Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ ենք խուսափել ծայրահեղություններից

Դեկտեմբեր 28,1995 10:35
liberal

Իզուր չէին ասում, որ Ռուսաստանը ծայրահեղությունների երկիր է։ Ծայրահեղությունների երկիր է համեմատած, ասենք, Չինաստանի հետ։ Պլանային սոցիալիզմից դեպի գայդարյան արմատական լիբերալ-դեմոկրատիա եւ հակառակը։ Չեռնոմիրդինյան հապաղումը շատ կարճ տեւեց։ Վառելիքաէներգետիկ էլիտայի իշխանությունը, որը Ռուսաստանը դարձնում էր Արեւմուտքի հումքային կցորդ, չէր կարող երկար ցենտրիզմ խաղալ, բայց կարող էր վարկաբեկել ցենտրիզմի գաղափարը եւ վարկաբեկեց։ Արդյունքում՝ իսկապես ավելի ցենտրիստական Սկոկով-Լեբեդ բլոկը մի կերպ պայքարում էր 5%-ի սահմանն անցնելու համար, իսկ Զյուգանովի կոմունիստները վերցրին մեծամասնություն։ Ռուս կոմունիստները խուսափում են քաղաքակիրթ արեւմտյան սոցիալ-դեմոկրատ անվանումից։ Սա ինքնին խոսուն փաստ է…

Դումայի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո պարզվեց, որ հայ կոմունիստները նույնպես խուսափում են սոցիալ-դեմոկրատ անվանումից։ Եվս մի հետաքրքիր փաստ՝ Ռուսաստանում տարածված կարծիք է, որ Զյուգանովի կուսակցությունը ոչ այնքան կոմունիստական, որքան ազգայնական է, ավելի ճիշտ՝ նացիոնալ-սոցիալիստական։ Հայ կոմունիստները նացիոնալ-սոցիալիստական պիտակի արժանանալուն ուղղված որեւէ քայլ դեռեւս չեն ձեռնարկել։ Ըստ երեւույթին Հայաստանում նացիոնալիստի համբավ նվաճելու համար պետք է «հասնել եւ անցնել» ՀՅԴ-ին։ Խոստովանենք, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ։

Ռուսաստանի ապագայի կանխատեսումները թողնենք ռուս մեկնաբաններին։ Խոսենք մեր մասին։ Կա երկու հակադիր, ծայրահեղ կարծիք՝ ա)Հայաստանում քաղաքական պրոցեսները միանշանակորեն կախված են ռուսական պրոցեսներից եւ մանրամասն ճշգրտությամբ պատճենում են նույնը։ Այսինքն, Հայաստանում իշխանության կգան կոմունիստական եւ ազգայնական ուժերը։

Բ)Հայաստանում եւ Ռուսաստանում ընթացող պրոցեսները միմյանց հետ որեւէ կապ չունեն։ Հայաստանում կարող է որեւէ բան չփոխվել։ Ամեն ինչ կմնա նույնը։ Նույնը կմնա նաեւ քաղաքական ուժերի դասավորությունը: Եվ երրորդ՝ երկրորդի «ենթատարատեսակը»։ Հայաստանում այսօր իշխող ուժերը, առանց դասավորության եւ դեմքերի որեւէ փոփոխության ուղղակի կկատարեն ռուսական կողմի բառացիորեն բոլոր պահանջները եւ դա լիովին բավական է իշխանությունը պահպանելու համար: Չարժե մանրամասնել, թե որ քաղաքական ուժը որ տեսակետն է նախընտրում, դա ինքնին հասկանալի է: Սակայն փաստ է, որ այս տեսակետները տառապում են ծայրահեղությամբ։

Առաջին տեսակետի հետնորդներին կարելի է առարկել, որ նախ՝ սոցիալիստական-պլանային տնտեսության եւ ԽՍՀՄ վերականգնումը նույն ձեւով, այսօր անգամ տեսականորեն անհնար է: Իրենք՝ ռուս կոմունիստները խոսում են տնտեսության միայն որոշ ճյուղերի ազգայնացման մասին։ Ֆիքսված գների քաղաքականությունը, եթե անգամ իրագործվի, ապա շատ մեծ վերապահումներով եւ միայն սահմանափակ թվով ապրանքների համար։ Միգուցե որոշ գործիչներ պատժվեն, սակայն համատարած ահաբեկչությունն անհնար է: Ռուսական հասարակությունը մինչեւ կոկորդը կուշտ է թե՛ «գայդարներից», թե՛ «ստալիններից»։ Ռուսական հասարակության պահանջը հայրենական արտադրության վերելքն էր, ամեն ինչ ներմուծող եւ միայն հումք արտահանող երկրի ստորացուցիչ վիճակի հաղթահարումը եւ աշխարհաքաղաքական շահերի հետապնդումը։ Եվ, իհարկե, կարեւորագույն խնդիրներից մեկը սոցիալական ծանր վիճակի մեղմացումն էր։ Իսկ որ, այս իրավիճակից կարողացան օգտվել հատկապես կոմունիստները, սա արդեն, ինչպես ասում են՝ «շնորհքի» հարց է: Այս բոլոր խնդիրները լուծելու համար

նրանք բնականաբար պետք է ձգտեն ամրապնդել ԱՊՀ-ն։ Հատկապես ելնելով արտադրության վերելքի շահերից եւ աշխարհաքաղաքական գերակայություններից։ Բայց սա չի նշանակում, որ նրանք ամեն գնով (անգամ ռազմական հեղաշրջումների) կպարտադրեն նույնատիպ կամ նույն կուսակցության իշխանությունը ԱՊՀ ողջ տարածքում։ Մեր ժամանակներն ավելի ռացիոնալ են։ Բնականաբար նրանք կպայքարեն ԱՊՀ տարածքում գայդարյան տիպի ծայրահեղ լիբերալ ուժերի դեմ, որոնց նրանք թշնամի են համարում։ Միայն Համաշխարհային բանկի եւ ՄՎՖ-ի վարկերի վրա հիմնված ուժերին նրանք թշնամի են համարում։ Այդ ուժերի իշխանությունը ԱՊՀ երկրներում հակասում է ոչ միայն արտադրական կապերի վերականգնման միտումին, այլեւ նոր Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, չնայած բոլոր հարաբերականորեն ձախ ուժերը, որոնք կարող են ԱՊՀ երկրներում գալ իշխանության, նրանց համար սկզբունքորեն ընդունելի են։

Հայաստանում տարածված երկրորդ տեսակետի կողմնակիցներին եւս ես արդեն հիմնականում պատասխանեցի։ Շարունակեմ, որ Հայաստանը չի կարող դառնալ մարտնչող լիբերալիզմի կղզի։ Կոմունիստների օրոք դա արդեն կլինի ոչ միայն մարտնչող լիբերալիզմ, այլ նաեւ մարտնչող հակառուսականություն։ Ժողովուրդը կասեր՝ «Աստված հեռու պահի»: Երկրորդ՝ որքան էլ քաղաքականությունը բարոյականություն չի ճանաչում, միեւնույն է, մարդկանց նույն խումբը, նույն կազմակերպությունը չի կարող հանդես գալ մեկ՝ որպես ծայրահեղ լիբերալ, մեկ՝ որպես ձախ ուժ: Քաղաքականության պատմությունը ցույց է տալիս, որ անհատներն ունեն տեղաշարժի լայն հնարավորություն, իսկ կազմակերպության տեղաշարժը բացառվում է։

Ինչի՞ պետք է ձգտենք: Իմ կարծիքով, լավագույն տարբերակը Հայաստանի համար ծայրահեղություններից խուսափելն է: Ծայրահեղ լիբերալիզմն այլեւս անհնար է, ծայրահեղ ազգայնականությունն ու սոցիալիզմը՝ անցանկալի։ Պետք է փրկել մեր հասարակությունը ճոճանակի կտրուկ տատանումներից։ Ռուսական տատանումների ռեզոնանսը պետք է հասցնել նվազագույնի եւ կատարել հնարավորին չափ սահուն անցում դեպի ձախ։

Այնքան, որքան անհրաժեշտ է մեր հասարակությանը: Չէ՞ որ հայկական արտադրողներն էլ մակրոտնտեսական ցուցանիշների սպանիչ հեղձուկից ազատագրվելու, ԱՊՀ շուկան վերագրավելու եւ արտադրական կապերը վերականգնելու կարիքն ունեն։ Հայաստանն էլ չի կարող եւ չի ուզում մնալ միայն արտասահմանյան վարկերի եւ արտասահմանյան ապրանքների հանդիպման վայր։ Բայց չպետք է դեն նետենք նաեւ առողջ մանուկին՝ շուկայական տնտեսավարման մեթոդները եւ դեմոկրատիան։ Պետության դերը տնտեսության մեջ կարող է լինել ավելի մեծ, բայց սա չի նշանակում սոցիալիստական- պլանային տնտեսության վերականգնում: Հայ արտադրողի շահերը Հայաստանի ազգային շահերն են։ Նա է շահագրգռված երկրի հզորացմամբ: Օտար գումարներով հզոր բանակ չեն պահում։ Իսկ մենք հզոր բանակից հրաժարվելու ազատությունը չունենք։ Աշխարհագրական դիրքը չեն ընտրում։

Հայաստանը ցնցումներից զերծ պահելը, մեր բոլոր քաղաքական ուժերի գործն է։ Պատասխանատու են բոլորը: Գոնե այս անգամ պետք է հաղթահարվեն նեղ խմբակային շահերը։ Ահռելի Ռուսաստանում ծայրահեղ տատանումները հասկանալի են, իսկ փոքրիկ Հայաստանում՝ աններելի։

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031