Պատերազմին հաջորդող խաղաղ շրջանները հայրենասիրական պաթոսով չեն փայլում։ Անգամ հաղթող երկրներում։ Հին հնդիկները կասեին՝ նյութը վրեժ է լուծում ոգուց։ Վերջին մի քանի տարում տեսանք ժողովրդի ակտիվ հատվածի զանգվածային արտագաղթ, կոռուպցիա, տնտեսության անկում, աղքատություն, բարոյական անկում եւ այլն, եւ այլն։ Արդեն շատ են խոսել այս մասին։ Բոլորս արդեն հասկանում էինք, որ մինչեւ «դանակը չհասնի ոսկորին»՝ որեւէ բան չի փոխվելու եւ անընդհատ բողոքում էինք մեր «կաշվի հաստությունից»: Եվ արդեն չէինք էլ հավատում, որ այդ չարաբաստիկ դանակը երբեւէ կհասնի ոսկորին։
1995 թվականին դանակը հասավ ոսկորին… Եվ չնայած իրականությունը ծանր է՝ 95-ին ես լավատես եմ։ Կանխազգում եմ ընթերցողի զարմանքը։ Այո, այսօր դժվար է համատարած մոլախոտի մեջ տեսնել առողջ բողբոջը, բայց փորձենք ուշադիր նայել։
Փորձենք սկսել ամենածանր թեմայից՝ «Դրոյի» դատավարությունից։ Մինչ այդ էլ իշխանություններ-ՀՅԴ հարաբերությունները անամպ չէին, բայց «Դրոյի» գործը սահմանագիծ էր։ Այն սահմանագիծն էր, որով ավարտվեց Հայաստան-սփյուռք հարաբերությունների ռոմանտիկ փուլը։ Միեւնույն է, սառը ցնցուղից խուսափել չէինք կարող։ Որքան՝ շուտ, այնքան՝ լավ։ Այսօր արդեն «սառը գլխով» լուծումներ ենք փնտրում եւ սա հուսադրող է։
Արդեն երկրորդ տարին է, խաղաղ պայմաններում, լիակատար ազատությամբ ըմբոշխնում ենք լիբերալ-հեղափոխական ռեֆորմները։ Տնտեսության բոլոր սուբյեկտների բողոքը չէր կարող քաղաքականապես չարտահայտվել։ Բանկիրը, առեւտրականը, արտադրողը, անգամ պետական բյուրոկրատիայի «խաղից դուրս» մասը, էլ չեմ խոսում սոցիալապես անպաշտպան՝ մեծամասնության մասին, արդեն բարձրաձայն բողոքում են շուկայական հարաբերություններին անցնելու այս ձեւից։
Անգամ «սոցիալական», այն է՝ զուտ սպառողական 96թ. բյուջեով այսօր հասարակությունը չի սիրաշահվում։ Մարդիկ պահանջում են վստահություն վաղվա օրվա հանդեպ։ Եվ երբ վճարելու դեպքում անգամ մի շենքում էլեկտրաէներգիա կա, իսկ մյուսում ոչ, երբ ձեռնարկությունը, նորից վճարելու դեպքում, ստանում է անկայուն հաճախականության հոսանք, որը շարքից հանում է թանկարժեք տեխնիկան… Ի՞նչ կապ ունի այս ամենը շուկայական հարաբերությունների հետ։ Արժե՞ արդյոք ամենաանհաջող կատարմամբ ու մարմնավորմամբ վարկաբեկել կենսունակ արժեքները՝ շուկայական հարաբերություններն ու դեմոկրատիան։ Անգամ «գրպանի» հորջորջված խորհրդարանում այս տարի չկարողացան խուսափել այս հարցադրումներից։ Չնայած, միջազգային դիտորդների կարծիքով «ազատ, բայց անարդար» ընտրություններին, այս խորհրդարանը կատարեց իր ֆունկցիան՝ կարեւորագույն հարցադրումներն արվեցին։ Եվ միակուսակցության անդունդը գլորվելու վտանգից փրկեցին այնքան հայհոյվող Սահմանադրությամբ հանրապետության նախագահին տրված լիազորությունները։
Ցավոք, օրենսդրական նրբություններով կաբինետային խաղերը լայն հասարակությանը հասու չեն։ Քչերը հասկացան, թե նախագահի վերջին ելույթով ինչ կատարվեց։ Բայց այդ քչերի համար դա լույս էր թունելի վերջում։ Պարզվեց, որ դեռ լիովին չի կորել քաղաքացիական հասարակություն կառուցելու հույսը։ Եթե մոտակա տարիներին մենք կարողանանք գոնե սաղմնավորել քաղաքացիական հասարակությունը, սա կլինի հայ ժողովրդի մեծագույն հաղթանակը, մեր հաղթանակը մեր հանդեպ։ Մեր ինքնության բացասական, ոսկրացած, այո, միգուցե դաժան ճակատագրով պարտադրված, բայց դրանով չարդարացվող, բաղադրիչների հաղթահարումը։ Այն ինքնահաղթահարումը, որը մեր դրական ավանդույթների պահպանումն ու հաստատումն է եւ ընդհանուր ոչինչ չունի ինքնության հաղթահարման գաղափարաբանական նորաձեւության հետ։
Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