Պարզեցինք ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանի հետ զրույցում․
– Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում Ձեր ծննդավայրի օրինակը բերեց՝ ապացուցելու համար, որ ՀՀՇ-ն Կարեն Դեմիրճյանի օգտին է քվեարկել։ Դո՞ւք եք միջամտել, որ Ձեր համագյուղացիները նրան պաշտպանեն։
– Սա խիստ զավեշտ պատմություն է։ Երկար ժամանակ հրաժարվում էի ասել, թե ում պաշտպանեն, որ իրենց խելքով քվեարկեն։ Բայց վերջին օրերին հարազատներս ուղղակի «խեղդեցին», թե ասա՝ ում օգտին քվեարկենք։ Ոչ միայն ասացի, այլ նաեւ ընկերոջս գյուղ ուղարկեցի։
– Խոսքը Երեւանի գլխավոր ճարտարապետի մասի՞ն է։
Կարդացեք նաև
– Այո, որը նաեւ հայրենակիցս է եւ գյուղում հեղինակավոր մարդ է։ Ասել էի, որ քվեարկեն Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ անկախ ամեն ինչից, որ իմ հարազատ գյուղը «սպեկուլյացիայի» առարկա չդառնա։ Համ էլ, մի գյուղով ոչինչ չի փոխվում. այսինքն՝ ես կողմնապահություն չէի անում։ Եվ չի կարելի համարել, թե սա ՀՀՇ-ի չեզոքության սկզբունքին դեմ է։ Մեր գյուղն է, կարող էի ասել։ Բայց իմ պատասխանը լսելուց հետո ուղիղ հակառակն էին քվեարկել։
– Դիտմա՞մբ։
– Ես չեմ հասկանում (ծիծաղում է.- Ա. Ի.)։ Հետաքրքիր է, որ իմ գյուղում երբեք ՀՀՇ կազմակերպություն չի եղել։ Հայաստանի բացառիկ գյուղերից մեկն է այս առումով, այստեղ եղել է ՀԱԲ, Դաշնակցություն, հասկանալի է, որ հիմնականում կոմունիստամետ են, բայց ՀՀՇ չի եղել։ Խնայել եմ ժամանակին իմ գյուղը՝ կամ անհրաժեշտությունը չեմ տեսել (դարձյալ ծիծաղում է.- Ա. Ի.)։
– Լավ, Կոթին մի կողմ։ Բայց որպես ապացույց, որ Դեմիրճյանին եք պաշտպանում, փաստարկում են, թե Ձեր մերձավոր զինակիցներից շատերը նրա կողքին են, ասենք՝ Ազատ Արշակյանը, քաղաքապետարանի մշակույթի պետ Ստեփան Զաքարյանը։
– Բացարձակ անմտություն, հիմարություն է։ Ստեփան Զաքարյանի անունը ՀՀՇ-ի հետ կապողները պիտի հիշեն հացի գործարանի պատմությունը, երբ «Հայքը» երկար ժամանակ Եգորյանի միջոցով… վերջը, Ստեփան Զաքարյանին ռադիոյի տնօրենի պաշտոնից հանեցին, ինչ է թե` հացի գործարանի աշխատանքը քննադատել էր։ Ստեփան Զաքարյանը ՀՀՇ-ի զոհերից մեկն է, եթե չասենք՝ չսիրողներից։ Ազատ Արշակյանն էլ իր կուսակցությունն ու կարծիքն ունի, իր տղամարդկային կեցվածքը նաեւ։ Կարծում եմ, որ իր գործն է՝ ում է պաշտպանում, ում չի պաշտպանում։ Ես հասկանում եմ, վերջին հաշվով ամեն մի թեկնածու հիմա պիտի ձեւ անի եւ համոզի, որ իրենց ժողովուրդն է ընտրում, ոչ թե կուսակցություններն են օգնում կամ չեն օգնում, եւ իբր իրենց ընտրությունը կուսակցությունների հետ կապ չունի։ Թող այդպես մտածեն։
– Բայց ՀՀՇ-ն այժմ այն կուսակցությունն է, որի պաշտպանությունը բացահայտ կամ քողարկված վայելելու փաստարկը թեկնածուները միմյանց վարկաբեկելու համար են միայն օգտագործում։
– Դե, ՀՀՇ-ն քիչ թուքումուր չի կերել այս տարիներին, երբ իշխանության մեջ էր։ Մի քիչ էլ թող հիմա ուտի։
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