն ավանդական դարձած մեր հարցերին նույնքան ավանդական պատասխաններ տրվեցին՝ բացառությամբ թերեւս մեկի։ Ի տարբերություն Էջմիածնի, այստեղ առաջին փուլի հաղթողը Կարեն Դեմիրճյանն էր՝ ընդամենը երեսունյոթ ձայնով։ Մնացած ամեն ինչը նույնն էր՝ «Շատ հանգիստ է, նորմալ, ոչ մի պրոբլեմ չկա, ոչ մի տարօրինակ բան չի եղել»։ Այսպես հավաստիացրին Կ. Դեմիրճյանի եւ Ռ.Քոչարյանի վստահված անձինք՝ նաեւ տեղեկացնելով, որ մեզանից առաջ արտասահմանյան դիտորդներ էլ էին եկել եւ բավականին երկար՝ մոտ երկու ժամ, հետեւել ընտրության ընթացքին։ Ընտրողների պասիվությունը առաջին փուլի համեմատ (2658 ընտրողից ժամը 15.00-ին 869-ն էր քվեարկել) բացատրվեց երկրորդ փուլ չանցած թեկնածուների համակիրների պահվածքով։ Զրուցակիցներիս դիտարկմամբ նրանց «չնչին մասն է» գալիս քվեարկության։ Հանձնաժողովի փոխնախագահի դիտարկմամբ երկրորդ փուլում առաջին փուլին հատուկ կուտակումներ չեն եղել, մարդիկ քիչ-քիչ են գալիս, բայց՝ անընդհատ։ Կապի միջոցների բացակայության պրոբլեմ նույնպես չունեին, եւ ժամը մեկ հեռախոսով տեղեկատվություն էին հաղորդում կենտրոնական ընտրատարածք։ Երասխավան Նախիջեւանի սահմանին կպած Երասխավանում կար-չկար, ընդամենը 414 ընտրող կար։ Եվ հարակից տարածքի զորամասի զինծառայողներ, որոնց ճշգրիտ թիվը հրապարակել չեմ ցանկանում։ Զինվորների հարցը հեշտ էր. առավոտյան մի քանի հերթափոխով իրար փոխարինելով քվեարկել էին ու վերադարձել դիրքեր։ Քաղաքացիական բնակչության շրջանում կարգապահությունն այդքան բարձր չէր. օրվա երկրորդ կեսին գյուղի ընտրողների կեսը դեռ չէր քվեարկել։ Թվում էր, ինչ-որ լուրջ քաղաքական պատճառ պիտի լիներ, ասենք՝ երրորդ-հինգերորդ տեղեր գրաված թեկնածուների կողմնակիցների առատությունը, որոնք երկրորդ փուլում պասիվացել են։ Սակայն իրականությունն ավելի քան պրոզայիկ էր։ Հանձնաժողովի նախագահ տիկին Խաթունը բացատրեց, որ երասխավանցիների մի զգալի հատվածի ապրուստի գլխավոր միջոցը մածունը Երեւանում վաճառելն է։ Նա վստահեցրեց, որ ժամը 5-ի կողմերը Երեւանից վերադարձող գնացքով հետ եկողներից շատերը կմասնակցեն քվեարկությանը, եւ ամեն ինչ տեղը կընկնի։ Միջազգային դիտորդներն այս կողմերը չէին հասել, չնայած, ենթադրում եմ, որ գյուղի միջով մի քանի խումբ դեպի Սյունիք գնացել էին։ Երասխավանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ գլխավոր թեկնածուին գուշակելու համար մեծ երեւակայություն պետք չէ, ինչը հաստատեցին բոլոր զրուցակիցներս, որոնցից շատերը, հանգամանքների բերումով, սահմանին ու այն պաշտպանողներին են առնչվում։ Մի խոսքով, ընտրական տեղամասում խաղաղ ներդաշնակություն էր, եւ այն խախտելու որեւէ նախադրյալ չէր երեւում։
