Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխադարձ հիասթափության միտումների կանխումը

Դեկտեմբեր 27,1995 14:11
masis

Հարցազրույց ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանի հետ

– Ընդհանուր ժողովի Հայտարարությունից արդեն ակնհայտ է որ ՀՅ Դաշնակցության ռազմավարությունը չի փոխվել…

– Ճիշտ եք նկատել, եւ դա շատ բան է ասում մեր կազմակերպության մասին։ Մեր իրականության մեջ շատ քիչ են այն կուսակցությունները, որոնք ունեն ամբողջական արժեքային համակարգ եւ հետեւողական են իրենց քաղաքական ռազմավարության մեջ։

– Այդ դեպքում ո՞րն է այս ժողովի նորույթը, ի՞նչ փոփոխություններ այն բերեց: Դուք կարո՞ղ եք ներկայացնել Ընդհանուր ժողովում ընդունված կուսակցական բանաձեւերը։

– Դժվար է Ընդհանուր ժողովի բանաձեւերը ներկայացնել մեր այս զրույցի շրջանակներում։ Ժողովի օրակարգն ընդգրկում էր մեր ազգային, պետական կյանքի գրեթե բոլոր ոլորտները, կուսակցական քաղաքականության, գաղափարախոսության, ներքին կազմակերպական հարցերի բոլոր շերտերը։

Ժողովի բանաձեւերը ներկայացնելուց առաջ շատ կարեւոր եմ համարում անդրադառնալ ժողովում տիրող մթնոլորտին։ Դաշնակցությունը իր պատմության ընթացքում առաջին անգամ չէր հայտնվում այդպիսի ծանր

կացության մեջ, թեեւ բնական էր այն հուզական լիցքն ու լարվածությունը, որ

առկա էր ժողովի առաջին օրերին։ Հավանաբար, շատերը սպասում էին, որ

Դաշնակցությունը իր այս Ընդհանուր ժողովից չի կարող դուրս գալ առանց

ճեղքվածքների։ Բայց տեղի ունեցավ հակառակը։ Ազատ, ճշմարիտ ու

համակողմանի քննարկումների արդյունքում Ընդհանուր ժողովի գրեթե բոլոր բանաձեւերը ընդունվեցին ձայների երկու երրորդից ավելի քվեներով, իսկ շատ հիմնական բանաձեւեր՝ միաձայնությամբ։

Չնայած կազմակերպության վրա տեղացող անընդմեջ հարվածներին եւ հանիրավի հալածանքներին կազմակերպությունը, նրա ղեկավարությունը արժանապատվորեն տարան իրենց բաժին հասած դժվարությունները, իսկ Ընդհանուր ժողովը դարձավ Դաշնակցության ոգու եւ միասնականության ամենավառ դրսեւորումը։ Դժվար է վերագնահատել այս փաստի կարեւորությունը, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի քաղաքական շատ ուժեր, գտնվելով անհամեմատ բարենպաստ պայմաններում, ենթարկվեցին կազմակերպական պառակտումների, իսկ որոշները, տրվելով ընթացիկ քաղաքական շահախնդրությունների հորձանքին, նույնիսկ ընթացան իրենց գաղափարական-քաղաքական սկզբունքներին հակառակ հունով։

Ընդհանուր ժողովը տվեց կազմակերպության հաջողությունների,

բացթողումների եւ թերությունների գնահատականը, վերահաստատելով Դաշնակցության ազգային քաղաքական ռազմավարության սկզբունքներն ու առաջնահերթությունները՝ նոր հնարավորությունների եւ ստեղծագործության հորիզոն բացեց կազմակերպության համար։

Ընդհանուր ժողովի բանաձեւերի հիմքում ընկած է «Մեկ ազգ, մեկ հայրենիք» սկզբունքը։ Այն Դաշնակցության համար սոսկական կարգախոս չէ։ Վերջին տարիների ազգային- քաղաքական կյանքում վտանգավոր երեւույթներից է Հայաստան-սփյուռք խորացող հակասությունը։ Այս երեւույթի դրսեւորումները նույնիսկ կենցաղային մակարդակով այնքան հաճախակի են դարձել, որ դրանց վրա ուշադրություն չդարձնել այլեւս չի կարելի։ Սկզբնական շրջանի ռոմանտիզմը, որ գալիս էր փոխադարձ ճանաչողության պակասից, վաղուց անցել է։ Անհրաժեշտ է հետեւողական աշխատանք փոխադարձ հիասթափության միտումները կանխելու եւ իրական հիմքերի վրա հարաբերությունների արդյունավետ համակարգ ձեւավորելու համար։ Սփյուռքը Հայաստանի եւ Հայաստանը սփյուռքի համար պետք է դառնան փոխադարձ հզորացման եւ ուժի աղբյուր։ Այս լավատեսությունը հիմնված է հայոց անկախ պետականության գոյության փաստի վրա։ Մի կողմից պետությունը պետք է ճշտի իր տնտեսական, մշակութային քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ, մյուս կողմից սփյուռքյան կառույցների արդեն իսկ նկատելի փոփոխությունները պետք է հունավորվեն այնպես, որպեսզի հնարավոր լինի համայնքային խնդիրների արդյունավետ լուծմանը զուգընթաց համադրված աշխատանք տանել՝ ի շահ պետականության ամրապնդման եւ հզորացման: Այստեղ է, որ եկեղեցու կողքին հայության միասնականության պահպանման եւ նրա կարողականության զարգացման ապահովման իմաստով, կարեւոր դերակատարություն է ստանձնելու ՀՅ Դաշնակցությունը։ Ինչպես բոլոր հարցերում, Ընդհանուր ժողովը կուսակցության ռազմավարական

առաջնահերթությունների ճշտումը կատարեց՝ առաջնորդվելով համազգային շահերի իր պատկերացումներից, վեր մնալով Հայաստանի Հանրապետությունում կուսակցության նկատմամբ իշխանությունների վարած քաղաքական վայրիվերումներից. ա) Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների պետականության ամրապնդում եւ հզորացում որպես նպատակ եւ միջոց Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի կերտման ճանապարհին, բ) հետեւողական աշխատանք ազգային ամբողջական իրավունքների վերահաստատման, Հայկական ցեղասպանության ճանաչման համար, գ) որպես ընդդիմություն, առաջնորդվելով սոցիալիստական կուսակցության մեր առաջադրանքներից, վարել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության, ժողովրդավարության, օրինականության հաստատման եւ տնտեսական բարգավաճման քաղաքականություն հանուն ազգային իրավունքների պաշտպանության։

Վերջին խնդիրը մի՞թե դրված չէր կուսակցության առաջ 1992 թ.-ի Ընդհանուր ժողովում:

– Անշուշտ, դրված էր, սակայն, կարծում եմ, այս ժողովում քննության նյութը այդ իմաստով ավելի առարկայական էր։ Այն հիմնված էր 1989-ից սկսած հայրենիքում կուսակցության գործունեության կենդանի փորձի վրա։

Ընդհանուր ժողովը, արժանավորապես գնահատելով հայաստանյան կազմակերպության գործունեությունը, միաժամանակ նշեց, որ կուսակցությունը հաճախ իր մարտավարության խնդիրների լուծման ճանապարհին վարել է դեպքերի հետեւից ընթացող իրադրային քաղաքականություն, չի կարողացել թափանցել Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների ոլորտը, քաղաքական մարտավարություն ճշտելուց հետո որոշ դեպքերում եղել է անհետեւողական եւ անվճռական։ Որոշ դեպքերում կուսակցությունը առաջադրել է իր ուժերից վեր այնպիսի խնդիրներ, որոնք չեն իրագործվել։ Այս հանգամանքը բացասաբար է անդրադարձել կուսակցական շարքերի բարոյահոգեբանական վիճակի վրա եւ նվազեցրել է կուսակցության վարկը ժողովրդի մեջ։

Այս հաստատումներն անելով հանդերձ, Ընդհանուր ժողովը համապարփակ ձեւով անդրադարձավ նշված թերություններին ծնունդ տվող պատճառներին։ Դաշնակցությունը ստիպված էր Հայաստան մտնել առանց Հայաստանի ժողովրդի եւ իրականության լավ ճանաչողության, համայնքային-տեղայնական մտորումներով եւ արժեչափերով, որոնք անհամապատասխանության մեջ էին հայաստանյան երեւույթների տարողությանն ու խորքին, ընթացող աշխարհատարածքային եւ ներքին

քաղաքական փոփոխություններին չհամապատասխանեցնելով իր ծրագրային առաջադրանքները։ Հայաստան մտնելով, առաջին հերթին, Արցախի ազգային-ազատագրական պայքարին լծվելու առաջադրանքով Դաշնակցությունը հայտնվեց Արցախի ազատագրումը Հայաստանի անկախությունից վեր դասողի վիճակում։

