Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր հնարավորություններ

Դեկտեմբեր 30,1995 12:37

Առաջ միայն Նոր տարին էր։

Հիմա Նոր տարին ու Սուրբ Ծնունդն են։ Բարեմաղթանքները կրկնապատկվել են։ Ընծաները… կիսվել։ Համենայնդեպս, այդ կարծիքին են մեր երեխաները, որոնք իրենց հիշողության դաշտից չեն ջնջել անցյալի կպչուն դրվագները։ Մեծահասակները ժամանակների ներկա կերպարանափոխությանը իմաստասիրական պատմուճան են հագցնում՝ այն բոլորը, ինչ այսօր ստանում ենք՝ հենց նվեր են, որ կան, քիչ է մնում՝ մասունք։ Իշխանությունները իրենց հերթին նվիրատվության պահը գեղեցկացնելու ճկուն միջոց են գտել՝ այն վերապահելով տարեմուտին։ Հեր-Հերի ջրամբարը շահագործման կհանձնվեր ու որպես շարքային միջոցառում՝ մոռացության կմատնվեր։ Բայց քանի որ գործարկման պահն ամրագրվում է Ամանորի շեմին, դառնում է հաճելի նվեր։ Արաքսի կամուրջի բացումն էլ որպես իրադարձություն կնսեմանար, եթե հիշարժան ժամանակներում չանմահանար։ Բնակելի շենքերն անգամ, որ առտնին ձեռնարկների շարքում են եղել, վերածվել են տոնական հանդիսությունների ցանկալի առարկաների։

95-ի ավարտին հայաստանցի մեծահասակները այլ կարգի ընծաներ եւս ստացան։ ՀՕՖ-ի կողմից առանձնահատուկ վերաբերմունքի արժանացան Արարատի շրջանի Երասխ գյուղի 800-ից ավելի ընտանիքներ։ Ծերանոցի բնակիչներին էլ անակնկալ էր սպասում, նրանք ներկա եղան պաշտոնական բազում այրերի բարեհաճ այցին, ստացան նվերներ, որ մատուցվեցին աննախադեպ նրբավարությամբ։

Բայց մեծերը, միեւնույն է, հունվարի 1-ին վերաբերվում են իբրեւ մի տոնի, որը տոն պետք է լինի առաջին հերթին երեխաների համար։ Սույն հանգամանքը նկատի են ունեցել ոչ միայն ընտանեկան շրջանակներում, այլեւ պետական

օղակներում։ Նյութական միջոցների հատկացումների ծավալով եւ

կազմակերպած       միջոցառման զանգվածայնությամբ առանձնանում է Երեւանի քաղխորհուրդը։ Ազատության հրապարակում հայտնված շքեղաշուք տոնածառը եւ նրա շուրջը ծայր առած հեքիաթային անցքերի անվերջանալի շղթան մի քանի երջանիկ օր կպարգեւեն մայրաքաղաքի մանուկներին ու հյուրերին։ Իսկ ի՞նչ միջոցներ է հատկացրել քաղխորհուրդը՝ իր անմիջական աշխատակիցների երեխաների Ամանորը նշելու համար։ Լրատվական կենտրոնի աշխատակից Լաուրա Բաղդասարյանի տեղեկատվությամբ՝ ոչ մի։ Երեխաները պարզապես հրավիրվել են Ազատության հրապարակ։

«Երեկոյան Երեւան»-ը, որը հիշյալ մարմնի պաշտոնաթերթն է, նույնպես ձեռնպահ է մնացել Նոր տարվա նվերներ բաշխելուց։ Ազգային ժողովի աշխատակազմի երեխաները ստացել են Տիկնիկային թատրոնի տոմսեր։ Այդ մասին հայտնեց ԱԺ լրատվական կենտրոնի ղեկավար Վահագն Մկրտչյանը։ Նա նույնիսկ կասկածեց, որ տոմսերը թատրոնից են նվեր եկել։ Ավաղ, թատրոնի ղեկավարների հետ խոսել չհաջողվեց, որպեսզի պարզեի այդ հաճելի պարագան։ Սակայն իմացա, որ իրենց բոլոր հասակակիցների նման, ԱԺ-ականների երեխաները եւս Տիկնիկայինում կմասնակցեն տոնածառի ավանդական հանդեսի, ապա կդիտեն «Լավություն արա, ջուրը գցի» ներկայացումը։

Հանրապետության կառավարության արհմիութենական կոմիտեն եւս անտարբեր չի մնացել աշխատակիցների երեխաների նախասիրությունների նկատմամբ։ Նրանք ծնողներին բաժանել են ներկայացման տոմսեր։ Այն, ինչ ասվեց՝ խոսում էր մեծահասակների ուշադրության մասին։ Կան հիմնարկ-ձեռնարկություններ, որոնց դրամական հնարավորությունները երաշխավորել են տոնածառի ճոխ հանդեսներ ու մեծամեծ ընծաներ։ Կենտրոնական բանկը տարբերվում է նրանով, որ տոնածառը Շահումյանի հրապարակ է հանել ու Նոր տարվա ուրախությունը համերաշխորեն կիսում է բոլոր ցանկացողների հետ։ Այնպես որ, Նոր տարին ու Սուրբ Ծնունդը 96-ին էլ իրենց կնմանվեն։

 

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031