Լրահոս
Օրվա լրահոսը

Եկող տարին վճռորոշ կլինի

Դեկտեմբեր 29,1995 10:21

Կամ իրական բարեփոխումներ, կամ «կարմիր կխմերների» վերադարձը

Հինգ տարի առաջ սկսված արմատական բարեփոխումները մեր կյանքի բոլոր ոլորտներում, հասարակական ամենալայն շրջանակներում այսօր միանշանակորեն չեն գնահատվում։ Ակնառու հաջողությունների հետ մեկտեղ, մենք այսօր ունենք նույնքան ակնառու բացթողումներ, որոնցից արդարացիորեն դժգոհում է մեր ժողովուրդը։ Օբյեկտիվորեն գնահատելով անցած 1995թ., չի կարելի չնկատել կյանքի ընդհանուր կայունության միտումները՝ համեմատած անցած չորս ծանրագույն տարիների հետ։ Սակայն պարզ է նաեւ այն, որ գալիք 96թ. դառնալու է մեզ բոլորիս համար նոր մտորումների տարի։ Ժամանակն է լրջորեն վերլուծել, քննության առնել եւ արմատական որոշումներ ընդունել նշված էական բացթողումները վերացնելու համար, այլապես հասարակության բացասական փոխազդեցությունը կարող է վտանգել բոլորիս համար կենսականորեն անհրաժեշտ պետականության ամրապնդումը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը եւ ազատական բարեփոխումները տնտեսությունում։

Կարեւորն այն է, որ նման գործելակերպի համար մեզանում այսօր առկա է քաղաքական կամքը։ Դա ցույց տվեց հանրապետության նախագահի ելույթը ՀՀՇ-ի 7-րդ համագումարում։ Նախագահի այս դինամիկ եւ խիզախ քայլի իրական դրական պտուղները մենք, անկասկած, կտեսնենք գալիք 1996թ.: Իսկ պատմական առումով, նախագահ Տեր-Պետրոսյանի դեկտեմբերի 23-ի ելույթը, կարելի է համեմատել Գորբաչովի արմատական փոփոխությունների հետ, որոնք նա հոչակեց 1985թ. ապրիլի 24-ին, սկսելով իր հանրահայտ «պերեստրոյկան»:

Իսկ այն, որ մեզանում էլ լուրջ «պերեստրոյկայի» անհրաժեշտությունը հասունացել էր, ցույց էին տալիս ե՛ւ հասարակական տրամադրությունները, ե՛ւ պետական բյուրոկրատիայի աստիճանական կաղապարվածությունը, որոնք լուրջ հետեւանքներ կարող էին ունենալ բարեփոխումների հետագա ընթացքի համար։ Որ նման վտանգը հեքիաթ չէ, ցույց տվեցին մեր հարեւան երկրներում ընթացող իրադարձությունները։ Ե՛վ Թուրքիայում, ե՛ւ Ռուսաստանում խոշոր պարտություն կրեցին լիբերալ բարեփոխումներ անցկացնող ուժերը։ Եվ ի տարբերություն Լեհաստանի, Հունգարիայի, Լիտվայի կամ Ուկրաինայի, վերը նշված երկու երկրներում մեծ հաղթանակ տարան ոչ թե «ձախ ցենտրիստական», այլ ծայրահեղ արմատական ուժերը, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ե՛ւ դեմոկրատիայի, ե՛ւ տարածաշրջանում փխրուն հավասարակշռության պահպանման համար։ Կարիք չկա նույնիսկ նշելու, թե ինչպիսի վտանգներ կարող է առաջացնել այս ամենը մեր երիտասարդ պետության եւ նոր ծնունդ առած դեմոկրատիայի համար։ Սակայն որպեսզի մենք էլ չկանգնենք «ռուսական խնդիրների» առջեւ, անհրաժեշտ է անկեղծ, ինքնաքննադատական վերլուծություն։

Առանց «անձնական գործոնի» շեշտադրումի պետք է քննենք, թե ինչպես պատահեց, որ 88-ին կոմունիստների մենաշնորհության սկզբունքի դեմ պայքարող շարժումը, այսօր փորձում է ստեղծել մի նոր համակարգ, որի կարգախոսն է պետությունը կուսակցություն է, իսկ կուսակցությունը՝ պետություն»։ «Լուսապայծառ կոմունիզմի» փոխարեն այսօր օգտագործվում է ոչ պակաս լուսապայծառ «լիբերալ-դեմոկրատիայի» տեսլականը։ Ի՞նչ կապ ունի, թե շրջկոմի 1-ին քարտուղարը որ կուսակցության տոմսն է պահում գրպանում՝ կոմունիստի, դաշնակցականի, ԱԺՄ-ականի, թե ՀՀՇ-ականի։ Հասկանալի է, որ այդպիսի համակարգում, որտեղ կուսակցության դերը նմանվում է եգիպտական փարավոնների լիազորություններին, հասարակության մեջ սկսում է տիրել քծնանքը, ցինիզմը, փարիսեցիությունը, որոնք քայքայում են թե՛ մարդկանց հոգիները, եւ թե՛ պետության հիմքերը։ Իշխանության գլխավոր գործելու սկզբունքն է դառնում մեզ բոլորիս լավ հայտնի «կոլեկտիվ անպատասխանատվության» սկզբունքը, որի ապագան նույնպես դժվար չէ կռահել։ Փառք Աստծո, մեզ մոտ դեռ այս ամենը չի արմատավորվել։ Դա չկա այսօր, որովհետեւ «ոհմակի» սկզբունքները չեն կիսում պետության հիմնական ազդեցիկ գործիչները։ Այստեղից էլ