Չցանկանալով ուժեր վատնել Հայաստանում ընթացող իշխանափոխության շարժումների վրա, մինչեւ Լեռնային      Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցների կազմավորումը, եւ այնուհետ, մեր կազմակերպությունը պատվով կատարեց իր գործը։ Սակայն, դրան զուգահեռ, չկարողացանք մեր պետության մեջ որպես պետական-քաղաքական ուժ արդյունավետ գործունեություն ծավալել։ Շտապելով, մեր առաջ դրեցինք իշխանության արմատական փոփոխության խնդիր եւ հայտնվեցինք միայն իշխանության համար պայքարող ինքնանպատակ ընդդիմության դերի մեջ։

Մեր կազմակերպության խնդիրները բարդ են եւ այդ արագ ինքնահաստատման ճիգն էր պատճառը, որ շփոթեցինք պետականության պայմաններում գործող ընդդիմադիր քաղաքական ուժի եւ ազգային բովանդակ շահերով ապրող, հեղափոխական մտածողություն ունեցող կազմակերպության ռազմավարությունն ու մեթոդները։ Սրա թերեւս ամենաակնհայտ     դրսեւորումը կազմակերպության սփյուռքյան կառույցների մեխանիկական տեղափոխությունն էր Հայաստան, որը մինչ այսօր կաշկանդում է հայաստանյան կազմակերպությանը լինելու ճկուն եւ արագաշարժ ընթացիկ քաղաքական իրադարձություններում։ Արցախյան պայքարի շրջանում կազմակերպության անհրաժեշտ կենտրոնացումը

հետագայում դրսեւորվեց հայաստանյան կառույցի համար բացասական կողմերով՝ ստեղծելով կազմակերպական կենտրոնացման եւ գաղափարական ապակենտրոնացման ոչ դաշնակցական մի վիճակ, որի հետեւանքով եղան կազմակերպական ինքնագործունեության շեղումներ: Դաշնակցության շարքերն անցան որոշ թվով անհատներ, որոնց տեղը հավանաբար այլ կազմակերպություններում նույնիսկ անհրաժեշտ էր, բայց ոչ Դաշնակցության մեջ։

Իրենց հակադաշնակցական ընթացքի մեջ իշխանությունները հետեւողականորեն օգտվեցին կազմակերպական եւ քաղաքական վերոհիշյալ

թերացումներից ամեն առիթով Դաշնակցությանը հարվածելու համար։ Նրանք անընդհատ սահմանափակեցին ժողովրդավարական պայքարի ձեւերը կուսակցության համար եւ ի վերջո արգելելով նրա օրինական գործունեությունը Հայաստանում, զրկեցին նրան անկախ պետականության ամրապնդման գործին մասնակցելու հնարավորությունից:

Սակայն կարծում եմ, որ քաղաքական բեմից Դաշնակցությանը հեռացնելու փորձը վնասակար է Հայաստանի պետական-քաղաքական եւ հասարակական համակարգի ձեւավորման համար։ Անկախ Ընդհանուր ժողովի մատնանշած թերություններից, վստահ եմ, որ հայաստանյան մեր կազմակերպությունը իր մեջ այնքան ուժ ունի, որ կարճ ժամանակահատվածում կարող է վերաճել ծանրակշիռ եւ ազդու ընդդիմադիր քաղաքական ուժի։ Ընդհանուր ժողովը ազգային պետականության շահերի տեսանկյունից մեծ կարեւորություն տվեց ընդդիմադիր քաղաքական ուժի՝ որպես իշխանություններին հակակշիռ եւ կայուն հասարակարգի ձեւավորման երաշխիքի գոյությանը, որով մեծապես պայմանավորված է իրական ժողովրդավարության, տնտեսական բարգավաճման, ընկերային համերաշխության հաստատումը Հայաստանում։

Դաշնակցության ընդդիմադիր կեցվածքը իշխանությունների նկատմամբ բխում է ազգային ընդհանուր շահերից եւ չի բացառում բնականոն հարաբերությունների հաստատումը իշխանությունների հետ։ Այս նպատակներին հասնելու համար Ընդհանուր ժողովը մատնանշեց միայն ընդհանրական հարցերի շրջանակը՝ հայաստանյան քաղաքականության մշակման եւ իրագործման խնդիրը թողնելով հայաստանյան կազմակերպությանը հետամուտ լինել, որպեսզի Հայաստանի հանրապետությունում վերականգնվի Դաշնակցության օրինական գործունեությունը ժողովրդի հետ, սոցիալիստական մեր ըմբռնումներից բխող ծրագրային եւ հետեւողական քաղաքականություն իրականացնի՝ պաշտպանելով նրա շահերը, փորձելով դառնալ աշխատավորական լայն զանգվածների համակրանքը վայելող կուսակցություն։ Հայաստանյան մեր փորձից ելնելով իրականացնել ՀՅԴ ծրագրի

