Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսին պատասխան

Դեկտեմբեր 29,1995 17:04

Եվ մեկ պատասխան

Իհարկե, կարող էի ենթադրել, բայց ոչ այսչափ սխալվելով, որ «Լրագրական տարի. ովքեր են լավագույնները» հրապարակումս  («Առավոտ» 30-ը նոյեմբեր) բազմազան խոսքուզրույցի տեղիք է տալիս: Նույնիսկ ինքս էի հարկ համարել ակնարկել դրա մասին, որպեսզի բամբասանքախառն խոսակցություններից հնարավորին չափ խուսափելով, լրագրողական երկխոսությունը, եթե տեղի ունենար այդպիսին, անմիջապես ուղղվեր գործնական հուն։ Այսօր, երբ հրապարակման օրից շուրջ մեկ ամիս է անցել, ստացել եմ մեկուկես պատասխան մամուլի էջերից, տասնյակ պատասխաններ պատերի տակ տարվող խոսակցություններից, որոնք, իբրեւ կանոն, բացասական երանգավորում ունեն եւ տեղ են հասնում միջնորդավորված եւ մեկ-երկու դրական արձագանք՝ իբրեւ համաձայնության նշան առ արտահայտածս տեսակետները: Այս ամենից զատ, ձեռք եմ բերել բազմաթիվ թշնամիներ, որոնք հիմնականում լրագրողների այն դասակից են, որոնց անցյալ հոդվածում, առավելագույնս մեղմ լինելու համար, բնութագրել էինք ընդամենը «իրենցից զարմացած» ընդհանրական մակդիրով։ Նրանք մինչեւ օրս էլ համոզված են, որ մարդիկ միայն իրենց են կարդում ու ցիտում, անկախ նրանից, որ իրենք դեռեւս շարունակում են դպրոցական ստեղծագործական շարադրությունների ոճով կեղծ կիսառոմանտիկ հայրենասիրություն խաղալ, դա, ինքնաբերաբար, մեծ նվաճում համարելով հայ մամուլի համար, որովհետեւ մյուսները այդպես չեն կարող գրել։ Նրանց համար նշանակություն չունեն ոչ համաշխարհային ժուռնալիստիկայի ներկայիս պահանջները եւ ոչ էլ հայ ընթերցողի այսօրվա իրական հետաքրքրությունները։ Թերեւս այս խնդրի շուրջ կարելի է ավելի երկար խոսել, բայց սահմանափակվենք այսքանով, սա համարելով այն կես հոդվածի եւ պատերի տակ տարվող խոսակցությունների պատասխանը։ Իրենց հետ իրենց ոճով, քանի որ ոչ ոք հրապարակման հեղինակին առերես ոչինչ չի ասել, մենք էլ անուններ չենք մատնանշում:

Իսկ ո՞րն է մեղքս, ինչո՞ւ են գործընկերներս հետս թշնամանում։ Բանն այն է, որ անտեսել էի իրենց, եւ համարձակվել սեփական կարծիքս հրապարակել, որ 1995 թվականին հանրապետությունում միանգամայն օբյեկտիվ հիմքերի վրա լավագույն լրագրողներ կարող են ճանաչվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Իսրայելյանն ու «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբաններ Գագիկ Մկրտչյանն ու Վիգեն Սարգսյանը։ Կարծում եմ, որ «ընտրությունը» կատարել եմ միանգամայն անաչառ դիրքերից, որովհետեւ հիշատակված անձանց հետ երբեւիցե անձնական մտերմություն չեմ ունեցել, եթե լավ, առողջ գործընկերական ու մարդկային հարաբերությունները նկատի չառնվեն որպես այդպիսին։ Ինչեւիցե, կրքերը ավելի մանրիկ դուրս եկան, քան ենթադրելի էր, եւ հոդվածի հեղինակի նկատմամբ թշնամական աղեղներ ուղղվեցին նույնիսկ նրանց կողմից, ովքեր այս կամ այն պատճառով հաշիվներ ունեն վերոնշյալ լրագրողների հետ: Լավագույնների մեջ դիտավորությամբ խուսափելով տալ իմ մտերիմների ու ընկերների անունները, որոնց մեջ քիչ չեն արժանավորները, հեռավոր նպատակ իսկ չեմ ունեցել որեւէ մեկին նսեմացնելու: Փառք Աստծո, որ հենց նրանք ինձ ճիշտ հասկացան, իսկ նրանք, ում պարզապես գործընկեր կարող եմ համարել՝ ոչ այնքան։ Ինչեւիցե, այսօր էլ հակված եմ իմ նախնական տեսակետին ու նորից պետք է Աննա Իսրայելյանի, Գագիկ Մկրտչյանի ու Վիգեն Սարգսյանի անունները տամ որպես տարվա լավագույն լրագրողներ, եւ նաեւ շնորհակալական խոսք ասեմ բոլոր նրանց, ովքեր պաշտպանեցին իմ տեսակետը։ Կարծում եմ, որ միանգամայն անիմաստ էր այս հարցում անառողջ կրքեր բորբոքելը։

Այժմ խոսենք այն մեն- միակ անդրադարձի վերաբերյալ, որը խնդրո առարկայի առնչությամբ հրապարակվեց «Առավոտ» թերթում։ Միանգամայն ընդունելի եմ համարում հայտնի հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի այն առաջարկը, որ որեւէ լրագրողի մրցանակի ներկայացնելու համար հարկավոր է կոլեկտիվ վճիռ։ Բնականաբար, ենթադրվում է լրագրողական որեւէ կոլեգիալ մարմնի ստեղծում։ Բայց տողերիս հեղինակը ինչով է մեղավոր, որ մինչեւ օրս չի ստեղծվել այդպիսի մի կառույց, չէ որ հայ ժուռնալիստիկան առաջին օրը չէ, որ գոյություն ունի: «Լրագրական տարին» գրելիս, իհարկե, այդ նկատառումը ունեցել եմ աչքիս առաջ, սակայն, աչքիս առաջ ունեցել եմ նաեւ այն տխուր իրողությունը, որ հայ մամուլը պարզապես չի կարողանում համախմբվել։ Փաստորեն, բոլոր այն հավաքույթները, որոնք հաջորդում էին լրագրողների ծեծվելու դեպքերին, եւ կոչված էին ժուռնալիստների պաշտպանությունն ապահովող մեխանիզմներ

մշակել, այդպես էլ որեւէ արդյունք չունեցան։ Ով գիտե, գուցե թե մրցանակաբաշխող գործառույթի հիմքերի վրա այդպիսի մի համախմբում ստացվի: Առաջարկությունը նաեւ նախաձեռնություն է ենթադրում։ Իբրեւ խնդրով շահագրգիռ մարդ, ես դա միայն կարող եմ ողջունել…

 

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031