Խորհրդարանը կառուցողական օրենսդիր աշխատանքի մարմին է, հուլիսի 5-ից վերանվանվելով Ազգային ժողովի՝ այն ավելի մեծ պարտավորություն է ստանձնել ժողովրդի ճակատագրի հանդեպ։ Յուրաքանչյուր պատգամավոր պետք է առավելագույնս համապատասխանի քաղաքակրթության պահանջներին, այսինքն՝ դառնա ազգի դեմքը՝ ուսյալ, զարգացյալ եւ տեղեկացյալ։ «Մեզ մոտ եւ նրանց մոտ» զուգահեռներն անընդհատ հետաքրքիր, բայց ճնշող, ավելորդ մտքերի տեղիք են տալիս, զիջում ենք թե՛ տեղեկացվածության, թե՛ համակարգչային տեխնիկային տիրապետելու, թե՛ օտար լեզուներով հաղորդակցվելու մակարդակով։
Այսօր, սակայն, Ազգային ժողովը ձեռնամուխ է եղել հաղթահարելու հին եւ նոր ժամանակների միջեւ առկա խզումը։ Որպես առաջին քայլ՝ պատգամավորների համար նպաստավոր պայմաններով բացվել են օտար լեզուների ուսուցման դասընթացներ։ Ճիշտ է, ընտրության հնարավորությունը դեոեւս մեծ չէ. դասական լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ Բայց կարեւորը սկիզբն է։
Մյուս հոգսը համակարգչային տեխնիկային տիրապետելն է, իհարկե, տիրապետելուց առաջ պետք է ունենալ, թեեւ պատգամավորների համար, կարծում եմ, դա լուծելի խնդիր է։
Ամեն դեպքում արտասահմանում սովորական ծոցատետրերն արդեն դուրս են մղվել գործածությունից, արդեն տեղը զիջելով համակարգիչներին։ Այս ասպարեզում, ինչպես եւ քաղաքական շատ այլ նորամուծությունների վերաբերմամբ, առաջնության դափնիները մեր խորհրդարանում պատկանում են ԱԻՄ-Ք խմբակցությանը (համաձայն որոշ աղբյուրների՝ վերջին «Ք»–ն՝ քրիստոնեավարությունը, հանվել է):
Կարդացեք նաև
Այսպես՝ Արամազդ Զաքարյանը անբաժան է դարձել ձեռքի համակարգչից՝ ե՛ւ բուն նիստերի, ե՛ւ ընդմիջումների ընթացքում։ Պատգամավորը խորամուխ է լինում արդիական տեխնիկայի կիրառության մեջ՝ խաղերի, ինչպես եւ զանազան տեքստային շարադրանքների հավաքման միջոցով։ Կարող է թվալ, թե համակարգիչը խանգարելու է պատգամավորին, սակայն վերջին արտահերթ նստաշրջանն ապացուցեց հակառակը, սեփականաշնորհման եւ ապապետականացման ՀՀ օրենքին ու ծրագրին վերաբերող կարեւորագույն քննարկման պահին, երբ մարտեր էին ընթանում գործադիր եւ օրենսդիր մարմինների միջեւ իրավասությունները վերաբաժանելու կապակցությամբ, նա զբաղվում էր համակարգչով, միաժամանակ դիպուկ արձագանքներ տալիս, օրինակ՝ վարչապետի կողմից կառավարությանը վստահություն հայտնելու քայլը գնահատելով իբրեւ վերջնագիր։
Մնում է հուսալ, որ մյուս պատգամավորները եւս կհետեւեն այս նախաձեռնությանը եւ բացի թերթեր կարդալուց՝ ձեռք
կբերեն համակարգիչներ՝ «Բոլորս դեպի համակարգիչները» կարգախոսը որպես ուղեցույց ունենալով։
Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