վերամշակումն ու այժմեականացումը՝ հիմնվելով կուսակցության գաղափարական հիմնական սկզբունքների վրա: Վերահաստատել մեր գաղափարական եւ բարոյական արժեքների գերակայությունը, որպես դաշնակցական շարքերի համախմբման եւ հզորացման գլխավոր ազդակ, իրական գործի հիմքի վրա հունավորել           կազմակերպության բյուրեղացման եւ հզորացման ընթացքը։

– Արդյոք Ձեր պատասխանից կարելի՞ է եզրակացնել, որ Դաշնակցության հաճախ արձանագրված բարձր վարկանիշը պայմանավորված է միայն արցախյան ազատագրական պայքարում ունեցած նրա դերով:

– Իհարկե, ո՛չ, ոչ միայն դրանով։ Բավական է հիշել, որ հասարակական գիտակցության մեջ Սահմանադրության անհրաժեշտության գաղափարը տեղ

գտավ մեր կուսակցության հետեւողական ջանքերի շնորհիվ։ Թերեւս առաջին դեպքն էր, որ հինգ այլ կուսակցությունների հետ համատեղ քննարկումների ընթացքում ծնվեց այլընտրանքային քաղաքական մտքի արդյունքը։ Լա՞վն էր այդ նախագիծը, վատն էր, այլ հարց է։ Սակայն այն ստեղծեց ընդդիմության համատեղ լուրջ աշխատանքի նախադեպ եւ ինչ-որ չափով դրական ազդեցություն ունեցավ Սահմանադրության     վերջնական տարբերակի ձեւավորման ընթացքի վրա։ Կամ մեր թերթերի եւ լրատվության հսկայական աշխատանքը քաղաքական վերլուծությունների, հրապարակախոսության, մշակույթին վերաբերող հարցերի մասին, ինչպես նաեւ սոցիալական անարդարությունների, անօրինականության եւ բարոյազրկության դեմ ուղղված հրապարակումները եւ այլն։ Օրինակներ կարելի է բերել շատ, բայց մեր արած գործի մասին լավ կլինի ուրիշները խոսեն։ Ընդհանուր ժողովները միշտ էլ ծանրացել են բացթողումների վրա՝ մատնանշելով դրանք շտկելու հույժ անհրաժեշտությունը։

Վերադառնալով Ձեր հարցին, ասեմ, որ այնուամենայնիվ Դաշնակցության բարձր վարկը հիմնականում պայմանավորված է Արցախի ազատագրական պայքարին նրա մասնակցությամբ։ Փաստորեն, կուսակցության երիտասարդ եւ ամենաեռանդուն անդամները տվեցին իրենց կյանքը այդ պայքարին, եւ չեմ կարող չասել, որ նրանց ընկերները, որոնցից շատերը կիսատ թողեցին իրենց ուսումը, զրկվեցին աշխատանքից, չկազմեցին ընտանիք, այժմ էլ արժանանում են խտրական վերաբերմունքի՝ դաշնակցական լինելու պատճառով աշխատանքից ազատման կամ տեղավորման հարցերում, էլ չասած նրանց մասին, որոնք հանիրավի հայտնվել են բանտախցերում։

– Ինչպիսի՞ փոփոխություններ եղան կուսակցության կանոնադրության մեջ: Ինչպե՞ս եք պատրաստվում ներդաշնակել կուսակցության գործունեությունը հանրապետության օրենսդրությանը։

– Ընդհանուր ժողովի կողմից կատարված կանոնադրական փոփոխությունները շատ չեն։ Դրանք էական չեն։ Բայց ես կարծում եմ, Ձեզ հետաքրքրողը կառույցային փոփոխություններն են։ Ընդհանուր ժողովի որոշումով սփյուռքյան կառույցները մնացին անփոփոխ։ Ինչ վերաբերում է հայաստանյան կառույցին եւ Հայաստանում տարվող քաղաքականությանը, Ընդհանուր ժողովը թողեց Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովին։ Մինչեւ Գերագույն ժողով կազմակերպությունը պետք է անցնի հետեւյալ փուլերով։ Նախ` շուտով կստեղծվի պատասխանատու մարմին, որի հիմնական խնդիրը պետք է լինի մինչեւ մեկ տարի (հնարավոր է ավելի շուտ) նախապատրաստել եւ անցկացնել ՀՅ Դաշնակցության հայաստանյան կազմակերպության Գերագույն ժողովը։ Այդ ժողովում կընտրվի կազմակերպության գերագույն մարմինը, որին էլ վերապահված է ամբողջական լիազորություններով վարել կուսակցության քաղաքական եւ կազմակերպական ողջ գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում:

