Լրահոս
Օրվա լրահոսը

Վե՞րջ «սեղանիկներին»

Դեկտեմբեր 27,1995 11:33

Ինչպես հայտնեց ոչ պետական առեւտրի տնօրեն Ֆրունզիկ Հայթյանը զանգվածային լրատվության որոշ միջոցներին, գալիք տարվա հունվարից փողոցային առեւտուրը իսպառ արգելվելու է։ Ամենայն հավանականությամբ դա նշանակում է, որ շեշտն այսուհետ դրվելու է, այսպես կոչված, տոնավաճառների վրա, որոնք, համաձայն նույն աղբյուրի, ունեն միջին հաշվով 91 մլն դրամի հասնող ապրանքաշրջանառություն եւ աշխատատեղով ապահովում են 30 հազար մարդու՝ 50-100 հազար դրամ միջին ամենամսյա եկամտով։ Ընդսմին նշվում է, որ անցած 10 ամսվա ընթացքում տոնավաճառներից պետբյռւջե մուտք է գործել 46,3 մլն դրամ, եւ ամենակարեւորը, պրն Հայթյանի պնդմամբ, պետության ուշադրությունից այսօր սպրդում են հարկային մուտքերի ամենաշատը 1-2 տոկոսը։ Ճիշտ է, անկախ փորձագետները կասկածի են ենթարկում սույն թվերը՝ պնդելով, որ հարկային մուտքերի 99 տոկոսը ամեն դեպքում խուսանավում են բյուջետային գրպանից, բաժին դառնալով այն մարդկանց, որոնք գործում են բիզնեսի այս ոլորտում։

Այսպես թե այնպես, այսօր տոնավաճառները դառնում են փողոցային առեւտրի միակ օրինական եղանակը, ընդ որում շատ ավելի քաղաքակիրթ, քան տխրահռչակ սեղանիկները, որոնք այլանդակում են քաղաքի տեսքը՝ ստեղծելով նրա բնակիչների համար պրոբլեմների մի ամբողջ շարան՝ սկսյալ սանիտարահիգիենիկից մինչեւ գեղագիտական։ Ի դեպ, վաճառողների հեռացումը փողոցներից եւ մետրոպոլիտենի տարածքից դեռեւս հղի է մի վտանգով, կկարողանա՞ն արդյոք Երեւանում գործող 39 տոնավաճառները տեղավորել նրանց իրենց տարածքի վրա։ Ու թեեւ քաղաքային իշխանությունները հռչակում են տոնավաճառային առեւտրի հանդեպ իրենց բացարձակ հովանավորությունը, իրականում ամեն ինչ, պետք է կարծել, կլինի առավել դժվար, որովհետեւ տոնավաճառներում սրբազան տեղի տնօրինման համար, անշուշտ, կծավալվի դաժանագույն մրցակցային պայքար՝ դրանից բխող բոլոր հանգամանքներով։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031