«Ադի-բուդու» ծառեր` Արարատում
Արարատի մարզում ծիրանենիները ծաղկել էին։ Սպիտակ պայթած բողբոջները ոնց որ «ադի-բուդի» լինեին, մնում էր բերքը հավաքեինք, ափսոs՝ ժամանակ չկար։ Բայց միայն դա չէր այս մարզի յուրահատկությունը։ Գլխավորը, թերեւս, անչափելի ու անկշռելի (առաջին փուլի արդյունքներով) համակրանքն էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ եւ մեր այցելած ընտրամասերում Կ. Դեմիրճյանի վստահված անձանց բացակայությունը։
Ժամը 18.30-ի դրությամբ, Արարատ քաղաքի այդ ընտրամասում, որ տեղակայված էր Պարույր Սեւակի անվան դպրոցում, ընտրողների կեսից ավելին (2645-ից 1738-ը) արդեն մասնակցել էին ընտրությանը։ Բացի այդ, այստեղ քվեարկել էին նաեւ զինվորներ, որոնց թիվը հրապարակելուց հանձնաժողովի նախագահը հրաժարվեց՝ պնդելով, որ դա զինվորական գաղտնիք է։ Առաջին փուլում ակնհայտ առավելությամբ՝ 1773 ձայնով թեկնածուների աղյուսակը գլխավորել է Ռոբերտ Քոչարյանը։ Ընկեր Բադալյանը երկրորդն է (390 ձայն), Վ. Մանուկյանը՝ երրորդը (215), իսկ Կ.Դեմիրճյանն ընդամենը 76 ձայն էր ստացել։ Վերջինիս վստահված անձի բացակայությունը հանձնաժողովի նախագահը դժվարացավ բացատրել։ Ի պատասխան կատակով արված մեր վարկածին՝ նախորդ անգամ հո չե՞ք ծեծել Դեմիրճյանի մարդկանց, լուրջ պատասխանեցին՝ «Դուք գիտեք մենք վայրենի՞ ենք, ի՞նչ ենք»։ Իսկ այն հարցը, ինչո՞ւ այս փուլում չկան, խորհուրդ տվեցին ուղղել անձամբ Կարեն Դեմիրճյանին։ Վերջինիս չհարցրինք, բայց փոխարենը Արարատի մարզի Ոսկետապ գյուղի 76/1 ընտրամասի նրա վստահված անձից հետաքրքրվեցինք, սակայն մյուս ընտրամասերում իր համակիրների բացակայության մասին նա էլ ոչինչ չկարողացավ ասել։ Բայց հավաստիացրեց, որ ամեն ինչ իրենց ընտրամասում նորմալ է ընթանում։ 2910 ընտրողներից քվեարկել էր 40 տոկոսից ավելին։ Այստեղ Վ.Մանուկյանի եւ ընկեր Բադալյանի համակիրները քվեարկության գալիս էին, բայց արդեն ո՞ր թեկնածուին համակրելով, դժվարացան ասել։ Ավելորդ է երեւի նշել, որ այս տեղամասում եւս առաջին փուլի անվիճելի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է եղել։
Արտաշատ
Առաջին փուլում Արտաշատի Շախմատի տանը տեղակայված ընտրական տեղամասում արտառոց դեպքեր չէին գրանցվել, բացի այն, որ այստեղ մեծ առավելությամբ առաջին երկու տեղերը զբաղեցրել էին Վազգեն Մանուկյանն ու Սերգեյ Բադալյանը։ Երկրորդ փուլ անցած թեկնածուներն այստեղ գրավել էին երրորդ-չորրորդ տեղերը՝ Քոչարյանի 12 ձայն առավելությամբ։ Այս փուլում էլ ժամը 17-ի մոտ որեւէ միջադեպ (մեծ կամ փոքր) չէր գրանցվել։ Թեկնածու Կարեն Դեմիրճյանի վստահված անձը մեր հարցին պատասխանեց, որ առայժմ որեւէ դեպք չի արձանագրվել, բայց մտավախություն