առաջացել են այն խոր հակասությունները «վերեւներում», որոնց հիմքում ընկած է ոչ այնքան «անձնական գործոնը», որքան սկզբունքները։ Կուսակցական-պետական բյուրոկրատիան ցանկանում է, որ բոլորը հարգեն ոհմակի սկզբունքները, «մոռանան» 88-ի իդեալները, հանգիստ քնեն գիշերները՝ օրվա ընթացքում «պետականության դժվարին գործին ծառայելուց» հետո։

Հասկանալի է. որ երկրում էլ որ լինի, միեւնույն է, եթե ընդգծված ձեւով արհամարհվում են հասարակության պահանջները, եթե պետական բյուրոկրատիան օրը ցերեկով «սեփական գրպանը շփոթում է պետական գրպանի հետ», հետեւանքները իրենց սպասեցնել չեն տալիս։ Հասարակության «զայրույթը» ընդդեմ նման բյուրոկրատիայի կամ կրում է «քաղաքակիրթ» բնույթ, կամ էլ… իշխանության են գալիս ֆաշիստական ուժերը՝ իրականացնելու այդ հասարակության պատվերը, դրա հետ մեկտեղ ոչնչացնելով նաեւ դեմոկրատիայի սկզբունքները։

Կամ-կամ։ Պատմությունը միջանկյալ տարբերակ չի ունեցել։ Կամ պետությունը ազատվում է «վայ-լիբերալներից», փրկելով այդքան անհրաժեշտ լիբերալիզմի սկզբունքներն ու դեմոկրատիան, կամ էլ իշխանության են գալիս մութ ուժերը, որոնք ոտնատակ են անում ամեն ինչ։ Ելցինը Ռուսաստանում չդիմացավ բյուրոկրատիայի ճնշմանը եւ այնտեղ հանցագործությունը արմատավորվեց հիմնովին, որի համար էլ որպես բողոք, մարդիկ քվեարկեցին արմատական ուժերի օգտին։ Դեմոկրատները այնտեղ այդպես էլ չհասկացան, որ առանց ուժեղ պետության՝ ուժեղ դեմոկրատիա չի լինում։ Իրավապահ մարմինների լիազորությունների ընդլայնումն իսկապես կարող էր բերել մարդու իրավունքների խախտման որոշ դեպքերի, նաեւ գործարարների աշխատանքի դժվարացման։ Սակայն ուրիշ ելք չկա։ Այդ չարաբաստիկ դժվարին բալանսը պահպանել սովորելու համար անհրաժեշտ է երկար ժամանակ։ Իսկ քանի դեռ քաղաքացիական հասարակության ինստիտուտները դեռ զարգացած չեն, դրա դերը կարող էր ժամանակավորապես կատարել նախագահ Ելցինը։

Սակայն կյանքից կտրված դեմոկրատները ուզում էին դեմոկրատիայի հաստատումը միանգամից, հենց այսօր, հենց այս ժամին։ Եվ ահա դրա դիմաց նրանք ստացան քաոսային վիճակ, հանցագործության կտրուկ աճ, բյուրոկրատիայի լկտի չափերի հասնող այլասերում։ Դեմոկրատները Ռուսաստանում այսօր թույլ չտվեցին Ելցինին կոշտ որոշումներ ընդունել, վաղը, իսկ ավելի ճիշտ 96-ի հունիսից հետո, զայրացած ժողովուրդը իշխանության կբերի արմատականներին, որոնց համեմատ այսօրվա գեներալ Լեբեդը, Գրոմովը, կամ ՆԳ-ի նախարար Կուլիկովը խաղաղասեր քերովբեներ կլինեն։

Գրեթե նույն ձեւով էին ուզում վարվել «մերոնք»։ Այսօր նրանք վախեցնում են հասարակությանը «ոստիկանապետությամբ», պահանջելով ստեղծել «Հոլանդիայի տիպի» ՆԳՆ-ի համակարգ (սեփական հանգիստը ապահովելու համար, իհարկե): Վաղը նրանք կպահանջեն ստեղծել «Շվեյցարիայի տիպի» բանակ։ (Ինչ կարիք կա պահել մեծ բանակ, մեծ ծախսերով։ Դրսից են մեզ ֆինանսավորում, նույն դուրսն էլ Ղարաբաղի ու մեր անվտանգության հարցերը կլուծի): Մյուս օրը նրանք կասեն, որ Հայաստանին անհրաժեշտ է «Իտալիայի տիպի» նման նախագահ։ (Ինչ կարիք կա, որ Հայաստանը ունենա ուժեղ ղեկավար, դրսից ենք ֆինանսավորվում, թող դուրսն էլ մեզ ղեկավարի):

Սակայն ամեն ինչ ունի իր «չափն ու սահմանը» եւ ցանկալի է, որ բոլորն իմանան եւ հարգեն դրանք։

1996թ. մեզ բոլորիս համար կլինի վճռական տարի բոլոր ասպարեզներում, սակայն դրա համար անհրաժեշտ է մի փոքրիկ բան. որպեսզի մենք բոլորս մեր հավատը չկորցնենք՝ մեր տունը սեփական ձեռքերով կառուցելու վճռականությամբ, առանց որի չի լինում իրական երջանկություն եւ անհատապես, եւ ազգի մակարդակով։

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031