Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր է պետք լինել միության կողքին…»

Դեկտեմբեր 27,1995 15:21
Robert Amirxanyan

Ռոբերտ Ամիրխանյան- Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, երգահան

Պետք է ասեմ, որ երբեք կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության պահանջը ես անձամբ այդքան չեմ զգացել, որքան այս օրերին։ Ինչպես մենք արդեն համոզվում ենք, տեղի է ունենում մեծ վերաիմաստավորումը մեր կյանքի։ Վերաիմաստավորվում են բոլոր օղակները, այն, ինչ որ հատուկ էր անցած-գնացած օրերին, դադարում է գոյություն ունենալուց, նոր ձեւ է ստանում։ Ժամանակին մեր միությունը կոչվել է կուսակցական նոմենկլատուրայի նպատակային հավաքածու։ Այսինքն՝ նրա միջոցով կենտրոնաձիգ ուժեր ստեղծեն եւ թելադրեն։ Միգուցե այդպես է եղել։ Ես չեմ ուզում քրքրել վաղուց անցած-գնացած բաները, որովհետեւ միանշանակ թվանշան ես չեմ կարող դնել պատմությանը։ Բայց իր լավագույն մասով, ստեղծագործական իր երակով կոմպոզիտորների միությունը միշտ եղել է լավագույն ստեղծագործողների միջոցով իր ոգին պահպանող մի երեւույթ։ Նորից եմ կրկնում, որ այսօր ես զգում եմ մեր միության անհրաժեշտությունը, որպեսզի մենք կարողանանք այս միության միջոցով պահպանել, եթե կուզեք, նաեւ դիմակայել այն օտարամուտ, անծանոթ երեւույթներին, որոնց մեջ ապագայի համար միգուցե բնորոշ, արժեքավոր բաներ կան։ Այսօր ես միանշանակ տեսնում եմ նոր ժամանակների բացթողումները՝ որակելով իբրեւ սիրիական, մասնավորապես պարսկական երկրների մոդելի մեջ ընկնելու վտանգը։ Դրա համար այսօր մեր միության պահանջը ավելի եմ զգում, քան երբեւէ, որպեսզի նրա միջոցով կարողանանք պահպանել երաժշտության ավանդույթները եւ դրանով դիմակայել այս երեւույթին։

Այս անցնող տարին եւս մնաց մեր պատմության մեջ իր մաքառումներով, իր հաջողություններով։ Դժվար է մի հայացքով ընկալել այն, մի կարեւորագույն իրադարձություն, համենայնդեպս, տեղի ունեցավ այս տարվա ընթացքում։ Նախ՝ մեր միությունը կարողացավ ունենալ ժամանակակից երաժշտության իր համույթը, որը թեեւ մեծ դժվարություններով, բայց այնուամենայնիվ, կարողացավ հրաշալի համերգներ տալ։ Պիտի հպարտությամբ ասեմ, որ մեր միության մեջ շնորհալի երիտասարդ ստեղծագործողներ կան, հրաշալի մտածող անձնավորություններ, որոնց ուզածդ ստեղծագործությունը մեծ հաջողությամբ կարելի է աշխարհի որեւէ բեմում ներկայացնել։ Այսօր միակ կազմակերպությունը, որ մտահոգ է երաժշտության խնդիրներով ապրող մարդկանց նեցուկ լինելու խնդրով, մեր միությունն է։ Ընթացիկ տարում եղան համերգներ նաեւ Մոսկվայում։ Մեր անվանի կոմպոզիտորներ Մարտին Իսրայելյանի եւ Ղազարոս Սարյանի ստեղծագործությունները հնչեցին այնտեղ։ Դա ԱՊՀ երկրների շրջանակում վաղուց սպասված համերգ էր։ Այն զարմանք հարուցեց ԱՊՀ կոմպոզիտորական միջավայրում։ Հավատացե՛ք, սա ազգային սնափառությունը գովերգող մարդու խոսք չէ։ Հրաշալի աշնանային համերգաշար տեղի ունեցավ նաեւ ֆրանսիացի երաժիշտների մասնակցությամբ, որոնք հանդես եկան թե՛ մեր, եւ թե՛ իրենց ստեղծագործությունների կատարմամբ։ Եթե մենք կարողանանք պահպանել այդ կապը, հաղորդակից լինելով դրսի երեւույթների հետ, ապա դրա միջոցով կկարողանանք պահել ներսը։ Գիտե՞ք, որքան էլ ցուրտ լինի մարդու տունը, միեւնույն է, դեպի դուրս տանող ինչ-որ մի փոքր օդանցք պիտի մարդ ունենա։ Պետք է անպայման կապ ստեղծվի նաեւ Եվրոպայի հետ, որովհետեւ դրա միջոցով մեր ազգի հանդեպ ունեցած Եվրոպայի վերաբերմունքն է նաեւ ճշտվում։ Մենք ունեցանք նաեւ հոբելյանական երեկոներ (Ղազարոս Սարյան, Ալեքսանդր Հարությունյան): Պետք է խոստովանեմ, որ որքան էլ դժվարին է այսօր կյանքը, այնուամենայնիվ, արթնացել է եւ մեծանում է պահանջը հոգեւոր արժեքների հանդեպ։ Սա բարձրանում է ոչ թե ի հակադրումը մեր բոլոր դժվարությունների, այլ ես համոզված եմ, որ մեր ազգային դիմագիծն է այդպիսին։ Թող մեղադրվեմ դրանով սնափառության մեջ։ Բայց ինչո՞ւ ոչ։ Մի՞թե վատ բան է ասել, որ մեր ժողովուրդը ստեղծագործ ժողովուրդ է եւ դրա մեծ հակումներն ունի։ Ի՞նչ սնափառություն կա սրա մեջ, ինքնագովության ո՞ր տեսակն է, որ անընդունելի է արդեն։

Կոմպոզիտորական կազմակերպությունների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ պայմանավորվել ենք գալիք տարի Դիլիջանում անցկացնել 21-րդ դարի շեմին երաժշտության հարցերի շուրջ միջազգային սեմինար-խորհրդակցություն։

Իմ ստեղծագործությունների մեջ այսօր հսկայական կուտակումներ կան։ Սակայն, պետք է խոստովանեմ, որ անձամբ իմ ձայնասկավառակը չեմ կարողանում թողարկել, որովհետեւ մեծ ծախսերի հետ է կապված, նույն դժվարությունն ունեմ նաեւ իմ ժողովածուի տպագրության հարցում։ Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ գալիք տարվա ընթացքում ինձ կհաջողվի ոչ միայն մեր հեղինակների ստեղծագործությունները տպագրել եւ համերգային շրջագայության ուղարկել արտասահման, ստեղծել կապեր, այլեւ հրատարակել նա¬եւ իմ ստեղծագործությունները։

 

Գրի առավ Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031