Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին ժամանակը ժամանակ էր, իսկ հիմա՞…

Դեկտեմբեր 29,1995 15:01

Մարդու համար ի՞նչ կա. նեղ օրին դիմանալուն միշտ էլ սովոր է եղել, իսկ թե լենուբոլ օր է պատահել, մի կերպ դիմացել է։ Մարդը ժամանակի համար չի ստեղծված, բայց էս անտեր ժամանակն ստեղծված է միայն մարդու համար։ Մարդ ես՝ դիմացիր։ Միայն չըմբռնելն անգամ խոր ըմբռնելով կարելի է շատ բան ըմբռնել։ Ըմբռնելու հրաշալի ժամանակներն էլ անցան։ Ժամանակ կոչված էս ժամանակը ի՞նչ ժամանակներ է բերում, էն հրաշք հեքիաթների նման՝ ոչ ուտես, ոչ խմես՝ միայն մտի՞կ անես, թե…

Ո՞վ է ասել, թե ժամանակը դատավոր է, ժամանակն անկաշառ է, նա անկաշառ դատավոր է։ Փառք Տիրոջը, որ գոնե մի անկաշառ դատավոր գոնե ստեղծել է։ Եվ անկաշառ դատավոր ժամանակը արդար դատաստան է անում բոլոր նրանց, ովքեր ժամանակ կոչված կյանքում հանցանքներ են թույլ տվել։ Ժամանակը… Զարմանալի է ժամանակը։ Մարդ կոչված մահկանացուներս մտածում ենք ամեն ինչի մասին, բայց էդպես էլ չենք մտածում մեզ իր մեջ պահող ժամանակի մասին։ Մենք ահավոր շատ ենք մտածում ամեն ինչի մասին, բայց երբեք չենք մտածում ժամանակի մասին։ Հենց էն մասին, որ ժամանակ կոչված պարոնը (կամ իշխանը, կամ խանը, կամ շահը, կամ ընկերը) կունենա՞ ժամանակ, որ բոլոր մեղավորներիս անխտիր, համահավասար պատժի։ Երբ մի հետադարձ հայացք ես նետում, ուղղակի խղճում ես, մե՛ղքդ գալիս է ժամանակի համար։ Խեղճ մեր ժամանակը տեղով հազար կտոր լինի, էլի չի հասցնի բոլոր «մեղավորներիս հանդեպ իր դատավճիռը կայացնել։ Դատ ու դատաստանի էսքա՛ն գործեր կան։ Ո՞ր մեկին հասցնի։ Անգամ եթե գործած ու չգործած մեր մեղքերը դասակարգվեն, դասդասվեն, մեկ է, ժամանակը, միշտ իր անաչառ քծնությամբ հայտնի ժամանակը չի կարող ժամանակ գտնել։ Մարդ ուղղակի ապշում է. ինչպե՞ս է, որ ժամանակը էն խավար, էն լույս չեղած դարերում անգամ ժամանակ է գտել բոլոր հարցերը լուծելու, կիսատ գործեր չի թողել, անգամ խարխափելով է անցել իր ճամփան, որպեսզի գտնի մեղավորին ու իր արդար պատիժը տա։ Բոլոր դարերում էլ անհաս ժամանակը ժամանակ է ունեցել։ Եվ մարդիկ զգացել են, որ իրենց գլխին կա ժամանակ, որ հենց գլխից դուրս բան անեն, ապա ժամանակը կբամփի իրենց գլխին։ Եվ բոլորն աշխատել են գլխից դուրս բաներ չասել, գլխից դուրս խոսքեր չասել… Մեղավորները միշտ էլ սքանչելի պատիժներ են կրել պատմության եւ ժամանակի կողմից։

Բայց ոնց որ մեր ժամանակը շատ է փոխվել, ոնց որ առաջվա ժամանակը չլինի։՛ Հազար տեսակ ժամանակներ ասացինք, երազեցինք ապրել հազար տեսակ ժամանակներում, բայց եկել, մխրճվել ենք մի ժամանակի մեջ, որի անունը տալն էնքան էլ հեշտ չէ։ Դա կոչվում է խաբելու ժամանակ։ Ո՞վ է դրա հեղինակը, ի՞նչ օգուտ ունի, որ խաբում է, ինչո՞ւ է խաբում, էսպես խաբելով ո՞ւր կգնա եւ ո՞ւր կհասնի։ Պարզ չէ, բայց կասկածամիտ մարդիկ մտածում են, որ ճիշտը, երեւի, խաբելու մեջ է։ Մարդիկ են, տեսել են նաեւ գեղեցիկ ստեր, պոզավոր ստեր, պոչավոր ստեր, բայց էսքան լուսավո՛ր ստեր, էսքան յոթհարկանի ու տասհարկանի՛ ստեր ոչ տեսել էին, ոչ լսել։ Երբեք էլ սուտ չէ, որ Հայաստանն ունի կառավարություն։ Ունի, հաստատ ունի։ Բայց կառավարությունն ի՞նչ շահ ունի, որ իր բերանով, իր նախարարների բերանով օրումեջ, բայց ժամառժամ սուտ է խոսում։ Եվ ինչո՞ւ է անընդհատ հավատացնում, որ իր սուտը հազար ճիշտ արժե: Ժողովուրդը դարձել է խաբելածաղիկ։ Հեշտ է խաբվում հիմա ավելի, քան առաջ։ Հեշտ է խաբվում, որովհետեւ հիմնավոր ու հիմնարար խաբվածին բոլորն էլ կարող են խաբել, էլ ի՞նչ մնաց, որ կառավարությունը չկարողանա։ Սոցիալական, կենսական ՚հարցերի սարեր ու բլուրներ են առաջացել։ Իբր, Աստծո տված մեր սարերն ու լեռները, մեր բլուրները քիչ են, հիմա էլ սարերին հավասար սոցիալական հարցեր ու խնդիրներ են լեռնանում։ Եվ միշտ էլ ստեղծվում է էն գեղեցիկ պատրանքը, թե հլե-հրես, ամեն ինչ լուծվելու է։ Բա ո՛նց… Միայն թե կարողանանք ըմբռնել իշխանավոր-կառավարողների հեշտ ու հանգիստ մեյդան եկող «եթե»-ների հզոր չուն ու քարվանը։ Արդեն մեկ է, թե հա՞ց կլինի, թե չի լինի, լո՞ւյս կլինի, թե չի լինի, օրը երկո՞ւ ժամ կլինի, թե քսանութ ժամ, մեկ է։ Մենք արդեն դադարել ենք հավատալուց, իսկ կառավարողները շարունակում են հավատացնել։ Ախպեր, չենք ուզում, մեզնից վազն անցեք, մեզ հետ գործ չունեք, գնացեք ձեր համար ուրիշ մարդ ու խաբելածաղիկ ժողովուրդ ճարեք…՝

Ինչ անում, չենք անում, մեզնից ձեռ չեն քաշում, երեւի, լավ էլ զգում են, որ մեզնից ավելի դյուրաբորբոք ու դյուրահավատ ժողովուրդ չեն էլ ճարի։ Եվ հավատացնում են ու հավատացնում, թե… էսպես ու էսպես, հացի խմորի ջուրն աճել է 5 տոկոսով, ժողովրդին լույս տալն աճել է 5 տոկոսով, աշխատատեղերն աճել են 5 տոկոսով, ազգային եկամուտն աճել է 5 տոկոսով… Ամեն տեղ աճել է տոկոսով, տոկոսով, տոկոսով, բայց վերջը… Խաբկանք ու սով, սով ու սով։ Կառավարությունն իր պաշտոնական թիվն ունի, թե հանրապետությունից հեռացել են 700 հազար մեր ու մանուկ, տատիկ-պապիկ, մարդ ու կնիկ։ Թե իրենք հոգ են տարել նրանց մասին, աշխարհը մերն է ու սրանք գնացել են ձմեռելու: Իհարկե, կառավարության ձմեռացումը հայրենի հողի վրա նույնպես հաջող է գնում։ Բայց ո՞վ է պատասխան տալու մրսողների, սովյալների, ճարահատյալների փոխարեն։ Ստի ոտքերը, մի ժամանակ, կարճ են եղել։ Բայց սուտը հիմա ինչո՞ւ է երկարաոտն ու երկարաձեռն դարձել, կատվի վազքը եթե մինչեւ մարագն է, ապա մեր իշխանավորների սուտը տուտ ու վերջ չունի։ Պատեհապաշտներ միշտ էլ պիտի լինեն, բայց էսպիսի՝ պատեհապաշտներ ո՞ր զուլումն է ստեղծել մեզ համար։ Մի՞թե կարելի է ներել հենց ժողովրդին, որ նա իր ծոցից (ծոց ասենք) հանել է նման սուտասաններին։

Տարին, ըստ հավաստի աղբյուրների, ավարտվում է։ Մի տարվա տառապանք եւս պիտի թողնենք մեր շալակին։ Մի տարվա խաբկանք մեզ ավելի է ծերացրել ու հմտացրել խաբվելու մեջ։ Նոր տարին սիրում է նորոգել ամեն ինչ։ Նոր տարին պիտի մտնի իշխանավորների մեջ ու ենթարկվի՞ նրանց, թե… խիղճ ունի նոր տարին ու իրեն գոնե մի քիչ ըմբոստ կպահի ու հպարտ։ Ամեն ինչ կախված է ժամանակի ձեռքից։ Հավատացած ենք, որ ժամանակը դասեր ունի քաղելու (իհարկե, ոչ կառավարիչներից) եւ դասեր ունի տալու (իհարկե ոչ կառավարիչներին, նրանք ոչ մի դաս չեն ընդունում, նրանք են իրենց դասերը տալիս բոլորին, նաեւ ժամանակին): Ի՞նչ է մնում մեզ։ Հույս ու հավատով սպասենք նոր տարվա գալուն, նորոգենք մեր հավատը ու նոր եռանդով նետվենք խաբկանքի գեղեցիկ գիրկը։ Ու նորից հավատանք, որ եգիպտական բուրգերը վախենում են ժամանակից, իսկ ժամանակը… հայոց կառավարիչներից։ Թող նրանք էլ նոր կարգավիճակով նոր ժամանակներ բերեն իրենց սիրելի, աննման ժողովրդի գլխին։

 

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031