«Էվրիկա՛» (գտա) բացականչողների մեջ այսօր դժվար թե գտնվեն գիտնականներ ու գյուտարարներ։ Փոխարենը՝ որքան ուզեք պրպտուն որոնումների արդյունքում փող աշխատելու հեշտ եղանակ գտնողներ:
Ահավասիկ մեկը, որն իր ընտանեկան կոոպերատիվի անունը դրել է «Էվրիկա», կնքելով եւ հորջորջելով այն «աշխատուժի տրամադրման եւ աշխատանքի տեղավորման միջնորդական ծառայություն», առաջին հերթին հետամուտ է մեծ շահույթ ձեռք բերել: «Էվրիկա» կոոպերատիվի տնօրեն, մասնագիտությամբ ֆիզիկոս Սուրեն Ադիբեկյանը իր գերնպատակին հասնելու համար մամուլում եւ ռադիոյով մի քանի անգամ գայթակղիչ հայտարարություններ տարածեց՝ «Էվրիկան առաջարկում է աշխատանքներ, աշխատավարձը 50-150 դոլար» բովանդակությամբ։ Ինչ խոսք, ցանկացողներ շատ պետք է լինեին, քանզի գայթակղությունը մեծ էր։ Բայց նույնքան մեծ էր նաեւ խաբվելու հնարավորությունը։
Ի դեպ, ինչպես բոլոր նման դեպքերում, այս անգամ եւս կային պահանջված բոլոր ատրիբուտները՝ պայմանագիր, պայմանագրական ժամկետ (որը չի կատարվում), ցանկալի աշխատանքի խոստումներ։ Քաղաքացին կոոպերատիվին նախապես անվերադարձ վճարում էր (առաջին մի քանի շաբաթը) 500 դրամ՝ խոստանալով աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի 5-10 տոկոսը եւս տրամադրել վերջինիս (զգուշացնենք, որ
դեռեւս անգո աշխատավարձի 5. 10. 15 նույնիսկ 25 կամ 35 տոկոսը խոստացող քաղաքացին արդեն իսկ «Էվրիկայի» միջոցով աշխատանք ունենալու հույսը պիտի կորցներ): Աշխատավարձի որոշակի տոկոսը, անշուշտ խոստումներով չէր գոյանալու, իսկ պարզ հաշվարկը ցույց էր տալիս, որ մեծ «կոմբինատորի» համար 500-ական դրամներից գոյացած եկամուտը չնչին բան էր լինելու, ուրեմն 500 դրամը պիտի դառնար 3000, ապա 5000 (դարձյալ անվերադարձ), իսկ հարակից մանր-մունր ծախսերը (հեռախոսով զանգելու, կոնսուլտացիայի) օրեցօր ուռճանալու էին։
Կարդացեք նաև
Հոգեբանությունից եւ մարդաբանությունից մղոններով հեռու կոոպերատիվի աշխատակիցները ընտրություն պիտի կատարեն գործատուներին պահանջված մասնագետը տրամադրելու համար։ «Ընտրություն» ասվածը «տակից» վաճառվող ապրանքի նման է: Եթե նախապես «խոսում պայմանավորվում» ես տնօրենի հետ, մի բան գուցե թե դուրս գա, հակառակ դեպքում աշխատանքի հեռավոր հույսն անգամ կորցրած՝ ստիպված ես մեկընդմիշտ հրաժեշտ տալ քո մանր ու մեծ մուծումներին։
Բավականին ներկայանալի մի հայտատու ինձ խոստովանեց, որ առաջին օրը, քանի դեռ ինքը պահանջված 3000 դրամը չէր մուծել, կոոպերատիվի աշխատակիցների համար իր անգլերենի իմացությունը «օքեյ» էր, բայց հաջորդ հանդիպումներին (հայտատուի կարծիքով՝ ավելի լավ արդյունքներ ցուցաբերած) սկսել են չհավանել, չեղած թերություններ փնտրել: Ասենք, որ կոոպերատիվը թեպետ իր «խոստումնալից» հայտարարություններում բազմիցս շեշտում է անգլերենին եւ համակարգչային տեխնիկային տիրապետելու անհրաժեշտությունը, բայց նրան ավելի ձեռնտու են այն հայտատուները, ովքեր արդեն կանխավճարը մուծելու խայծը կուլ են տվել, բայց ոչ մեկը գիտեն, ոչ էլ՝ մյուսը։
