Մենք՝ հակառակը
Հայաստանում ապրող հասարակ մահկանացուն, որը սովոր է ապրել հայրենի կառավարության բյուջեի եւ ծրագրերի համապատասխան՝ երբ բյուջեն սկզբից կատարվում է, իսկ հետո հաստատվում, մեծ դժվարությամբ կհասկանա, թե ինչու Ամերիկայի նման հարուստ երկրում բյուջետային ճգնաժամ է սկսվել։ Եվ ինչն է պատճառը, որ ամերիկյան դեսպանատները մասնակիորեն դադարեցնում են իրենց աշխատանքը, իսկ բուն ԱՄՆ-ում ժամանակավորապես փակված են թանգարաններն ու ազգային զբոսայգիները եւ սոցիալական ապահովության ծառայությունները կատարում են միայն անհետաձգելի պատվերները։ Ընդդիմադիր հանրապետական կոնգրեսը եւ իշխանավոր դեմոկրատական Սպիտակ տունը, ոչ մի կերպ չեն կարող պայմանավորվել բալանսավորված ֆեդերալ բյուջեի 7-ամյա պլանի շուրջ։ Նախագահ Քլինթոնն արդեն բազմիցս իր վետոն է դրել Կապիտոլիումի օրենսդրական առաջարկությունների վրա։
Ինչ մնում է ամերիկացիներին, ապա նրանց համար չարժե անհանգստանալ.
բյուջեի համաձայնեցված ծրագիր նրանք ի վերջո, իհարկե, կստանան։ Ընդ որում դեռեւս պարզ չէ, թե ով որ աթոռին նստած կլինի 7 տարի հետո՝ 2002 թվականին (բյուջեի կատարման ավարտի ժամկետը)՝ հանրապետականները, թե դեմոկրատները։ Սակայն թեեւ Քլինթոնը, Դոուլը կամ Գինգրիչը ամենեւին զրկված չեն անձնական քաղաքական ամբիցիաներից, այնուամենայնիվ, իրավաժառանգության սկզբունքը բյուջեի հարցում, նրանց համար ամենակարեւորն է։ Հենց այդ պատճառով էլ հանուն այդ սկզբունքի, նրանք տարվա վերջին ամերիկացիներին որոշ անհանգստություն են պատճառել։
Կարդացեք նաև
Որքան կարելի է դատել, նրանց մոտ՝ Ամերիկայում, վեճերն ընթանում են բյուջեի ծախսային մասի վերաբերյալ: Համարյա այնպես, ինչպես մեզ մոտ, երբ մեր օրենսդիրները ընդունեցին բյուջեն երկարատեւ քննարկումից հետո: Ողջ խնդիրը, սակայն, այն է, որ մեզանում բյուջեն ընդունեցին առանց եկամտային մասի։ ՀՀՇ-ի 7-րդ համագումարում նախագահը կշտամբեց կառավարությանը, որ 95 թվականի բյուջեի եկամտային մասում սխալ հաշվարկի պատճառով նախատեսված չէր 50 մլն դոլար, որի հետեւանքով էլ առաջացավ մեր պարտքը Թուրքմենստանին գազի համար։ Մեր տվյալներով, հաջորդ տարվա բյուջեն նույնպես նման հոդված չի ենթադրում։ Եթե դա այդպես է, ապա պարզ չէ, թե ինչի հաշվին է ծածկվելու այդ պարտքը եւ արդյոք չի առաջանա հաջորդ տարվա վերջում հերթական դեֆիցիտային ճեղքվածքը, որը նորից ստիպված կլինեն փակել հետին թվով։
Մենք էլ չգիտենք, թե ովքեր են 2002 թվականին պահելու իշխանության ղեկը։ Սակայն մենք իրավունք ունենք պահանջելու, որ իրավաժառանգությունը բոլոր դեպքերում պահպանվի։ Որպեսզի ոչ աջերը, ոչ ձախերը, ոչ էլ որեւէ մի երրորդը, որը կմագլցի իշխանության Օլիմպոս, չկարողանա հրաժարվել նախորդի տնտեսական պարտքերից, որքան էլ դեմ լինի նրա գաղափարախոսությանը: Եվ եթե մեր կյանքը այնպես է դասավորվել, որ մեզանում դեռեւս քաղաքականությունն է որոշում տնտեսությունը, ապա թող քաղաքական գործիչները բարի լինեն ավելի լավ հաշվել բյուջեն։
Թող այնպես չհաշվեն, ինչպես դա անում են այսօր, օրինակ, նվազագույն աշխատավարձի մակարդակը որոշելիս, միեւնույն ժամանակ չկոչելով այդ մակարդակը ինչ-որ «հաշվարկային միավոր»։ Արժանին մատուցելով այդ օրիգինալ հայրենական գյուտին, պետք է նշել, որ այն ոչ մի գործնական նշանակություն չունի։ Եթե այստեղ ակնարկ անգամ չկա նվազագույն մակարդակի մասին (այն համապատասխանում է, ասենք, հացի եւ տրանսպորտի ծախսերին՝ առանց ջրի), ապա ինչպես է հնարավոր դրա հիման վրա ստեղծել ինդեքսներ եւ գործակիցներ։ Այն էլ ասենք, որ թվերն «օդից վերցնելու» հարցում անգերազանցելի վարպետներ են եղել եւ մնում սոցիալիստները։ Տեսնես ինչու նրանց այդքան չի սիրում մեր կառավարությունը։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