Կառավարությունը փոխելու իր մտադրությունների մասին Ելցինը խոսում էր բավականին հաճախ, բայց ոչ ոք նրան չէր հավատում: Ավելին՝ դեռեւս փետրվարին Ելցինը բոլորին հասկացրեց, որ միանգամայն վստահում է Չեռնոմիրդինին, իսկ Նեմցովի եւ Չուբայսի ճկույթին ընդհանրապես ոչ ոք արժանի չէ: Սակայն երեկ Ելցինը, պարգեւատրելով ՌԴ վարչապետին շքանշանով, հրաժարեցրեց Չեռնոմիրդինի կաբինետը եւ ժամանակավորապես նրա ղեկավարի պարտականությունները: Քանի որ մեր տիպի երկրներում իշխանությունը եւ, մասնավորապես, կառավարությունը փոխվում է միմիայն պալատական խարդավանքների միջոցով, մնում է միայն պարզել, թե ինչպիսին էր տվյալ դեպքում ապարատային խաղերի սցենարը: Բայց ավելի ուշագրավ է հետեւյալ հանգամանքը:
1998 թվականի իր ուղերձում Ելցինն ասաց պատգամավորներին. «Եթե կառավարությունն ի վիճակի չէ ռազմավարական խնդիրներ լուծել, ապա մենք կունենանք այլ կառավարություն»: Առ այսօր ռազմավարական խնդիր էր համարվում բարեփոխումների գնալ հետեւողական ճանապարհով: Սակայն այդ կուրսը զուգակցվում էր չվճարված աշխատավարձերով, սոցիալական ճգնաժամով, «կարմիր» Դումայով, դրանց գումարվեց նաեւ 2000 թվականի նախագահական ընտրությունների հեռանկարը: Ուստի հարց է ծագում՝ արդյոք կառավարությունը չի կարողացել լուծել հենց ա՞յս ռազմավարական խնդիրները, թե՞ փոխվել է այդ խնդիրների էությունը: Համենայնդեպս, դժվար թե կառավարությունում հայտնվեն Չուբայսից ավելի արմատական բարեփոխիչներ:
Հիշեցնենք. եթե Դուման երեք անգամ մերժի Ելցինի առաջարկած նոր վարչապետի թեկնածությունը, ապա այս Դումային էլ է սպառնում ցրվելու վտանգը: Այնպես որ՝ կառավարության հրաժարականը կարելի է ներկայացնել ե՛ւ որպես պատիժ չափից դուրս ազատականներին, ե՛ւ որպես զգուշացում կոմունիստներին: