Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ «Հայմամուլին»

Դեկտեմբեր 27,1995 16:29

Այս անգամ իսկապես որոշեցի ո՛չ հոդված, ո՛չ ռեպորտաժ եւ ո՛չ էլ ինչ-որ ակնարկ գրել, այլ պարզապես մի նամակ…, այն էլ՝ բաց (ինչը, ասեմ որ, նախկինում երբեք չեմ արել): Իսկ նրա տակ կգերադասեի ստորագրել ոչ թե այս կամ այն չափով որպես լրագրող, այլ ընդամենը որպես ամենահասարակ ընթերցող։ Այսպիսով, նամակ գրելու գաղափարն այս ծնունդ առավ շաբաթ օրը, երբ մոտենալով նախկին «Սոյուզպեչատի», իսկ այսօրվա «Հայմամուլի» կրպակներից մեկին, ցանկացա գնել «Առավոտի» այդ օրվա համարը, որտեղ, ի դեպ, պիտի զետեղված լիներ իմ նյութերից մեկը… Սակայն ամենեւին էլ սա չէ կարեւորը, վաճառողին հայտնեցի, թե ինչ եմ ցանկանում, իսկ ինքս, գրպանումս առանձնացնելով 40 դրամ, գումարը մեկնեցի նրան։

– Չէ՛, ախպե՛ր,- բացականչեց լրագրավաճառը՝ թերթը դնելով առաջս,- հիսուն արժի…

– Ո՞նց թե,- զարմացած նրան նայեցի ես,- բա թերթի վրա սեւը սպիտակով չի՞ գրված, որ գինը 40 դրամ է…

– Հա՛, հա՛, ես գիտեմ էդ քո 40 դրամը… գնա՛, գնա՛, ուրիշ տեղից առ,- գոչեց նա ինձ վրա եւ այնպիսի թափով լրագիրը քաշեց ձեռքիցս, որ քիչ էր մնում պատռեր այն։

Դե, ես էլ բնականաբար «գլուխ չդրեցի» նրա հետ եւ ոչ էլ ներկայացա որպես «Առավոտի» թղթակից (ինչի համար հիմա զղջում եմ), այլ զայրույթից պայթելով ու քթիս տակ մի քանի «քաղցր» բառեր մռթմռթալով քայլերս ուղղեցի դեպի մոտակա թերթի կրպակը, որտեղ անհամեմատ ավելի քաղաքավարի վերաբերվեցին ինձ հետ։ Բայց ճիշտն ասած, զայրույթին զուգահեռ մի քիչ էլ հպարտություն զգացի, որ հարազատ «Առավոտը» այնպիսի հեղինակություն է ձեոք բերել, որ դեռ առավոտ շուտ անհայտանում է կրպակներից եւ կամ վաճառվում թանկ գնով…

Սակայն, այնուամենայնիվ ո՞րն է տողերիս նպատակը։ Չէ՛, հանկարծ չկարծեք, թե մարդուն փորձանքի մեջ գցելը կամ «գործ տալը» իմ նախասիրությունն է, բնա՛վ, քանի որ այդ դեպքում ես անմիջապես կհայտնեի կրպակի տեղը, նաեւ հավատացնում եմ, որ մի քանի տող գրելու համար չէ, որ այժմ շարժում եմ գրիչս: Պարզապես երեւույթն է տգեղ։ Ցանկացած քաղաքակիրթ երկրում նման միջադեպը լիովին կարող էր վերաճել դատավարության, որտեղ հաճախորդը կարող էր նման լրագրավաճառին մեղադրել ապրանքը սահմանված գնից ապօրինաբար թանկ վաճառելու, արդեն վաճառված ապրանքը կոպտորեն ետ վերցնելու եւ վերջապես, իր հանդեպ անբարեկիրթ վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Բայց ես հավատացած եմ, որ նման գործը Հայաստանում միայն մի լավ ծիծաղելու առիթ կդառնար, քանզի ո՞վ չգիտի, որ մեզ մոտ ամենուրեք «քյար» են անում, հաճախորդին հայհոյում ու այնպիսի վիճակի մեջ էլ են գցում, որ մի բան էլ իրեն ես պարտք մնում։ Ի՞նչ արած, անկիրթ ենք, հետո էլ՝ կյանքն է ստիպում, ախր առանց «լեւի» գործի տուն պահել էլ չի լինում, է՛…

Թերեւս շատ չեմ ուզում ընդլայնվել, առավել եւս մեղադրել ինչ-որ մեկին, քանզի համոզված եմ, որ հենց այդ միմյանց մեղադրելն է մեր «տունը քանդել»։ Ուղղակի խորհուրդ կտայի, իսկ ավելի ճիշտ՝ կխնդրեի, որ «Հայմամուլը» մի քիչ ուժեղացներ հսկողությունը իր կրպակների հանդեպ (չէ՞ որ դրանք էժան թերթ գնելու միակ կետերն են, ինչը չես ասի վերավաճառողների մասին), բացի այդ, հայտնի է այն արեւմտյան «շուկայական» ճշմարտությունը, որ ցանկացած ծառայություն (սերվիս) պետք է աշխատի հօգուտ, այլ ոչ թե ի վնաս հաճախորդի, ինչից էլ կարող է կախված լինել վաճառվող ապրանքի հաջողությունը… Գուցե լրագրավաճառի հաճելի ժպիտն ու մի փոքր հոգատարությո՞ւնը զարկ տան հայ լրագրության առաջընթացին, հը՞…

 

Արամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031