Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկիր մեզ, տեր, մեր հետին խելքից

Մարտ 24,1998 00:00

Մանրամասն վերլուծությունների ժամանակը չէ։ Ժամանակը սեղմում է, ժամանակը դաժան է, ժամանակը չի ներում։ Հանգամանալից վերլուծությունները թողնենք մոտ ապագային։ Եթե, իհարկե, դրանց հնարավորությունները պահպանվեն: Նախագահության ռեալ թեկնածուները հենց չորսն են՝ Ս. Բադալյան, Կ. Դեմիրճյան, Վ. Մանուկյան, Ռ. Քոչարյան (այբբենական կարգով)։ Մյուս թեկնածուները թող չնեղանան։ Ի՞նչ արած, մեր կյանքն էլ էսպես դասավորվեց։ Սույն խիստ կարճառոտ հրապարակման նպատակը «հրաշալի» քառյակի ընտրվելու հնարավորություններին անդրադառնալը չէ։ Նպատակը այլ է, նպատակը հրատապ է, նպատակը հապաղում չի հանդուրժում. ներկայացնել քառյակի անդամներից յուրաքանչյուրի ընտրության հետ կապված ամենամոտալուտ, վերահաս վտանգները։ Մի բան պարզից էլ պարզ է։ Հանրապետության նախկին նախագահին «հրաժարականի պահանջ ներկայացրած» ուժերն այդ քայլին դիմեցին ոչ նրա համար, որ այնուհետեւ հեշտ ու հանգիստ իշխանությունը հանձնեն որեւէ երրորդ ուժի։ Հատկապես, եթե ընդունենք, թե տեղի ունեցած իրադարձությունների առանցքն արցախյան հիմնախնդիրն է։ Սրան գումարած՝ նորընտիր նախագահի վերաբերմունքը այդ նույն իրադարձությունների, գոնե արտաքնապես, կենտրոնական դեմքի՝ Պաշտպանության նախարար պրն Վազգեն Սարգսյանի հետագա պաշտոնավարության նպատակահարմարությանը։

Եվ այսպես, ընկեր Ս. Բադալյան (կրկին այբբենական կարգով)։ Թե ինչպես էր կոմունիստական վարչակարգը եւ 1991 թ. փլուզված ու այժմ կոմունիստների «երազանքների գագաթնակետը» հանդիսացող միությունը «լուծել» եւ «լուծում» արցախյան հիմնախնդիրը, թվում է, վերհիշելու կարիք չկա. հիշողությունը դեռ թարմ է։ Ուրեմն, եզրակացություն։ Ընկեր Ս. Բադալյանի ընտրվելու դեպքում քաղաքական եւ քաղաքացիական առճակատումը եւ ընդհարումներն անխուսափելի են։ Իսկ հիշելով կոմունիստների «հարուստ» փորձը՝ կարելի է ենթադրել նաեւ, որ դրանք արյունալի վաճխան կունենան։ Կոմունիստների վերադարձի հետ կապված առճակատման այլեւայլ «դաշտերի» հերկումն այս հրապարակման նյութը չէ։

Երկրորդը ընկեր, թե պրն Կ. Դեմիրճյանն է։ Մի մարդ, որը 80-ական թվականների վերջին համոզիչ կերպով ապացուցեց, որ իսպառ զուրկ է քաղաքական հոտառությունից եւ դիալեկտիկական ու պատմական մատերիալիզմը սերտած լինելով հանդերձ՝ անընդունակ գտնվեց գոնե մոտավոր կռահել արդի պատմական իրադարձությունների զարգացման օրինաչափությունները, որը «իր գրպանում» չուներ Արցախը եւ ժողովրդին խորհուրդ էր տալիս բավարարվել Ռուսաստանից բերված կարտոֆիլն ու միսը՝ «ժարիտ» անելով։ Եզրակացությունը նույնն է։

Երրորդը՝ Վ. Մանուկյանն է։ Նա նախագահության այն թեկնածուն է, որը բոլոր հիմքերը ուներ՝ ձեւավորվելու որպես ակնառու քաղաքական գործիչ, սակայն չափավորված հավակնոտության եւ որպես դրա հետեւանք՝ պատվախնդրական ծայրահեղականության ու արժանապատիվ շրջապատ ստեղծելու անկարողության պատճառով արդեն իսկ զգալիորեն ինքնավարկաբեկվել է, որը, գալով իշխանության, Արցախի հարցում վարելու է նախկին նախագահի քաղաքականությունը, որն ակնհայտորեն չի մոռացել ու խիստ յուրօրինակ է ընկալում 1996 թ. սեպտեմբերի 25-ին Երեւանի փողոցներում զրահատեխնիկայի հայտնվելը, որը, վերջապես, նույնքան յուրօրինակ է վերաբերվում նաեւ օրերս Արարատում տեղի ունեցած դեպքերին։ Եզրակացությունը թողնում ենք ընթերցողներին։

Չորրորդը՝ վարչապետ, նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյանն է։ Առաջին հայացքից այստեղ ամեն ինչ կարգին է։ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում Ռ. Քոչարյանը եւ ուժային նախարարները, գոնե առայժմ՝ քանի դեռ որպես պատասխանատուներ չեն բախվել միջազգային հանրակցությանը, համակարծիք են։ Սակայն, դա այսօր, երբ նրանք միավորված են նաեւ ներքաղաքական ընդհանուր նպատակով։ Իսկ եթե, Աստված մի արասցե կող ունեցող նախագահ եւ կող ունեցող պաշտպանության նախարար: Հատկապես, որ առաջինը անխուսափելիորեն աչքի առաջ մշտապես պահելու է երկրորդի հանկարծահաս, սառը ցնցուղի ազդեցություն գործած ճամբարափոխության նախադեպը։ Մի խոսքով, բարդ է այս ամենը, բարդ եւ չափազանց երկյուղալի։ Եվ թող փրկի մեզ Տերը մեր հետին խելքից, թող փրկի մեզ Տերը «թանձր խավարից»։

ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031