Այս մարմնի ձեւավորումից հետո Հայաստանում բնակվող բ֊յուրոյի անդամներս որեւէ գործադիր կամ վերահսկիչ ֆունկցիաներ չենք ունենալու: Մեր գործունեությունը սահմանափակվելու է սփյուռքի եւ Հայաստանի կառույցների միջեւ կապի աշխատանքներով։

Ավելացնեմ, որ կառույցային այս փոփոխությունը հարազատ է ապակենտրոնացման մեր սկզբունքին։ Կազմակերպական այս փոփոխությունները պայմանավորված չեն միայն վերջին      տարում ստեղծված

իրավիճակով։ Կառույցը կենդանի մարմին է, եւ կուսակցությունը ծրագրային եւ կառույցային փոփոխությունների հոլովույթ է ապրում սկսած Հայաստան իր մուտքի թվականից։

– Ձեր հայտարարության մեջ առանձնահատուկ շեշտվում է Ռուսաստանի եւ Իրանի աշխարհաքաղաքական դերը Հայաստանի համար։ Ռուսաստանի ընտրություններից հետո Դուք ի՞նչ կերպ կմեկնաբանեք Ձեր այս կողմնորոշումները։

– Հայաստանի արտաքին քաղաքականության մեր պատկերացումները Ենթադրում են քաղաքական երկխոսություն Հայաստանի հետ առնչվող բոլոր երկրների հետ։ Սակայն այս շրջագծում մեզ համար հստակ է նաեւ առաջնահերթությունը։ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի կարեւորությունը Հայաստանի համար միշտ էլ ընդգծվել է մեր ժողովների բանաձեւերում եւ մեր ամենօրյա ընթացիկ քաղաքական գործունեության մեջ։ Այդ դերի գիտակցումը ունեցել ենք միշտ՝ անկախ Ռուսաստանում կատարվող քաղաքական տեղաշարժերից եւ փոփոխություններից։

Ռուսական իշխանությունների մեջ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունները էապես չեն ազդի Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների վրա։ Երկու երկրների բարեկամական հարաբերությունները հիմնված են աշխարհաքաղաքական շահերի եւ հոգեւոր-մշակութային պատմականորեն ձեւավորած ընդհանրությունների վրա։

Ինչ վերաբերում է մեր հարեւան Իրանի Իսլամական Հանրապետության դերի կարեւորությանը Հայաստանի համար, ապա մեր վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ Իրանի հետ Հայաստանը քաղաքական պահանջներ եւ հակասություններ չունի։ Փոխարենը երկու պետություններն ունեն աշխարհաքաղաքական, տնտեսական ընդհանուր շահեր, իսկ նրանց ժողովուրդներին միավորում է պատմական անցյալը։ Շատ կարեւոր է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների հոգածու վերաբերմունքը իրանահայ համայնքի ազգային, հոգեւոր-մշակութային պահանջների նկատմամբ։

Ռուսաստան-Հայաստան-Իրան քաղաքական առանցքով համագործակցության ծավալման եւ խորացման գործում Հայաստանի Հանրապետությունը կարող է եւ պետք է ստանձնի իրեն վերապահված ակտիվ դերակատարությունը։ Հայաստանի պետության առջեւ կանգնած քաղաքական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է խորամուխ լինել մեր հարեւաններին հուզող հարցերի մեջ եւ առաջարկել լուծումներ, որոնք կիրառելի են կամ առնվազն՝ ընդունելի նաեւ նրանց տեսանկյունից։

– Ի՞նչ դիրքորոշում է Դաշնակցությունը որդեգրելու այսօր ընթացող «Դրո»-ի դատի վերաբերմամբ եւ ծանրագույն  մեղադրանքներով բանտարգելության մեջ գտնվող ակնառու դաշնակցականների ճակատագրի հանդեպ։

– Մեր վերաբերմունքը մենք արտահայտել ենք Ընդհանուր ժողովի կողմից արված հայտարարությամբ. «Դրո» խմբակը Դաշնակցության հետ որեւէ առնչություն չունի, մենք դատապարտում ենք ցանկացած քրեական գործունեություն ում կողմից էլ այն կատարվի։ Եթե, ակնառու դաշնակցականներ ասելով, նկատի ունեք Վահան Հովհաննիսյանին եւ «Դրո»-ի գործով մեղադրվող Հրանտ Մարգարյանին, ապա նրանց վաստակը մեր ժողովրդի եւ մեր կազմակերպության առաջ անուրանալի է։ Ես անձամբ կարծում եմ, որ արդարադատությունը ի վերջո կհամոզվի նրանց անմեղության մեջ։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031