Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքը չի երկյուղում «բարօրությունից»

Դեկտեմբեր 27,1995 13:01

Անցյալ կիրակի տեղի ունեցած ընտրություններում Թուրքիայի խորհրդարանի 550 մանդատների համար պայքարի մեջ էր մտել 12 կուսակցություն։ Նախընտրական մրցակցությունը անցնում էր լարված մթնոլորտում, կուսակցություններից մի քանիսի շտաբ-բնակարաններում նույնիսկ ռումբեր պայթեցվեցին: Թուրքիայում, ըստ գործող օրենքների, ընտրություններից առաջ հասարակական կարծիքի հարցումներ կազմակերպելը արգելվում է, սակայն որոշ դիտորդներ, հիմք ընդունելով թուրք ընտրողների տրամադրվածությունը, ընտրություններում գրանցված արդյունքներին մոտավոր տվյալներ կանխատեսել էին։ Ճիշտ դուրս եկավ նաեւ նրանց այն կարծիքը, որ մեծ քաղաքներում ու արդյունաբերական կենտրոններում իսլամիզմի դրոշ պարզած «Բարօրություն» կուսակցությունը չի կարող հաղթանակի հասնել եւ նրա հնարավորությունները խիստ եւ խիստ չափազանցված են։ Իսկ ահա գավառներում, մանավանդ երկրի արեւելքում, բարօրության գաղափարախոսությունը դավանող այդ կուսակցությունը հաղթող դուրս եկավ մրցակցությունից եւ դա շնորհիվ հզոր կուսակցական կազմակերպչական աշխատանքի։ Թուրք հասարակության արեւմտամետ շերտերը, իսկ դրանք հիմնականում երիտասարդությունն ու ուսանողությունն են. սեփական քվեների քանակը բավարար էին համարում, որպեսզի կարողանան պատնեշ դառնալ Էրբաքանի եւ Թուրքիան դեպի խոր միջնադար վերադարձնելու վերջինիս ձգտումների դեմ։ «Միլիեթի» մեկնաբան Իբրահիմ Նաբի օղլուն գրում է, որ չնայած նոր օրենքով հարցախույզերի անցկացումը արգելված է, այնուամենայնիվ, նախընտրական փուլում տագնապը ակնառու էր Նեջմեդին Էրբաքանի ու նրա գլխավորած «Բարօրություն» կուսակցության նկատմամբ։ Սակայն վերջինս, ինչպես թուրք քաղաքական դիտորդներն են պնդում, ավելի վստահ էր ընդառաջ գնում ընտրություններին, որովհետեւ մշտական հակասություններ գոյություն ունեն երկրում հեղինակություն վայելող երկու աջ լիբերալ ուժերի՝ վարչապետ Թանսու Չիլլերի գլխավորած «Ճշմարիտ ուղի» եւ ընդդիմադիր «Մայր հայրենիք» կուսակցությունների միջեւ։ Օգտվելով այդ տարաձայնություններից, «Բարօրությունը» կարողացավ հաջողություններ գրանցել թույլ զարգացած տարածքներում։ Հիշեցնենք, որ վերջին մունիցիպալ ընտրություններում Էրբաքանի կուսակցությունը հաղթող ճանաչվեց նաեւ Ստամբուլում ու Անկարայում։ «Բարօրություն» կուսակցությունը հանդես է եկել եւ հիմա էլ հանդես է գալիս ընդդեմ Թուրքիայի՝ եվրոպական մաքսային միություն, իսկ այնուհետեւ Եվրամիություն մտնելու գաղափարի։

Թուրքիայի ժողովուրդը, որը հուզմունքով հետեւում էր նախընտրական մարաթոնին, մի փոքր լիցքաթափվեց դրանց արդյունքներն իմանալով, մանավանդ որ մի քանի օր առաջ նախագահ Դեմիրելը հանդես էր եկել մի շատ կարեւոր հայտարարությամբ: Ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, նա ասել էր, թե ամենեւին էլ պարտադիր չէ, որ կառավարություն ձեւավորի այն կուսակցությունը, որը առաջին տեղը կզբաղեցնի: Նախարարների կոալիցիա կարող են կազմավորել նաեւ երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված կուսակցությունները: Այսինքն՝ Դեմիրելը առաջ է քաշում աջ ու ձախ ուժերի կոալիցիոն կառավարության գաղափարը, ինչը կբացառի «Բարօրության» ներկայությունը այնտեղ: Թուրքիայի գործող սահմանադրությունը նախագահին նման հնարավորություն նախատեսում է։

Արեւմուտքում նույնպես որոշակի վերապահ դիրքորոշում ունեն «Բարօրության» նկատմամբ, բայց որոշ արեւմտյան տեսաբաններ էլ այն կարծիքին են, որ դա լիովին անհիմն է։ Նրանց խոսքերով, Արեւմուտքը երկյուղում է, որ եթե Էրբաքանի կուսակցությունը   իշխանությունը

վերցնի, դա կնշանակի Թուրքիայի քաղաքական դիրքորոշման փոփոխություն, ընդ որում արմատական։ Էրբաքանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե պետք է ազատագրվել բոլոր արտասահմանյան (Թուրքիայում հիմնականում ամերիկյան են դրանք) ռազմակայաններից։ Նա նպատակ ունի նաեւ Թուրքիան դուրս բերել ՆԱՏՕ-ից եւ հասնել այն պայմանների վերանայմանը, որոնք մշակվել էին Թուրքիային եվրոպական մաքսային միության մեջ մտցնելու համար։ Բայց արդյո՞ք «Բարօրությունը» հակաարեւմտյան քաղաքականություն կորդեգրի իշխանության գլուխ անցնելով։ Բացառված չէ, որ «Բարօրությունը», այդ դեպքում, լուրջ

խոչընդոտների հանդիպի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսից։ Իհարկե, կարող է հակամարտություն ծայր առնել Դեմիրելի եւ Էրբաքանի միջեւ,

եթե «Բարօրությունը» արմատական դիրք բռնի։ Բայց որ ավելի կարեւոր է, Էրբաքանին կարող են ընդդիմանալ նաեւ զինվորականները,  որոնք

իրենց Աթաթուրքի հիմնած լուսավորյալ, ժամանակակից երկրի պահապաններն են համարում։ Նրանք, ըստ արեւմտյան դիտորդների, թույլ չեն տա, որպեսզի Էրբաքանը արմատական, իսլամական քաղաքականություն վարի։

Սպառնալիք է զինվորականների գործոնի արծարծումը Արեւմուտքի կողմից, թե պարզապես դեպքերի սոսկական արձանագրում, դժվար է ասել, սակայն հարկավոր է հիշել, որ նրանք Թուրքիայում զորեղ լծակների են տիրապետում եւ վերջին տասնամյակների ընթացքում երեք անգամ հեղաշրջում կատարելով, իշխանությունը իրենց ձեռքն են վերցրել:

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031