հայտնեց, որ այդպիսիք օրվա մթնելու հետ կարող են տեղի ունենալ։ Բնականաբար, հարց ծագեց, թե ի՞նչ հիմքեր ունի այդպես կարծելու։ Նա նշեց, որ իրենց թեկնածուի տեղական շտաբը բազմաթիվ ահազանգեր է ստացել խախտումների մասին։ Կարծես թե աղմուկն արդեն ուրվագծվում էր, սակայն վստահված անձը ճշտեց, որ այդ ահազանգերն իրենք ստացել են առաջին փուլի ընթացքում, եւ սենսացիան չկայացավ։ Պարզապես մարդն իր նախորդ մտավախությունը պրոյեկտել էր այս փուլի վրա ու շարունակել մնալ մտավախ։ Այդ ընթացքում մեզ մոտեցավ ջղային հայացքով մի տղամարդ։ Նա Քոչարյանի վստահված անձն էր։ Հարցրինք. «Բնականաբար, դո՞ւք էլ խախտումներ չեք նկատել»։ «Ինչո՞ւ բնականաբար»,- զարմացավ տղամարդն անակնկալ հարցից ու էլ ավելի խոժոռվեց։ Սակայն նա էլ շատ անհետաքրքիր զրուցակից դուրս եկավ տվյալ պահի կտրվածքով, քանի որ ինքն էլ ոչինչ չէր նկատել, որ կարող էր խաթարել ընտրությունների բնականոն ընթացքը։ Արտաշատում էլ չհաջողվեց միջազգային դիտորդների ճաշակով որեւէ փաստ պեղել։
«Զապաս պահել ենք»
Չափազանց ուրախ էր Նոր Խարբերդի թիվ 70/1 ընտրատեղամասը։ Ակտիվ էին թե՛ ընտրողները, թե՛ հանձնաժողովի անդամները։ Ժամը 19.30-ի դրությամբ 2001 ընտրողներից մասնակցել էին 1300-ը։ Առաջին տեղում անցյալ անգամ եղել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ Կարեն Դեմիրճյանը՝ չորրորդում (Ս. Բադալյանից եւ Վ. Մանուկյանից հետո)։ Վստահված անձինք կային եւ դժգոհում էին ուտելիքից (համ էլ՝ խմելու բան չկար)։ Նրանցից մեկը՝ Բաղրամյան ազգանունով, ներկայացավ ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Դեմիրճյանի վստահված անձ.
-Հա, ես աքլոր եմ։ Համ էլ՝ պաշտպանում եմ բոլոր Բ-ով սկսվողներին՝ Բլեյանին, Բադալյանին, ինքս էլ Բաղրամյան եմ։
-Ես էլ՝ Բուդաղյան,- չկորցրի ինձ։
-Մենք Վազգեն Մանուկյանից էլ վստահված անձ ունենք։ Զապաս պահել ենք։ Մեզ մոտ ընդդիմադիր կողմերն իրար հետ խաչբառ են լուծում։ Այս խճճված խոսակցությունով էլ ավարտվեց ամեն ինչ։ Հա, բացառապես բոլոր քաղաքների բոլոր տեղամասերի ընտրախցիկներն ունեն միեւնույն գույնի ու ձեւի վարագույրներ։ Երեւի հենց սրանք են ապահովում ազատ ու արդար ընտրություններ։ Իբրեւ հետգրություն՝ ասեմ, որ նորխարբերդցիները, Ոսկան Մամիկոնյանին տեսնելով, անմիջապես բացականչում էին. «Վա՜յ, տելեվիզրի մարդը»։
Ժամացույցի սլաքը դեսուդեն անելու շնորհիվ, օրվա տեւողությունը զգալի երկարել էր, սակայն խմբագրություն վերադարձին արդեն մթնշաղ էր։ Լավ հոգնեցինք։ Աղջիկները հետդարձին քնեցին։ Գերհոգնել էին։
Ռեպորտաժը պատրաստեցին ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ, ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