Սրանց համար կոոպերատիվը կազմակերպում է մեկուկես-երկուամսյա դասընթացներ՝ շորթելով եւս մի քանի տասնյակ դոլարներ։ Դե, իսկ աշխատանքը գուցե լինի, գուցե եւ չլինի, «Էվրիկայի» համար (տնօրենի խոստովանությամբ) կարեւորը եղել եւ մնում է շահույթ ստանալը։ Այդ «բարի» նպատակի իրականացման ճանապարհին տնօրենի հերթական քայլերից մեկը ռեկլամային թերթ ստեղծելն է, որը նրա կարծիքով, մի նոր գայթակղության քար է լինելու ազգակիցների համար։ Ավելացնենք, որ պարոն Ադիբեկյանը իր ծրագրային «թերթի» իրացման եւ մասսայականության համար պատրաստ է տպել ուզածդ հակազգային, հակապետական տեղեկատվություն, ինչպես օրինակ՝ փախստականի կարգավիճակ ստանալով, հեռու եւ մոտ արտասահման ճողոպրելու իր իմացած-փորձած եղանակները։ Էլ չենք խոսում ստահոդ ինքնագովազդի մասին։ «Էվրիկան» պատրաստ է պաշտպանելու իր հայտարարությունների աշխատանքային իրավունքները դատարանում եւ արբիտրաժում»,- հայտարարում է տնօրենը։ «Շուտով գործելու է «Էվրիկա» խանութը՝ հատուկ Էվրիկայի հայտարարությունների համար, որտեղից նրանք կարող են ձեռք բերել էժան ապրանք»…
Այսպիսով, հայտարարությունները, ինչ խոսք, հրապուրիչ են եւ կարող են «նորագիրների» հերթ գոյացնել կոոպերատիվի դռան առջեւ։ Բայց֊ դատապարտված են մնալ ընդամենը խոստումներ, որոնք օգնում են միայն «Էվրիկայի» տիրոջ նպատակների շուտափույթ իրականացմանը։
Չմոռանանք ասել, որ ցրտերի պատճառով «Էվրիկան» արդեն անցել է եռօրյա աշխատանքային գրաֆիկի։ Ամենայն հավանականությամբ «գրասենյակը մեռավ» բացականչելու ժամանակը մոտ է։
Մարդիկ, քաղաքացիները կարող են սխալվել, գայթակղվել, ի վերջո աշխատանք ձեռք բերելու փոքրիկ հույսն անգամ այսօր իր շուրջն է հավաքում աշխատանք չունեցող բազմաթիվ մարդկանց։ Զարմանքս այլ բանից է: Տնօրենի ասելով, իր կոոպերատիվի հետ պայմանագիր են կնքել մի շարք ներկայանալի կազմակերպություններ, ընդ որում, նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, «Փրկեցեք երեխաներին», «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունները։ Ունե՞ն հիշյալ կազմակերպությունները վստահության երաշխիք: Վերջինս հայտատու- միջնորդ- գործատու փոխըմբռնումն (փոխադարձ շահը) է, որը պիտի հիմնված լինի ազնիվ գործարքի վրա։ Մինչդեռ այն բացակայում է: Միջնորդ կողմը վստահաբար, չի տիրապետում ազնիվ խաղի կանոններին։ Դե, իսկ մյուս 2 կողմերի անհամաձայնության նախադեպերը, տնօրենի խոսքով, բազմաթիվ են։ Շատ հայտատուների աշխատանքի տեղավորելը-աշխատանքից հրաժարվելը մեկ շաբաթ է տեւում:
Աշխատանքի եւ սոցիալական ապահովության զբաղվածության կենտրոնը քաղաքացիներին ուղղված իր զգուշացումը արդեն արել է: Մինչ պատասխանատու իրավապահ եւ գործադիր մարմինները կհասցնեն հատքրքրվել-պարզել, թե ունի՞ արդյոք «Էվրիկա» կոոպերատիվը այն արտոնությունները, ինչ վերապահում է ինքն իրեն, մենք եւս չզլանանք կրկնել՝ «Զգուշացեք «Էվրիկայից»։
Անահիտ ԵՍԱՅԱՆ