Ամանորի նախօրեին լույս տեսավ բանաստեղծ, երգիծաբան Լեւոն Բլբուլյանի «Բոյիդ մեռնեմ-2» զվարճալի գիրքը, ուր տեղ են գտել Քյավառի սրամիտ պատմությունները, որոնք հեղինակը պարզապես անվանել է՝ «արաղապատումներ»։
Մեր աշխատակից Սարո Գյոդակյանը «Առավոտի» խմբագրատուն հրավիրեց հեղինակին եւ հարցազրույց ունեցավ նրա հետ:
-Ո՞նց եղավ, որ բանաստեղծը հանկարծ հումորի գիրք գրեց։ Մեկն էլ չէ՝ երկուսը։
– Վաղուց էի մտադրվել հավաքել, ի մի բերել իմ ծննդավայրի՝ Քյավառի պատմությունները։ Ճիշտը որ ասեմ, կարեւոր դեր խաղաց այն հանգամանքը նաեւ, որ գյումրեցիները իրար հետեւից սրամտությունների մի քանի գիրք հրատարակեցին։ Էդ ինչո՞ւ մենք էլ մերը չպիտի ունենանք՝ մտածեցի ու գործի անցա։
– Հետաքրքիր է, քյավառցիներն ինչպե՞ս ընդունեցին այն:
– Շատ լավ։ Եթե վատ ընդունեին, հազիվ թե երկրորդ գիրքը ծնվեր։ Օրինակ, վերջերս Քյավառում մանկությանս ընկերոջ տանն էի։ Մայրը առանձնահատուկ ջերմությամբ ասաց. «Բոյիդ մեռնեմ, Լեւոն ջան, նոր «Բոյիդ մեռնեմը» առաջինից լավ ես գրել…»։
Էլ չեմ ասում, որ իմ հայրենակիցներն ինձ հանդիպելիս իրենց պարտքն են համարում հրավիրել խմելու։ Եթե արդեն խմած եմ լինում, չեմ կարողանում մերժել։ Հենց հրաժարվում եմ, ասում են. «Գյա, բը դու «Բոյիդ մեռնեմի» հեղինակը չե՞ս»։
– Ասում ես՝ շուտ-շուտ են խմելու հրավիրում։ Ճիշտ որ՝ «Բոյիդ մեռնեմի» հեղինակը պիտի կարգին խմել իմանա, թե չէ, ինչպես Արամայիս Սահակյանն է նոր գրքիդ առաջաբանում գրել, քյավառցիներն իրավունք կունենան քեզ հեղինակային իրավունքից զրկելու:
– Չեն զրկի։ Չեմ սիրում, երբ հենց էնպես, անիմաստ, խմելու համար են խմում։ Խմելը պիտի հաղորդակցության, շփման, հոգին թեթեւացնելու միջոց դառնա։
– Ճի՞շտ է, որ ասում են՝ քյավառցիները խմող ժողովուրդ են։
– Քյավառցիները հենց էնպես խմող չեն, այլ ուտող-խմող են։ Այսինքն, հանուն այդ հաղորդակցության, հյուրընկալության, զվարճության են խմելը սիրում, եւ արաղն էլ որպես այդ ամենի խորհրդանիշ է մեծարվում նրանց վերաբերող բոլոր պատմություններում։
– Լեւոն, բայց ինչո՞ւ 1-ին գրքի անվանաթերթին նշել ես՝ անեկդոտներ, իսկ նոր գրքում արաղապատումներ:
– Որովհետեւ հետո համոզվեցի, որ դրանց մեծ մասը ոչ այնքան անեկդոտներ են, որքան փոքրիկ նովելներ։ Անեկդոտը պիտի կարճ ու կտրուկ լինի։ Իսկ ինձ մոտ այլ կերպ է ստացվում. ես դրանք փոքրիկ պատմվածք եմ դարձնում գիտակցաբար։ Եվ դրանից պատմությունները շահում են միայն։
– Իսկ հնարավո՞ր է որ «Բոյիդ մեռնեմ-3» էլ ծնվի։
– Շատ հնարավոր է։ Որովհետեւ, երբ առաջին գիրքը տպագրվեց, թվում էր՝ ինչ կա-չկա արդեն հավաքել, ի մի եմ բերել։ Բայց խնդրեմ՝ ծնվեց երկրորդը… ու նախորդից ծավալուն։ Եվ հետո, գիտե՞ք, այդ գրքերն իրենք են նաեւ հաջորդի ծննդյան համար մթնոլորտ, տրամադրություն ստեղծում, նոր կատակների առիթ տալիս։
– Ի՞նչ ծիծաղաշարժ դեպք կարող եք հիշել՝ կապված այս նոր գրքի լույսընծայման հետ։
– Վերջերս, երբ Քյավառում ընկերներիս հետ նոր «Բոյիդ մեռնեմն» էինք «թրջում», նրանցից մեկը շատ լուրջ հարցրեց. «Լեւոն, Լուսավորության նախարարությունում ծանոթ-մանոթ չունե՞ս»։ Ունեմ, ասացի, բոլորովին չկասկածելով ինչ է մտքինը։ «Գյա, դը դասավորա, թո «Բոյիդ մեռնեմը» դպրոցական ծրագրերի մեջը մտցնեն, էլի»։
– Դե, ինչ, ինձ թվում է, «Առավոտի» ընթերցողների մեջ արդեն ցանկություն առաջացավ իրենց սեղանին անպայման ունենալ «Բոյիդ մեռնեմ– 2»-ը։ Ի՞նչ արժե, հո շատ թանկ չէ՞։
– Ճիշտն ասած, քյավառցի ընկերներս ինձ խորհուրդ տվին, նույնիսկ կարելի է ասել, պահանջեցին. «Հանկարծ գրքիդ գինը մե շիշ արաղից պակաս չհլնի, հա։ Ամոթ ա, քյավառցիքին չխայտառակես»։ Էդպես որ՝ գինը մի շիշ արաղ է։ Ծիծաղի ու արաղի գինն իմացողների համար, կարծում եմ, թանկ չի…