Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հիմնադրամների ընտրության «աղը»

Մարտ 24,1998 00:00

Հայաստանում ժողովրդավարության զարգացումը միջազգային հանրության հրապարակավ հայտարարված սուրբ պարտքերից է, եւ այդ ազնիվ առաքելությամբ մեր պետության մեջ արդեն մի քանի տարի է գործում են միջազգային կազմակերպություններ ու հիմնադրամներ, որոնց գործունեության աղը դրամաշնորհներն են («գրանտ» օտարալեզու բառի հայերեն համարժեք)։ Դրամաշնորհների միջոցով տեսականորեն եւ գործնականում պետք է ոտքի կանգնեն քաղաքացիական հասարակության հիմք ճանաչված անկախ մամուլը, հասարակական-մասնագիտական կազմակերպությունները, ազատ ձեռներեցությունը եւ այլն։ Թերթերի վերջին էջերը պարբերաբար գրավում են ընթերցողներին խոստումնալից մրցույթ-ծրագրերի հայտագրերով։ Թվում է՝ խիզախեք. եւ տաշած քարը գետնին չի մնա, բայց վերջին հնգամյակի արդեն կուտակված փորձը ոչ թե էմպիրիկ, այլ պրակտիկ հարցեր է առաջացնում խիզախողների մեջ.

Ա) Ո՞րն է դրամաշնորհ ստանալու «ուղիղ ճանապարհը», ձեւական պատասխանը միարժեք է՝ ներկայացված ծրագրի հիմնավորվածությունը, որ պետք է որոշեն կազմակերպության փորձագետները։

Բ) Ո՞րն է փորձագետների տարբերակման չափանիշը, որով, դիցուք, X կազմակերպության նույնաբնույթ ծրագիրը Y կազմակերպության ծրագրից առավել հիմնավորված է ճանաչվում, այսինքն՝ արժանանում ֆինանսավորման։

Գ) Ինչպե՞ս է պատահում, որ անընդհատ նույն կազմակերպություններին եւ շրջանակների ծրագրերն են հայտնվում մրցույթում հաղթողների ցուցակում՝ ձեւավորելով «սակավ ընտրյալների» դասը, իսկ «բազում կանչվածները» ստանում են բարեկիրթ շարադրված մերժողական նամակներ, որն ընթերցելուց հետո ծրագրի ղեկավարները բնավ տեղեկություն չէին ստանում, թե ի՞նչ պատճառներով իրենց կազմակերպության համար պահանջվող, ասենք, տեխնիկական սարքավորումն անարդյունավետ կկիրառվի, իսկ մյուսինը՝ արդյունավետ։

Դ) Միջազգային հաստատությունների, զորօրինակ՝ «Եվրասիա» հիմնադրամի փորձագետները, իրենց աշխատանքի հաշվետվություններն ինչո՞ւ չեն հրապարակում տվյալ երկրում, չէ՞ որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է, թե 1996, 1997, 1998թթ. ո՞ւմ կողմից ներկայացված ի՞նչ ծրագրեր են դրամաշնորհներ ստացել եւ ամենակարեւորը՝ ի՞նչ ՕԳԳ են ունեցել։

Ե) Ծրագիր ներկայացնողի ընկերական կամ բարիդրացիական հարաբերությունները հիմնադրամի գրասենյակի աշխատակիցների հետ որքանո՞վ են նպաստում դրամաշնորհների մրցույթում հաղթելու համար եւ

Զ) Նոր Կտակարանում Ղուկաս Ավետարանիչը հարցնում էր. «Դուք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի, որովհետեւ ոչ մի բանի վրա չի ազդի, այլ միայն դուրս կթափվի եւ մարդկանց ոտքի կոխան կլինի»։

Հռետորական վերջին հարցից հետո փաստենք, որ ժողովրդավարության հիմքը ազատ մրցակցությունը եւ մեկնարկային հավասար պայմաններն են բոլորի համար։ «Եվրասիայի» տիրույթում ազատ մրցակցություն արդեն չի նշմարվում, մեկնարկային անհավասար պայմաններ ուրվագծվում են։

Հարգանքներով ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ Մամուլի ազգային ակումբի՝ «Եվրասիայի» կողմից մերժված ծրագրի ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031