«Բարեփոխումներ» խմբի նախագահ Արմեն Մարտիրոսյան
– Ինչպե՞ս կբացատրեք «Բարեփոխումներ» խմբի այսքան կտրուկ տատանումը՝ «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ու ապապետականացման մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ, կառավարության դիրքորոշման ժխտումից մինչեւ հավանություն։
– Մեզ համար բավական անսպասելի էր, որ կառավարությունը դիմեց իրեն վստահություն հայտնելու քայլին. այս օրենքի կապակցությամբ մենք կառավարության անվստահության հարցը չենք դիտարկել։ «Բարեփոխումների» խնդիրն էր օրենքը դարձնել կատարյալ, բայց քանի որ բարձրացավ կառավարության անվստահության խնդիրը, մենք, ելնելով իրականությունից, իմանալով ուժերի դասավորությունը, հասկացանք՝ հետագա հակադրությունն անիմաստ է։ Անձնապես իմ անունից եմ ուզում ասել՝ բոլոր հարցերս օդի մեջ են։ Վերջում վարչապետը եկավ մասնակցելու մեր քննարկմանը, եւ որքան հնարավոր էր այդ կարճ ժամանակահատվածում, ընդունեց մեր հարցադրումները, մասնավորապես սեփականաշնորհվող օբյեկտների գնահատման մեթոդիկայի հետ կապված, ասաց, որ կան ինչ-որ պատրաստի դրույթներ, որոնք այս օրենքում բերված չեն, իրենք կներկայացնեն, թե կպատրաստեն… Ես չեմ ուզում գնահատական տալ նրա ասածներին, այնուամենայնիվ, գտնում եմ՝ կարելի էր ավելի նուրբ գնալ առաջ, մինչեւ վերջ կառուցողական քննարկումներով հանդերձ, որպեսզի ոչ ոքի մեջ դժգոհություններ չմնային։ Սա այն հարցը չէ, որտեղ հաղթողներ կամ պարտվողներ պիտի լինեն, ի դեպ, մեր խմբում այդպիսի տրամադրություն չկար, մենք սենսացիա չէինք որոնում։ Ինչեւէ, ամեն ինչ մնաց կառավարության խղճին, ուզում եմ հավատալ, որ նա մինչեւ վերջ կկարողանա քաղաքակիրթ առաջ տանել սեփականաշնորհումը:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Էդվարդ Եգորյանի հայտարարությունը, համաձայն որի «բարեփոխիչները» կասեցնում են հանրապետությունում սեփականաշնորհումը, այսինքն՝ հանդես են գալիս որպես հակաբարեփոխիչ։
Կարդացեք նաև
– Ես չեմ ուզում իջնել այդ մակարդակին, պրն Եգորյանը շատ հայտարարություններ է արել, ցանկություն չունեմ դրանք բոլորը մեկնաբանելու, վերջինը նույնպես թող մնա նրա խղճին։ Բայց մի բան կարող եմ ասել, մամուլը ցանկության դեպքում կարող է պարզել, թե Ազգային ժողովում քանի օրենք է քննարկվել եւ այդ ընթացքում «Բարեփոխումների» կողմից քանի առաջարկություններ ու դիտողություններ են կատարվել։ Եթե «Հանրապետություն» միավորման առաջարկներն ավելի շատ լինեն, ես պատրաստ եմ այլ խոսք ասելու։ Սակայն համոզված եմ՝ մեր խմբի պես կառուցողական ոչ ոք չի աշխատել, այս անհամեստության համար էլ կներեք՝ վիճակագրությունն է ապացույցը։
– Չե՞ք կարծում, որ իր այս քայլով «Բարեփոխումները»՝ որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, մեկուսացավ սեփականաշնորհման գործընթացից։
– Ես ողբերգականորեն չեմ մոտենում, որովհետեւ համաձայն այս օրենքում ընդունված փոփոխությունների՝ կառավարությունը պետք է տարեկան Ազգային ժողովին հաշվետվություններ ներկայացնի։ Այս cart blanch-ից հետո կառավարությունն այլեւս իրավունք չունի գալ խորհրդարան եւ լացել, որ ինքը զուրկ էր աշխատանքներ տանելու հնարավորությունից։ Այսօր արդեն պատասխանատվությունը հստակ մնաց կառավարության վրա։ Մնում է, որ Ազգային ժողովը՝ որպես ժողովրդի ներկայացուցչական օրենսդիր մարմին, ուղղակի կարողանա վերահսկել, եթե չկարողանա, ուրեմն՝ ժողովրդական լեզվով ասած՝ «հալալ լինի կառավարությանը»։
Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