Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականությունը եւ բանկը

Դեկտեմբեր 28,1995 12:13
Hovhannes igityan

Սեփականաշնորհման տիրույթում կառավարության լիազորությունների ճշտմանը զուգընթաց՝ Ազգային ժողովը դեկտեմբեր 27-ի արտահերթ նիստում վավերացրեց «Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան բանկ հիմնելու մասին» համաձայնագիրը։ Փաստաթուղթը ներկայացնող ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը վկայեց, որ այս նախագիծը համաձայնության չի արժանացել իր գործընկերների կողմից։ Նախապատմությունը հետեւյալն է. Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան բանկի ստեղծման համաձայնագիրը նախ ստորագրվել է 1994 թ. հունիսի 30-ին Թբիլիսիում եւ հաստատվել Սեւծովյան համագործակցության անդամ-պետությունների կողմից։ Հայաստանի կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ արտգործնախարարը 94-ի դեկտեմբերի 16-ին։ Բանկը կոչված է նպաստելու անդամ-երկրների միջեւ ֆինանսատնտեսական համագործակցության զարգացմանը, ներդրումների աշխուժացմանը, առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը, համատեղ ծրագրերի ֆինանսավորմանը։

Այսքան պայծառ բնորոշվող բանկի ճակատագիրը, սակայն, շաղկապված է որոշ խոչընդոտների հետ։ Թուրքիան կամենում էր, որ բանկի գրասենյակը գտնվի իր տարածքում, սակայն ընդունվեց հունական Սալոնիկ քաղաքի տարբերակը։ Այս կապակցությամբ՝ առաջադրվեցին մի շարք խստագույն պայմաններ, բանկը կկարողանա գործել, եթե մինչեւ 1996 թվականի հունվարի 1-ը այս համաձայնագիրը վավերացնեն 6 պետություններ, ընդսմին՝ այդ 6 պետությունների մասնաբաժինը պետք է կազմի բանկի կանոնադիր կապիտալի 51 տոկոսը։ Բանկի կանոնադրային կապիտալը կազմելու է 1 մլրդ SDR (միջազգային արժութային հիմնադրամի ընդհանրացված վճարամիջոց): Հետեւապես, պայմանագրի ընդունումը ստանում է քաղաքական երանգներ: Առ այսօր այն վավերացրել են 3 պետություն՝ Հայաստանը, ըստ տրամաբանության, համալրելու էր նրանց շարքը։ Վավերացումը ենթադրում է նաեւ Հայաստանի կողմից իր մասնաբաժնի ապահովումը, Հայաստանի մասնաբաժինը կազմելու է 20 հազար արժեթուղթ՝ 28 մլն դոլար արժողությամբ, սակայն որպես առաջին քայլ՝ մենք մուծելու ենք այդ գումարի 10 տոկոսը։

Կոմունիստները փորձեցին ճշտել, թե որտեղից պետք է գտնի կառավարությունն ակնկալվող գումարները, որոնք բյուջեում նախատեսված չեն։ Դավիթ Վարդանյանը, առավել զարգացնելով այս միտքը, հարց բարձրացրեց. «Արդյոք 30 միլիոնն այն գումարն է, որ Հայաստանը կարող է զիջել ինչ-ինչ քաղաքական դիվիդենտների համար»։ Բաբկեն Արարքցյանը, որպես անմիջական իրադարձությունների մասնակից-ղեկավար, բացատրեց՝ Թուրքիան շահագրգռված չէ այս բանկի ստեղծմամբ, այնպես որ խիստ իրատեսական է բանկի չգործելու ճակատագիրը, ուստի նա կոչ արեց վավերացնել համաձայնագիրը՝ առանց երկյուղելու հետագա հոգսերի գաղափարից, ինչը եւ կատարեց խորհրդարանը։

Ն.Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031