Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվենք կտրուկ շրջադարձի

Դեկտեմբեր 29,1995 12:36

Եթե Ռուսաստանում իրոք կոմունիստները վերջնականապես հաղթեն, Հայաստանի առջեւ կդրվի նաեւ արտաքին քաղաքականության վերանայման հարցը։

Առայժմ դժվար է կանխատեսել, թե ուր կարող է հասնել Ռուսաստան-Արեւմուտք հակասությունը մոտակա տարիներին եւ, ըստ այդմ, ինչպես «կգծի» Ռուսաստանն իր աշխարհաքաղաքական շահերի տարածքը։ Հավանաբար երկաթե վարագույրի ժամանակներն անդառնալի են, բայց մեկուսացման որոշակի աստիճան նրանք կպարտադրեն՝ հատկապես այնպիսի կարեւորագույն տարածքում, ինչպիսին Անդրկովկասն է։

Արեւմուտք-Թուրքիա-Միջին Ասիա առանցքը վնասազերծելու նպատակով, Ռուսաստանն արդեն բացահայտորեն ցուցադրում է Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցք ձեւավորելու իր նպատակները։

Պետք է ենթադրել, որ առաջիկայում Ռուսաստանն ավելի խիստ դիրքորոշում կընտրի ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի կազմի հարցում, ձգտելով հաստատել ռուսական ուժերի գերակայությունը։ Եվ բնականաբար Ռուսաստանը հիացած չէ Մարգարայի կամրջի բացման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների աշխուժացման հեռանկարով։ «Կամուրջների» հարցում Հայաստանը հայտնվում է երկու քարի արանքում։ Արեւմուտքին, բնականաբար, այնքան էլ դուր չի գալիս Հայաստան-Իրան հարաբերությունների աշխուժացումը։ Չի բացառվում, որ մոտակայքում կհասունանա «քարերից» որեւէ մեկն, այնուամենայնիվ, ընտրելու խնդիրը։ Հայաստանի դիրքորոշումը բոլոր դեպքերում պետք է լինի ավելի ռուսամետ, քան Ադրբեջանինը։ Եվ ընդամենը…

Սա շատ չէ, բայց քիչ էլ չէ։ Շատն ու քիչը հարաբերական է եւ կախված է իրադրությունից։ Եթե Ադրբեջանն իրոք կորցնի Կասպից ծովում, ապա ամեն ինչ կանի Ղարաբաղում ինչ-որ բան շահելու համար։ Լուրեր են տարածվում, որ Ադրբեջանն, այսօր արդեն, ռազմական օգնություն է խնդրում… Ռուսաստանից։ Արեւմուտքն էլ, եթե վերջնականապես կորցնի իր ազդեցությունը Անդրկովկասում, ապա որպես շահած կողմ կգերադասի տեսնել Ադրբեջանին (որպես պոտենցիալ ավելի արեւմտամետ):

Իսկ ռուս-թուրքական. կոմպրոմիսները պատմության ողջ ընթացքում կատարվել են Հայաստանի հաշվին։ Այնպես որ, հայկական դիվանագիտությունը շատ լուրջ եւ պատասխանատու խնդիրներ ունի առջեւում։ Միայն հավասարակշռությունն այլեւս բավական չէ։ Անհրաժեշտ է ավելի ակտիվ եւ բովանդակալից դիրքորոշում։ Էլ չխոսենք այն հեռանկարի մասին, որ չի բացառվում այն իրադրությունը, երբ՝ Հայաստանում իշխանության հարցը պայմանավորվի ոչ թե ներքին, այլ՝ արտաքին քաղաքականությամբ։ Ներքին կայունության պահպանման նպատակով, մենք պետք է ընդունակ լինենք արտաքին քաղաքականության հարցերում ավելի կտրուկ շրջադարձերի։

 

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031